Վալերի Պերմյակովն իրեն «ամեն ինչում» մեղավոր ճանաչեց. մեղադրանքը նրան պարզ է

Ռուսական 102-րդ ռազմաբազայում  շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործի քննությունը: Դատարանում ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց:

Գործով մեղադրող Գևրոգ Գևորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Վալերի Պերմյակովը մեղադրվում է այն բանի համար, որ նա ավազակությամբ զուգորդված ապօրինաբար դիտավորության կյանքից զրկել է երկու և ավելի անձանց, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով հափշտակել է ուրիշի գույք:

Բացի այդ՝ փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

«2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով «Մալայա կրեպոստ» կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն,ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ , գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:

Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել է տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին,Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է` ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն` ինքնաձիգին ամրացված սվին-դանակով 5 հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանոքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում 7 օր անց մահացել է:

Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նույն տնից հափշտակելով 64.300 դրամ ընդհանուր արժողությամբ սպարտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ և 6000 դրամ կանխիկ գումար, դեպքի վայրից հեռացել է:

Այնուհետև Վալերի Պերմյակովը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ,դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված, տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը,ուսումնասիրել տեղանքը, վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում` գիշերը, ապօրինի հատել սահմանը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Վալերի Պերկյակովը, չունենալով սահման հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն, նույն օրը` ժամը 24-ի սահմաններում, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին` ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից»:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հարցին՝ արդյոք իրեն պա՞րզ է մեղադրանքի էությունը, բովանդակությունը, Վալերի Պերմյակովը պատասխանեց. «Պարզ է»: Հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Վալերի Պերմյակովը դրական պատասխան տվեց: Հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ է իրեն մեղավոր ճանաչում. Վալերի Պերմյակովը պատասխանեց. «Ամեն ինչում»:

Տեսանյութեր

Լրահոս