Բաժիններ՝

Ֆեյսբուքը 12 տարեկան է. այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման օրն է

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Հանդիպման թեման սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցության, Հայաստանում սոցցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների, երեխաների առցանց պաշտպանության հարցերն էին:

«Երբ Էլվին Թոփլերը գրեց «Ապագայի հարված» գիրքն ու նկարագրեց այնտեղ, թե ինչի ենք մենք հասնելու , որ ունենալու ենք համամարդկային մի մեծ տեխնոլոգիական ընտանիք, այն ժամանակ այս գաղափարը մեծ կասկածների տակ դրվեց: Հիմա արդեն դա ռեալ իրականություն է, քանի որ 1.5 մլն մարդ ակտիվորեն օգտվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցից: Սա դեռ միայն այդ ցանցի տվյալներն են, իսկ երբ գումարում ենք մյուս ցանցերի ցուցանիշները, դա մի պատկառելի գումար է կազմում՝ հասնելով մոտավոր 4 մլրդ-ի»,- սկսեց իր խոսքը սոցիոլոգ տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօրվա տվյալներով՝ Հայաստանում թիվ մեկ առաջատար է մնում է Օդնոկլասսնիկի սոցիալական ցանցը. «Բոլորը հավաստիացնում են, թե չեն օգտվում այդ սոցիալական ցանցի ծառայությունից, բայց չգիտես ինչպես՝ վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցն իր դիրքերը զիջում է Օդնոկլասսնիկիին: Թեև պարզ երևում է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծողներն անում են ամեն ինչ, որպեսզի, այսպես ասած՝ պահեն իրենց օգտատերերին: Այս պարագայում կարելի է ասել, որ մենք գործ ունենք մենաշնորհային գիգանտի հետ: Այս ուղղությամբ Ֆեյսբուքը լուրջ քայլեր է ձեռնարկել աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների հետ նոր համագործակցության հիմք դնելով»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցը միակն է աշխարհում ամենամեծ թվով լուսանկարների ներբեռնման ցուցանիշներով, իսկ ահա Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս տվյալները բավարար չեն թվացել, և հիմա այս ցանցն ակտիվ պայքար է մղում youtube ցանցի հետ՝ տեսանյութերի հարթակում ևս առաջատար դիրքեր գրավելու համար: Սամվել Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի քաղաքացիական ակտիվ հարթակի ձևավորման խնդրին. «Ֆեյսբուքի օրական այցելությունների թիվը Հայաստանում 560 հազարի է հասնում, իսկ սկսյալ 2010 թվականից, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջ ծավալված քաղաքացիական շարժման օրերից կարելի է ասել, որ այս ցանցը դարձավ նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումների հարթակ: Ես չեմ ուզում հիմա հերթով թվարկել այն բոլոր քաղաքացիական շարժումները, որի ընթացքում Ֆեյսբուքը նույնիսկ վճռորոշ դերակատարություն ունեցավ»:

Կարդացեք նաև

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այս առումով լիովին համաձայն է նախորդ բանախոսի հայտնած տեսակետի հետ. «Ֆեյսբուքը դարձել է մեր իրողության հայելին, և այն ամենը, ինչ կա մեր իրականության մեջ, կարելի է գտնել նաև այս ցանցում: Սա և´ լավ, և´ վատ առումներով ցուցանիշ է, և պատահական չեն այն հորդորները, որով կոչ է արվում հեռու պահել անչափահասների մուտքն այս ցանց: Նրանք այստեղ կարող են գտնել՝ ինչ ասես»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս