Ռուսական պատժամիջոցներն ազդել են նաև պանրագործության վրա

Հայաստանից Ռուսաստան դաբաղ հիվանդության պատճառով որոշ մթերքների ներմուծման արգելքը հարվածել է նաև պանրագործներին: Թեև արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին, այնուամենայնիվ, պանրի արտահանում Ռուսաստան նույնպես չի իրականացվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների ասոցիացիայի նախագահ Արմեն Գիգոյանը:

«Սննդի անվտանգության տեսչության կողմից դաբաղի հետ կապված հայտարարված ժամանակավոր սառեցումներից հետո իրավիճակը նույնն է, նորություն չունենք: Դեռ ոչ մեկը չի արտահանել, որ հայտնի լինի իրավիճակը»,- ասաց Ա. Գիգոյանը:

Թե ե՞րբ կփոխվի իրավիճակը, կամ ինչպիսի՞ն կլինի տարին պանիր արտահանողների համար, Ա. Գիգոյանը դժվարացավ նշել. «Ոչ մի կանխատեսում չի կարող մոտ լինել իրականությանը, քանի դեռ Ռուսաստանի տնտեսությունը ցնցումների մեջ է: Այնտեղ զարգացումներն այնպես են ընթանում, որ գները չեն կարողանում ադապտացվել նոր պայմաններին: Անցումային պահ է, և դժվար է կանխատեսել»:

Ռուսական շուկայից բացի, մնացած այլ ուղղություններով արտահանումները, Ա. Գիգոյանի գնահատմամբ, արժեքավոր չեն. «Միակ արժեք ունեցող շուկան Ռուսաստանն է, մի քիչ Վրաստան է գնում, մի քիչ՝ ԱՄՆ, բայց դրանք քանակ չեն ապահովում»:

Իրան արտահանելու հնարավորությունը նույնպես փոքր է: Ըստ Ա. Գիգորյանի՝ երկար ժամանակ փորձել են աշխատել, շատ լավ պոտենցիալ ունեցող շուկա է, բայց այնտեղ պանրագործությունը նույնպես զարգացած է, շուկան ինքնաբավ է, դեֆիցիտ չունեն. «Իրենց սպեցիֆիկ պանիրները մի քիչ նման են մեր աղաջրային պանիրներին, կան նաև պինդ պանիրներ: Իրանը նաև պաշտպանում է իր տեղական արտադրությունը: Հատուկ շահագրգռվածություն այնտեղ չկա, բայց եթե նոր, յուրահատուկ արտադրանք առաջարկենք, բարձր որակով կաթից պատրաստված պանիրներ, կարող է որոշակի նիշա գրավենք իրանական շուկայում: Ամեն դեպքում շուկան պոտենցիալ ունի, բայց առայժմ գործնական առաջարկներ չեն տարվում»:

Տեսանյութեր

Լրահոս