ԿԳ-ն ներկայացրել է Հանրապետության լավագույն դպրոցները՝ ըստ վարկանիշավորման
ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը: Այսօր հրապարակվել են ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով` վերջին տարիների ընթացքում վարկանիշավորման համակարգը վերամշակվել է` ելնելով մեր երկրում ամենամեծ կիրառություն ունեցող չափանիշներից` դրանք հարմարեցնելով նաև միջազգային ստանդարտներին:
«Այս համակարգի արդյունքները պետք է քննարկել, և հատկապես մասնագիտական տիրույթում այդ ալիքը նախ պետք է ուղղել սեփական ուսհաստատության թույլ կողմերի քննարկմանը, նոր անդրադառնալ մեթոդաբանությանը: Վարկանիշավորման համակարգը թույլ է տալիս բացահայտել հաստատության ուժեղ և թույլ կողմերը, հարաբերական առավելությունները և ստեղծել խնդիրների շտկման յուրահատուկ պլան: Հետնապահ դպրոցներին նախարարությունը, իհարկե, լրացուցիչ բովանդակային օժանդակություն կտրամադրի»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վարկանիշավորման հիմնական ցուցանիշները չափելի, են և սուբյեկտիվությունը նվազագույնի է հասցված:
«Խնդիրը պարզ է` հասարակությանը տրամադրել այս պահին մեր դպրոցների գործունեության չափման ամենաօբյեկտիվ համակարգի մասին տեղեկատվություն: Իհարկե, մենք պատրաստ ենք այն կատարելագործել, որովհետև նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ. իրականում խնդիրը դրված է ախտորոշման և բացահայտման մեջ»,-նշել է նախարարը` ուրախությամբ փաստելով, որ բացի մայրաքաղաքային դպրոցներից, առաջատարների թվում են նաև մարզային դպրոցները. դրանք հիմնականում ՀՀ Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզերից են: «Ավանդաբար ասում են` կրթության որակի առաջատարները կուտակվել են մայրաքաղաքում, սակայն այս համակարգից պարզ է դառնում, որ իրենց արժանի տեղն են գտել նաև մարզային դպրոցները: Այսինքն` ստեղծվել է կրթական ծառայությունների հնարավորինս հավասար մատուցման դաշտ»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ ըստ վարկանիշավորման արդյունքների` քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցներն են` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կթհ. հմ/դ, Գյումրու Բայրոնի անվ. թիվ 20 հմ/դ և Երևանի Մ.Մանուշյանի անվ. թիվ 48 հմ/դ: Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցներն են` Գորիսի Ա.Բակունցի անվ. թիվ 1 ա/դ, Մարալիկի թիվ 1 մ/դ և Վանաձորի Ա.Խլղաթյանի անվ. թիվ 18 մ/դ: Գյուղական մեծ և միջին հիմնական դպրոցներն են` Գառնու Բանավանի հմ/դ, Ախուրյանի թիվ 1 հմ/դ և Վարդենիկի Ա.Օհանյանի անվ. թիվ 2 հմ/դ: Գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցներն են` Սուրենավանի մ/դ, Շինուհայրի մ/դ և Լեռնանցքի մ/դ: Քաղաքային և գյուղական փոքր հիմնական դպրոցներն են` Լճկաձորի հմ/դ, Չկալովի հմ/դ և Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվ. թիվ 26 հմ/դ: Քաղաքային և գյուղական փոքր միջնակարգ դպրոցներն են` Ղուրսալու մ/դ, Թեղուտի մ/դ և Բենիամինի մ/դ:
2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014 թթ.-ին իրականացված փորձարկման և դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում:
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները` դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով`
ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական,
բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական,
գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան,
դ/ ըստ սովորողների թվի – մեծ, միջին և փոքր:
ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով:
Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:
Ինչպես և փորձնական վարկանիշավորման առաջին երկու տարում, վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները նույնպես ներկայացվել են արդեն գործող առանձին http://schoolrate.armedu.am ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով: