Անշարժ գույքի շուկայում ճգնաժամը խորանում է
Անցած տարին տնտեսական աճով փակելու հայ վիճակագիրների ջանքերը «ջուրն են ընկել» անշարժ գույքի շուկայի մասով։ Հայաստանի անշարժ գույքի շուկան վերակենդանացման նշաններ ցույց չի տալիս, հակառակը՝ այս ոլորտում ճգնաժամը խորանում է։ Այս եզրահանգմանն ենք գալիս՝ ուսումնասիրելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած 2015 թ. ցուցանիշները։ Եթե դեռ 2014-ին պաշտոնական վիճակագրությունն անշարժ գույքի շուկայում որոշակի աճ էր ներկայացրել, ապա 2015թ. բոլոր ցուցանիշներով անկում է արձանագրվել։
Երևանում, որտեղ կենտրոնացած է անշարժ գույքի գործարքների 34.4%-ը, և որը կարելի է համարել հիմնական թելադրող, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2015թ.՝ 2014թ. համեմատ, նվազել է 4.3%-ով։ Երևանյան բնակարանների նկատմամբ պահանջարկն ընկել է 15.2%-ով։ Թեև պաշտոնական տվյալներով՝ 2015 թ. բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2014 թ. համեմատ աճել են, սակայն այդ աճն աննշան է՝ ընդամենը 0.2%։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բնակարանների առքուվաճառքը հիմնականում իրականացվում է ամերիկյան դոլարով, ապա դրամային արտահայտությամբ այս աճը վերածվում է անկման։
Մեկ տարվա ընթացքում դոլարը բավականին թանկացել է։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ արժութային շուկայում 2015թ. դեկտեմբերին 1 ԱՄՆ դոլարի ձևավորված միջին փոխարժեքը եղել է 482.93, մինչդեռ 2014թ. դեկտեմբերին այն 463.53 դրամ էր։
Եթե Կադաստրի դրամային տվյալները վերածենք դոլարայինի, ապա ստացվում է, որ, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանների իրական գինը 2015թ. եղել է մոտ 886 դոլար, մինչդեռ 2014թ. կազմել է մոտ 923 դոլար, չնայած դրամային արտահայտությամբ այն բոլորովին չի փոխվել և թե՛ անցած, թե՛ նախորդ տարի եղել է 428000 դրամ՝ 1 քմ-ն։ Այսինքն՝ Կենտրոնի բնակարանները ոչ թե 0.2%-ով թանկացել են, այլ գրեթե 4.2%-ով էժանացել։
Գրեթե նույն պատկերն է ստացվում Երևանի ընդհանուր գները հաշվարկելիս։
Մարզերում անշարժ գույքի շուկայում իրավիճակն ավելի վատթար է. բնակարանների վաճառքն ընկել է 14.8%-ով, իսկ գների առումով կրկին դրամային 0.2% աճն իրականում դոլարային մոտ 4% անկում է։ Անհատական բնակելի տների առումով վիճակն ավելի անմխիթար է։
Երևանում դրանց վաճառքն ընկել է 8.2%-ով, մարզերում՝ 20.9%-ով։
«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ ոլորտի անկումն անհերքելի է.
«Պահանջարկի անկում կա ընդհանուր առմամբ, որովհետև, որպեսզի առողջացում գնա, բավականին լուրջ մոտեցում է պահանջվում, մասնավորապես՝ բանկային համակարգում, ֆինանսական շուկայում, հիպոթեքի պայմանների արմատական փոփոխություն է պետք, մինչդեռ բացարձակ ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ։ Այսինքն՝ նպաստող գործոններից բանկային համակարգն այս մասով չի մասնակցում, հարկային մասով նույնպես ոչ մի արմատական բան չկա կառուցապատման ոլորտում, ինչ-որ նորարարություն, մտքի կիրառում չկա, այսինքն՝ ստանդարտ մեխանիզմներն են աշխատում։ Իսկ այդ ստանդարտ մեխանիզմներով պահանջարկի անկման այս տեմպերի պայմաններում դրական աճ արձանագրելու հնարավորություն չկա»։
Ըստ Հ. Բաղդասարյանի՝ քանի որ թանկացում ունենք էլեկտրաէներգիայի, գազի և մյուս բոլոր էներգակիրների մասով, որոնք առնչություն ունեն կառուցապատման ոլորտի հետ, շինանյութերի առումով նույնպես գների բարձրացում կա, որը նույնպես միանշանակ խանգարող գործոն է, որովհետև շինանյութի գների վրա ազդող գործոնները փոխկապակցված ձևով ազդում են արտադրության, ծախսերի, հետագա սպասարկման վրա, այսինքն՝ նույնպես բավականին խնդիրներ առաջացնող էլեմենտներ են այդ ամենը։ Նա նշեց, որ փոփոխություն չկա նաև աշխատուժի մեջ։
Հ. Բաղդասարյանը բացառեց, որ անցած տարի գրանցված 3.1% տնտեսական ակտիվությունը կազդի անշարժ գույքի շուկայի ոլորտի վրա։ Նրա խոսքով՝ հարկային օրենսդրական մասով այլ կարգի մոտեցումներ են պահանջվում, մասնավորապես՝ կառուցապատման ոլորտը չհարկվի, այլ վերջնական արտադրանքը հարկվի. «Բայց մեզ մոտ մասնատված է, ամեն մի քայլ հարկվում է։ Իսկ որպեսզի խրախուսվեն ներդրումները, խրախուսվի կառուցապատման ծավալների ավելացումը, այդ բոլորը փոխկապակցված է և միաժամանակ պետք է արվի՝ և՛ բանկային համակարգի, և՛ օրենսդրական մի քանի նախաձեռնություններ պետք է արվեն, որ համալիր մոտեցում ցուցաբերվի»։
Հարցին՝ ի՞նչ է սպասվում անշարժ գույքի շուկային այս տարի, Հ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ցանկացած պարագայում կարելի է լուծումներ գտնել։
«Բնականաբար, ամենավատ պայմաններում էլ հնարավոր է խելացի կառավարման միջոցով լուրջ արդյունք արձանագրել, որովհետև աշխարհում այդ կարգի շատ մասնագիտություններ կան, օրինակ՝ ճգնաժամային մենեջերներ, որոնք նույնիսկ ամենավատ վիճակից հաջող ելքեր են գտնում և զարգացում ապահովում։ Նույնը ես կասեի, որ դա կախված է, թե ինչ կարգի կառավարման տեխնոլոգիաներ ու գործիքներ կօգտագործվեն, որպեսզի առողջացվի մասնավորապես անշարժ գույքի շուկան»,- ասաց կորպորացիայի նախագահը։