«Մենք երբեմն լռում ենք, փորձում կեղտը ձյան տակ թաքցնել . Մենք այդ հիվանդության մասին գիտեինք աշնանը, գիտեինք՝ կոնկրետ ֆերմաներում որքան անասուն է սատկել»
«Գյուղատնտեսության ոլորտին երկիր մտած վարկերի ընդամենը 8%-ն է ուղղվել, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի 20%-ն է կազմում: Գոնե վարկերի 20%-ը տայինք այս ոլորտին: Սա միակ ոլորտն է, որ տնտեսական աճ է ապահովում արդեն: Հանցավոր է նման քիչ գումարներ ներդնել գյուղատնտեսության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ հավելելով, որ վարկերի 92%-ն ուղղվել է այլ ոլորտների, որոնք նման արդյունքներ չեն գրանցել.
«Վերամշակող ընկերություններին պետք է էժան կամ անվճար վարկեր տրամադրել: Նրանք սոցվճարներով, հարկերով, աշխատատեղերով այդ ամեն ինչը կփակեն: Ընդհանուր օգուտն ավելի շատ կլինի: 8%-ը տվել ենք գյուղատնտեսությանը, մնացածը չգիտեմ՝ ինչ ենք արել: 3 հատ ճանապարհ ենք ասֆալտել, որը ձմռան անցնելու հետ կքանդվի»:
Մենք երբեմն լռում ենք, փորձում կեղտը ձյան տակ թաքցնել, որից հետո ավելի թանկ ենք վճարում դրա համար: Մենք այդ հիվանդության մասին գիտեինք աշնանը, գիտեինք՝ կոնկրետ ֆերմաներում որքան անասուն է սատկել: Եկավ-հասավ նրան, որ թեկուզ մեկ-երկու վարակված անասունի մսից իմացան, ու փակեցին որոշ տեսակների մթերքների արտահանումը Ռուսաստան: Եթե դրա մասին բարձրաձայնեինք ու կանխարգելիչ միջոցառումներ անեինք աշնանը, միգուցե նման վիճակ չունենայինք»:
Շարունակելով գործընկերոջը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ եթե կա դաբաղ, ուրեմն կա ուշադրության պակաս. «Դաբաղն այն հիվանդությունն է, որը կարելի էր շատ արագ կանխել ու սահմանափակումները վերացնել: Դաբաղը միշտ եղել է, մարդկանց վրա չի ազդում: Դրա հնչեղությունը համաչափ չէր եղածին: Ես դրա մեջ տեսնում եմ քաղաքական էլեմենտներ, փակագծերը չեմ կարող բացել, որովհետև չեմ կարող հիմնավորել: Ես տեսնում եմ բաներ, որոնք դաբաղի հետ կապված չեն»:
Նա նշեց, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը քիչ է ենթարկվում տնտեսագիտական օրինաչափություններին. «Գյուղատնտեսության վրա մեծ ներդրումներ պետք է կատարվեն: Բայց գյուղացին վարկը վերցնում է, արդյունք չի ստանում կամ ստանում է, չի կարողանում իրացնի և մնում է վարկի տակ: Սրանք անհատական վարկեր են, որոնք արդյունավետ չեն, քանի որ ռիսկային են»:
Նրա կարծիքով՝ մեր գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բարձր է՝ համեմատած այլ երկրների հետ, իսկ որակն էլ կամաց-կամաց ցածրանում է. «Մեր արտադրանքը մրցունակ չէ դրսում և ներսում: Խորքային խնդիրներ պետք է լուծենք, որպեսզի գյուղատնտեսությունը ռելսերի վրա դնենք»: