Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ճիշտ քայլ էր
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ քայլ էր. «Հայաստանի անդամակցության առաջին տարում եվրասիական ինտեգրման գործընթացը զուգակցվել է աննպաստ գլոբալ ու տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործընթացներով: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացել է արգելամիջոցների պատերազմ, որը կրել է քաղաքակրթական բախման բնույթ: Արևմուտքի և Ռուսաստանի միջև այդ քաղաքակրթական բախման լոկալ դրսևորումներն են եղել զարգացումներն Ուկրաինայում, իսկ տարվա կեսից սկսած՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքում ԻՊ-ի դեմ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի իրականացրած գործողությունները: Տարին եղել է ծայրահեղ աննպաստ՝ վառելիք արտահանող և հումքային ռեսուրսներ արտահանող երկրների համար, որովհետև տարվա ընթացքում այդ ռեսուրսների գներն էապես նվազել են»:
Ըստ նրա՝ չնայած այս աննպաստ գլոբալ դրսևորումներին, որոնց արդյունքը, փորձագետի կարծիքով՝ եղել է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում որոշ թվական տվյալների անկումը, ԵՏՄ անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության մեջ նկատված առանձին գծերը, տարին ՀՀ-ի համար եղել է դրական. «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով 2015թ. Հայաստանը ստացել է 150 մլն դոլար ներդրումային վարկ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության համար: Հայաստանին հատկացվել է նաև 40 մլն դոլար ներդրումային վարկ՝ ոռոգման համակարգերի արդիականացման համար: Տնտեսական կայունության աջակցմանն ուղղված բարեփոխումների եռամսյա ծրագրի իրականացման համար Հայաստանին հատկացվել է 300 մլն դոլար ֆինանսական վարկ՝ 20 տարի մարման ժամկետով և 10-ամյա արտոնյալ փուլով»:
Նա հավելեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման հնգամյա ծրագրի շրջանակներում, ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով, 2015թ. սկսած, 3 տարվա ընթացքում Հայաստանը կստանա ավելի քան 50 մլն դոլար ծավալով անհատույց ֆինանսավորում. «Մեծամորի ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու համար 2015թ. համաձայնագրով Հայաստանը ստացել է 270 մլն դոլար պետական վարկ և 30 մլն դոլար անհատույց աջակցություն: 2015թ. հունիսին Հայաստանը ստացել է 200 մլն դոլար պետական վարկ՝ ռուսաստանյան ռազմատեխնիկական արտադրանք ձեռք բերելու համար»:
Լուսանկարը՝ 168.am-ի