Իրանը կպայմանավորվի Ադրբեջանի հետ Ղարաբաղի անկախության ճանաչման շուրջ

«168 Ժամի» զրուցակիցն է ռուս վերլուծաբան, REX լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հավակնում է մասնակցել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Օրերս Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտությունում։ Շատ է քննարկվում՝ ի՞նչ ձևաչափով կարող է Իրանը միջնորդական առաքելություն իրականացնել։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։

– Այսօր Իրանը շատ բանի կարող է հավակնել, և դա բնական է։ Իրանն էյֆորիայի մեջ է, քանի որ դուրս է եկել միջազգային մեկուսացումից, որից հետո փորձում է իրեն դրսևորել գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Սակայն կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային հարթակն է, միակ ուղղությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Քանի որ Իրանը փորձում է իրեն դիրքավորել գլոբալ քաղաքականության մեջ, կարող է նույնիսկ հայտարարել, որ Հարավարևելյան Ասիայում է հանդես գալու՝ որպես միջնորդ։

Իրանական դիվանագիտությունն էյֆորիայի մեջ է, քանի որ Ռոհանին իրար ետևից միջազգային այցեր է ունենում Իտալիա, Ֆրանսիա, որտեղ ստորագրում է բազմամիլիոնանոց պայմանագրեր։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ղարաբաղը նուրբ մատերիա է, Իրանն աջակցել է Հայաստանին, եղել է հնարավորությունների միջանցք Հայաստանի համար։ Եթե Իրանն իրեն դիրքավորում է՝ որպես միջնորդ, ապա փակում է Թուրքիայի միջնորդական ջանքերի հնարավորությունը, իսկ Ադրբեջանը ջանում է, որպեսզի Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցի Գերմանիան կամ Թուրքիան։ Սա հստակ աշխարհաքաղաքական խաղ է։ Խոսքն այս պահին տակտիկական քայլի մասին է, որով Իրանը ցանկանում է Թուրքիային դուրս բերել Հարավային Կովկասից։

– Ռուսաստանը կարծես ևս չի անտեսել Իրանի այս հայտարարությունը, որից անմիջապես հետո Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց հանդիպմանը քննարկել էին նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։ Ռուսաստանն ինչպե՞ս կարող է արձագանքել Իրանի այս հավակնություններին։

– Գիտեք՝ Իրանը ՇՀԿ-ի լիարժեք անդամ է պատրաստվում դառնալ, Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կոալիցիայի պայմաններում է աշխատում, Իրանն աշխատում է Ռուսաստանի հետ կոալիցիայով՝ սիրիական հակամարտությունում, Իրանը չի վարի հակառուսական քաղաքականություն՝ հաշվի առնելով մի քանի գործոններ։ Առաջինը՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը ԵՏՄ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և Հայաստանը ներկայիս իրավիճակում հնարավորություն է Իրանի համար, քանի որ Իրանը նոր-նոր է քաղաքականապես և տնտեսապես բացվում աշխարհի համար։

Մենք չենք ընդդիմանում Իրանի մասնակցությանը։ Հետևում եմ ադրբեջանական մամուլին, որտեղ ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ Իրանը ԼՂ-ում Ադրբեջանի օգտին է խաղալու, սակայն դա այդպես չէ, քանի որ ադրբեջանական կողմից Իրանի հասցեին անընդհատ սպառնալիքներ են հնչեցվել, և հարաբերությունները, չնայած դիվանագիտությանը, եղել են լարված։ Ուստի այստեղ, կարծում եմ՝ այսպիսի սցենար է հնարավոր՝ Իրանն օգտագործելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությունը՝ որպես խաղաթուղթ, Իրանն իր դիտանկյունի տակ է պահելու Ղարաբաղը, բայց եթե խոսենք լուրջ աշխարհաքաղաքական հեռանկարների մասին, ապա Հայաստանի համար Իրանից սպառնալիքներ չեն սպասվում, քանի որ խոսքը միայն Իրան-Հայաստան իրական կոմունիկացիոն ծրագրերի մասին կարող է լինել, որոնք Իրանը փորձելու է զարգացնել, քանի որ շատ են ներկայումս հայտարարում՝ նավթը՝ այս երկիր, գազը՝ մեկ այլ, տարանցման տարբերակներ՝ Ադրբեջանով կամ Հայաստանով-Վրաստանով, այս ամենն ասվում է, բայց Իրանը պրագմատիկ քաղաքականություն է վարելու։

Հարցն այլ է՝ ինչպե՞ս վերաբերվել Իրանին։ Շատ զգույշ, քանի որ Ռուսաստանն օժանդակել է Իրանին պատժամիջոցների չեղարկման ճանապարհին՝ ամերիկացիների հետ միասին։ Պետք է տեսնել, թե արդյո՞ք կա ռուս-ամերիկյան համագործակցություն Հարավային Կովկասում՝ Ղարաբաղի հարցում ևս։ Ինձ թվում է, որ զարգացումները տանում են այն ուղղությամբ, որ Ադրբեջանը, ցավոք սրտի, կորցնում է Ղարաբաղը վերջնականորեն։

– Այնուամենայնիվ այդ միջնորդական առաքելությունն ի՞նչ ձևաչափ կարող է ունենալ։

– Շատ լուրջ ընթացակարգային հարցեր կան։ Եթե Իրանը հավակնի ՄԽ աշխատանքներին մասնակցել, ապա, օրինակ, Թուրքիան ավելի հեշտությամբ դա կարող է անել՝ դառնալով համանախագահ երկիր, Թուրքիան ունի այդ հնարավորությունը, սա իրավական փաստ է, իսկ Իրանը՝ ոչ, քանի որ եվրոպական ինստիտուտների մաս չի կազմում։ Երբ Իրանը խոսում է միջնորդական առաքելության մասին, ապա խոսում է իր հավակնությունների մասին այս տարածաշրջանում, իր իրավունքի մասին՝ մասնակցելու այս տարածաշրջանում առկա գործընթացներին։ Նա վերադառնում է 19-րդ դարին, երբ երևանյան, ղարաբաղյան խանությունները Պարսկական կայսրության մաս էին կազմում։ Սա, չեմ ուզում ասել, որ հեռանկարային քայլ չէ Իրանի կողմից, հեռանկարային է, պարզապես կան շատ նրբություններ։ Չեմ տեսնում սպառնալիք Հայաստանի և Ղարաբաղի ուղղությամբ։

– Սա նշանակում է, որ Իրանը պետք է ՄԽ-ից անկախ քայլեր ձեռնարկի, ինչպես 1992-ին, երբ ՄԽ-ն նոր էր ձևավորվում, և Թեհրանն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում նախաձեռնեց։ Այսօր նման նախաձեռնություններն էլ ավելի չե՞ն բարդացնի իրավիճակը։

– Բացառել ոչինչ հնարավոր չէ, գուցե լինեն նման նախաձեռնություններ։ Դուք պարզապես պետք է մեկ բան հասկանաք, որ այն պահից հետո, երբ Իրանը նման քայլեր է ձեռնարկել, որոնց մասին խոսում եք, իրավիճակ է փոխվել տարածաշրջանում՝ Հայաստանն այլևս ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը ԵՏՄ անդամ է, հայ-իրանական սահմանը ոչ միայն ազգային սահման է, դա Իրան-ԵՏՄ սահման է, դա որակապես այլ բնութագրություն է, որին հայաստանյան քաղաքագետներն ուշադրություն չեն դարձնում։ Ամեն ինչ փոխվում է։ Իրանը, որը լուրջ կառույցների մաս է այսօր ցանկանում դառնալ, հաշվի է նստելու այդ գործոնի հետ։ Իմ կանխատեսումը հետևյալն է՝ Իրանը ֆիքսելու է ստատուս-քվոն, Իրանը պայմանավորվելու է Ադրբեջանի հետ ԼՂ անկախության ճանաչման տարբերակի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս