
Հաստատվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ.-ի բյուջեն

Նախօրեին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիսում քննարկվել է քաղաքային համայնքի 2016թ.-ի բյուջեն:
Ստեփանակերտի քաղաքապետարանից «Արցախպրես»-ին տեղեկացրին, որ համաձայն զեկույցի, 2016թ.-ի Ստեփանակերտ քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, մայր քաղաքի կառուցապատմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: Առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, քաղաքի ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, ինչպես նաև բնակարանային-կոմունալ պայմանների բարելավումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ.-ի բյուջեն եկամուտների գծով կանխատեսվում է 1 մլրդ 661 մլն 234 հազար դրամ, ծախսերի գծով` 1 մլրդ 668 մլն 173 հազար դրամի չափով: Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 6939.2 հազ.դրամ: Քննարկումների արդյունքում` ավագանին հաստատել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ.բյուջեն:
Ամփոփելով նիստի աշխատանքը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու անդամներին հորդորել է առաջարկություններ ներկայացնել` 2016թ.-ի Ստեփանակերտ քաղաքի կապիտալ շինարարության ծրագրում առավել առաջնահերթ լուծում պահանջող հարցերը ներգրավելու համար: