Բաժիններ՝

«Քեմբրիջի համալսարանում Սթիվեն Հոքինգի  ծննդյան օրն ավելի մեծ իրադարձություն է, քան Նոր տարին»

Երբ թերթում ես հայտնի մարդկանց կենսագրության էջերը, կարդում, թե ինչպիսի բուհերում են սովորել, ակամայից ցանկություն է առաջանում հայտնվել այդ բուհերում, նստել նույն նստարաններին, որտեղ նրանք են նստել ու սովորել:

Այժմ դրա հնարավորությունն ունեն բոլոր նրանք, ովքեր գիտեն օտար լեզու, ուսման մեջ առաջադիմություն են ցուցաբերում, կարող են դիմել տարբեր բուհերի, գտնել համապատասխան ծրագրեր, ստանալ հավանություն բուհերից ու համապատասխանել ծրագրերի չափանիշներին, և բարձրակարգ ուսուցում ստանալու հանրավորությունն աշխարհի լավագույն բուհերում մեծանում է:

168.am-ը որոշեց գտնել աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, տեսնել, թե ինչպե՞ս են մեկնել այնտեղ, ինչպե՞ս են ապրում ու սովորում:

Ներկայացնում ենք «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքը և առաջինը ներկայացնում ենք Քեմբրիջի համալսարանում սովորող Մանե Ադամյանի պատմությունը: Մանեն ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ եվրոպագետ է, այժմ, «Չիվնինգ»-«Լույս», կրթաթոշակային ծրագրերի շնորհիվ՝ սովորում է Քեմբրիջի համալսարանի զարգացման ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրում:

Կարդացեք նաև

168.am-ը փորձեց պարզել նրանից, թե ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը Քեմբրիջի համալսարանում, ինչո՞վ են  զբաղվում, հագեցա՞ծ է  առօրյան, դասերն ինչպե՞ս են կազմակերպվում:

Մանեն նշում է, որ Քեմբրիջում ուսանողական կյանքն իսկապես շատ հագեցած է.

«Հագեցած է ոչ միայն այն պատճառով, որ դասերը շատ են, և անվերջ կարդալու կարիք կա, այլև նրա համար, որ չկա մի օր, որ բուն դասերից բացի, մի քանի հետաքրքիր ու հենց քո ոլորտին առնչվող հավելյալ դասախոսություններ չլինեն: Քեմբրիջում դասավանդում են տարբեր ոլորտների հսկաներ, ովքեր պարբերաբար հրավիրում են աշխարհի տարբեր ծայրերից մյուս հսկաներին: Այստեղ Սթիվեն Հոքինգի  ծննդյան օրն ավելի մեծ իրադարձություն է, քան Նոր տարին, և լանչից հետո դասի վազելիս՝ կարող ես պատահաբար հանդիպել, օրինակ, Բան Կի Մունին: Պետք է ասեմ նաև, որ այստեղ  դասախոսներն ու ակադեմիական ղեկավարներն են քաջալերում ուսանողներին՝ պարտադիր ժամանակ հատկացնել ժամանցին և հանգստին, սպորտով զբաղվել, որովհետև ժամանակը երբեք չի բավարարում, և,  եթե ամբողջությամբ տրվես դասերին, ապա նյարդերդ հաստատ տեղի կտան»:

Mane Adamyan, Kembridq (3)

Մանեի խոսքով՝ համալսարանի յուրաքանչյուր ուսանող կցված է համալսարանի քոլեջներից որևէ մեկին, որը պատասխանատու է իր ուսանողների  սոցիալական կյանքը հետաքրքիր կազմակերպելու համար՝ հավատարիմ մնալով դարերով պահպանված իր ավանդույթներին և սկզբունքներին.

«Քոլեջներում պարբերաբար կազմակերպվում են ավանդական ընթրիքներ, որոնք կարող են լինել թեմատիկ: Երեկոները  հիմնականում շարունակվում են քոլեջի տաղանդավոր ուսանողների կենդանի կատարումներով և պարերով:  Հատկապես ոգևորություն են առաջացնում այն ընթրիքները, որոնց մասնակցում են նաև տվյալ քոլեջին կցված ակադեմիայի պատվավոր ներկայացուցիչներ և դասախոսներ: Անկախ ուսանելու տարիների քանակից՝ Քեմբրիջի յուրաքանչյուր ուսանող կարող է մասնակցել միայն մեկ այսպիսի ընթրիքի:  Մնացածը, երևի թե, համընկնում է հիմնական ուսանողական ժամանցի հետ՝ փաբեր, կինո, թատրոն, սպորտային մրցույթներ և այլն»:

Mane (300) Mane (301) Mane (302)

Մեր հարցին՝ ի՞նչ է տալիս ուսանողին իր երկրից դուրս սովորելը, մասնագիտական առումով ի՞նչ են ստանում, որ այստեղ չկա, Մանեն պատասխանեց.

«Աշխարհի տարբեր ծայրերում ծնված, մեկ այլ տեղում մեծացած, ուրիշ տեղում սովորած կամ մի քանի տեղերում ապրած կուրսընկերներ ունեմ: Առաջին օրը, երբ բոլորս ներկայանում էինք, նույնիսկ կատակեցի այս առումով: Երբ հերթը հասավ ինձ, հպարտ ասացի՝ ես էլ այստեղ միակն եմ, ով ծնվել, մեծացել, սովորել և աշխատել է նույն երկրում՝ Հայաստանում: Դե, կարող եք արդեն պատկերացնել, թե գիտելիքի, մոտեցումների և մշակույթների ինչ բազմազանություն է թե՛ կրթական պրոցեսում, թե՛ դասից դուրս»:
Ուսման ընթացքում զգո՞ւմ եք, որ ձեր երկրում չեք, թե՞ ուսումնական պրոցեսում դա որևէ կերպ չի արտահայտվում»,- հետաքրքրվեցինք մենք:

«Ուսման ընթացքում ամեն ինչ այնքան տարբեր է, որ չզգալ հնարավոր չէ: Բայց դասերից դուրս մեկ-մեկ մոռանում եմ, տարածական զգացողությունս լրիվ կորչում է: Օրինակ, սկայպով խոսում եմ ընտանիքիս անդամների հետ, մայրս ասում է, որ հայրս Երևան է գնացել (ծնունդով Վանաձորցի եմ), ընտանիքս այնտեղ է, ասում եմ՝ հա՞, բա ե՞րբ այստեղ կլինի»,- ասաց նա:

Mane Adamyan, Kembridq (2)

Հարցին՝ հայկական բուհական համակարգից շա՞տ է տարբերվում այնտեղի համակարգը, նա պատասխանեց.

«Այո, շատ տարբեր է: Նախ, յուրաքանչյուր ֆակուլտետ բավականին ազատ է որոշելու՝ ինչը ինչպես դասավանդել, որ առարկան՝ ինչպես գնահատել, և այլն: Ավելին,  իմ ծրագիրը, օրինակ,  ուսանողին հնարավորություն է տալիս ընտրելու մի շարք առարկաներից իրեն հետաքրքրողները: Նույնիսկ հիմնական հինգ մոդուլներից պարտադիր է ընտրել միայն երկուսը:  Տարբերվում է նաև բովանդակային մասով. բոլոր հիմնական մոդուլները դասավանդում են մեկից ավելի մասնագետներ: Չնայած ունենք մեկ հիմնական դասախոս, պարբերաբար հրավիրում են այլ դասախոսների, ովքեր կոնկրետ այդ թեմայի նեղ մասնագետներն են, գրքերի ու բազմաթիվ հոդվածների հեղինակներ են: Այստեղ դասախոսները ոչ միայն տիրապետում են ոլորտի ամենաթարմ նորություններին ու ակադեմիական թեժ բանավեճերին, այլև իրենք են այդ բանավեճների ակտիվ կողմերից»:

Վերջում խնդրեցինք, որ Մանեն պատմի անելիքների մասին. երբ վերադառնա՝ ինչո՞վ է զբաղվելու, ի՞նչ նպատակներ ունի (Պարտադիր պայման է՝ «Չիվնինգ» կրթաթոշակից օգտվողը պետք է անպայման վերադառնա իր երկիր, նպաստի իր երկրի զարգացմանը):

Mane10 (1) Mane10 (2) Mane10 (3)

Mane Adamyan, Kembridq (1)

«Մտքումս տարբեր բաներ ունեմ: Երևի թե ավելի լավ գիտեմ՝ երկարաժամկետ կտրվածքով ինչ եմ ուզում անել և որտեղ ներդրում ունենալ, քան անմիջապես ծրագրի ավարտից հետո: Զարգացման տարբեր ուղղություններին առնչվող գաղափարներ են պտտվում ուղեղումս՝ աղքատության դեմ ծրագրերից՝ մինչև կրթության զարգացման հնարավոր ռազմավարություն: Այնուամենայնիվ, մինչ այդ շատ անելիքներ կան՝ մտածելու և գաղափարները հղկելու կարիք կա: Այստեղ ժամանակը չի ներում այդ պլանների մասին մտածել այնքան, որքան անհրաժեշտ է»,- խոսքն ավարտեց Մանեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս