Ֆրանսահայությունը խիստ պահանջ է դրել Ֆրանսուա Օլանդի առջև
Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում հունվարի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ավանդական ընթրիքը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանի, Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանի և այլ ականավոր ֆրանսահայ գործիչների մասնակցությամբ: Ֆրանսուա Օլանդն ամենամյա ուղերձով է հանդես եկել ընթրիքին` խոսելով հայ-ֆրանսիական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ:
Մասնավորապես, նա անդրադարձել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախապատրաստման աշխատանքներին և ասել, որ գիտի, թե ինչպիսի դժգոհություններ է առաջացրել 2012-ին ներկայացված օրենքի չընդունումը, որը, նրա խոսքով, հնարավոր է` ներկայացվել էր հապճեպ, ինչի հետևանքով էլ առաջացրել էին սահմանադրականության հետ կապված խնդիրներ: Միաժամանակ, Օլանդը կարևորել է նոր օրենքի անվերապահ սահմանադրականությունը, քանի որ, եթե այն բողոքարկեն ՄԻԵԴ-ում, «ապա դա կլինի սարսափելի պարտություն Ֆրանսիայի համար և Հայ դատի ուրացում»:
Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ վերսկսվել են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատրաստման շուրջ քննարկումները` նշելով, որ դրա պատրաստումը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային:
«Ես հորդորել եմ Ժան Պոլ Կոստային, ով մեր լավագույն իրավաբաններից մեկն է, որպեսզի մեր օրենսդրության մեջ գտնի որևէ ծանրակշիռ ճանապարհ, որն անվիճելիորեն կպաշտպանի Հայոց ցեղասպանության հիշողությունը»,– հայտարարել է Ֆրանսուա Օլանդը: Վերջինս նաև վստահեցրել է, որ Ժան Պոլ Կոստան կարճ ժամանակահատվածում կփորձի գտնել երաշխիքներ, որպեսզի օրենքի հետ կապված իրավական որևէ խնդիր չլինի, ինչպես նախկինում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը դեմ էր արտահայտվել Ազգային ժողովի և Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին` այն հակասահմանադրական որակելով: Ի դեպ, Ֆրանսիայի Սենատը 2012 թ. հունվարի 23-ին ձայների 127 «կողմ», 86 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում նաև՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը, որը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման համաձայն՝ օրինագիծը խախտում էր երկրի սահմանադրությամբ ապահովվող արտահայտման և խոսքի ազատությունը:
Թեև օրինագծի ընդունումը Թուրքիայում վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել, Ֆրանսուա Օլանդն այնուամենայնիվ խոստացել էր նոր օրինագիծ պատրաստել, որն իրավականորեն ամուր հիմքեր կունենա: Սակայն նման օրինագծի նախապատրաստական աշխատանքների մասին է խոսվում միայն մի քանի տարի անց:
«168 Ժամի» հետ զրույցում Փարիզի հայկական «Այբ FM» ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը, ով մասնակցել է Ֆրանսուա Օլանդի հետ ընթրիքին, պարզաբանեց, թե ինչու երկարաձգվեց օրինագծի մշակումը, և ի՞նչ երաշխիքներ կան, որ այս խոստումից հետո օրինագիծը կպատրաստվի, երբ պնդումներ կան, որ նման հայտարարությունները միայն քաղաքական նպատակներ են հետապնդում: Վարդան Գաբրիելյանն ասաց, որ քաղաքական գործիչների հետ խոսել և նրանց քայլերում քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակ չտեսնելը, թերևս, միամտություն կլինի:
Սակայն նա հիշեցրեց Ֆրանսիայի նախագահի անցած ուղին, որում իր բացառիկ տեղն ունի բարեկամությունը ֆրանսահայության հետ: Գաբրիելյանի վստահեցմամբ` Օլանդի կապը հայության հետ միայն այս օրինագծի գաղափարով չի սահմանափակվում: «Նա 1998թ., 2001թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մեծ դերակատարություն է ունեցել, Սահմանադրական խորհրդի կողմից մերժված Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի առաջին աջակիցներից էր խորհրդարանում, երբ Սարկոզին նման առաջարկով հանդես եկավ: Լինելով Ֆրանսիայի ընդդիմության գլխավոր դեմքը, Օլանդն այդ հարցում համակերպվեց Սարկոզիի հետ և գործընթացը տարավ՝ մինչև Սահմանադրական խորհուրդը մերժեց այն: Ավելին, Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ին աշխարհի հզոր պետությունների նախագահներից երկրորդն էր, ով առանց հրավերի ինքնակամ մեկնեց ՀՀ, և սա շատ մեծ խորհրդանշական գործողություն էր Ցեղասպանության հարյուրամյակին:
ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի դատը Փերինչեքի դեմ ունեցավ Ֆրանսիայի աջակցությունը, Ֆրանսիան միակ պետությունն էր, որը նեցուկ կանգնեց Հայաստանին և Շվեյցարիային: Հատկապես այս օրենքի ծրագրավորման մեջ Օլանդի անձնական ներդրումը բացառիկ է նույնիսկ նախքան նախագահ դառնալը: Պետք է հաշվի առնել, սակայն, որ նախորդ օրինագիծը մերժվել է Սահմանադրական խորհրդի կողմից, ՄԻԵԴ-ում Փերինչեքի հարցով պարտությունը բարդացնում է նման նոր օրինագծի մուտքը քաղաքական օրակարգ: Այնուամենայնիվ, ֆրանսահայությունը` չնայած դժվարություններին, լինի դրանք քաղաքական թե օրենսդրական, ունի հստակ պահանջ նույնիսկ այն մարդու նկատմամբ, ով հայ ժողովրդի իրական բարեկամն է:
Այս օրենքը մինչ իր նախագահության ավարտը (խոսքն այս տարվա մասին է) պետք է անպայման քվեարկության բերվի: Սա նախագահի պարտականությունն է, պետք է գտնվեն օրենսդրական այնպիսի եզրեր, ձևակերպումներ, մոտեցումներ, որոնք մերժելի չդառնան Սահմանադրական դատարանի կողմից: Հայությունը խիստ կերպով է պահանջ դրել` ֆրանսահայության համար անհասկանալի կլինի, եթե Ֆրանսուա Օլանդն իր խոստումը չկատարի»,- մեկնաբանեց Վ. Գաբրիելյանը:
Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ հույսեր կան, որ օրինագիծը կպատրաստվի և կընդունվի, Վարդան Գաբրիելյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ պետք է ոչ թե հույսեր կապել, այլ գործողությունների մասին խոսել: Վ. Գաբրիելյանը հիշեցրեց Օլանդի խոսքերը, համաձայն որի՝ Ժան Պոլ Կոստային, ով Ֆրանսիայի մեծագույն իրավագետներից մեկն է, հանձնարարվել է, հիմնվելով Ֆրանսիայի Օրենսդրության վրա, գտնել այնպիսի մոտեցումներ, իրավական բովանդակություն, որը մերժելի չդառնա, և պահանջ է դրվել, որ շատ արագ կազմվի օրինագիծը: «Օլանդն ինքն ասաց, որ պետք չէ խոստումների լեզվով խոսել: Խոսենք անելիքների մասին»,- նշեց Գաբրիելյանը:
Վարդան Գաբրիելյանի խոսքով՝ օրինագծի նախապատրաստումը շատ ձգձգվեց, ինչն էլ արժանացավ ֆրանսահայության վրդովմունքին: «Օլանդը պետք է հիմա արագ և հստակ քայլերով նախաձեռնի և շոշափելի արդյունք տա: Մենք սպասում էինք, որ օրինագիծը պետք է հաստատվի իր նախագահության առաջին տարվա ընթացքում, սակայն դա տեղի չունեցավ, այդ հույսերը, որ կային, չիրականացան, այդ պատճառով հիմա ասում ենք, որ հույսերով չենք առաջնորդվում, այլ՝ քայլերով, և այդ քայլերից մեկը մոտ ժամանակաշրջանում Ժան Պոլ Կոստայի կողմից նոր օրինագծի նախապատրաստումն է»,- ասաց Գաբրիելյանը: