«Այն պահից, երբ մենք կորոշենք դառնալ կառավարման սուբյեկտ, խնդրեմ, մոլորակը «փեշքեշ»»
Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– Պարոն Մեսրոբյան, այսօր սկսվել է Դավոսի տնտեսական համաժողովը, որին, սակայն, Հայաստանի պատվիրակությունը հերթական անգամ չի մասնակցում: Ընդհանրապես կարևո՞ր է այդ համաժողովը:
– Դավոսն իրականության մեջ հետևյալ խնդիրներն է լուծում. օրինակ՝ նոր ծանոթություններ և կապեր հաստատելը, մոտակա ժամանակաշրջանում մոլորակի զարգացման հետ կապված տնտեսական ինչ-որ ազդակներ ուղարկելը: Դա չի նշանակում՝ անպայման դրական երևույթ, ուղղակի նախնական ծանուցում է: Պրակտիկ իմաստով, եթե Հայաստանը գնա Դավոսին մասնակցի՝ թռիչք կանի, ոչ մի կապ չկա: Հիմնականում իմ թվարկած երկու հարցերի շուրջ է կարևոր Դավոսը:
– Զուտ ներկայացվածության առումով, կապեր հաստատելու, ներդրումներ ներգրավելու տեսակետից կարևորելով, օրինակ՝ Ադրբեջանը մշտապես մասնակցում է Դավոսին ամենաբարձր մակարդակով, Վրաստանը ևս մասնակցում է, իսկ մեր իշխանություններն արդեն տարիներ շարունակ մերժում են այդ համաժողովը:
– Գիտեք, այն պետությունները, որոնք չունեն սեփական քաղաքականություն, մասնավորապես՝ տնտեսական, նման միջոցառումներին մասնակցեն թե չմասնակցեն, էական չի: Դա որոշ չափով արժեք ունի այն դեպքում, երբ դու դեմք ես ներկայացնում, դեմք՝ երևույթների, մոտեցումների, ծրագրերի իմաստով: Բայց եթե դու կատարում ես այն, ինչ թելադրվում է դրսից, միգուցեև պետք չէ գնալ:
– Այսինքն՝ ՀՀ իշխանությունների չմասնակցելը միջազգային համաժողովին նշանակում է, որ իրենք ընդունում են, որ իրենց ձայնը որևէ նշանակություն չունի՞, սա յուրատեսակ ինքնախոստովանությո՞ւն է:
– Բոլոր նրանք, ովքեր չունեն սեփականը՝ սեփական գաղափարը, սեփական ծրագիրը, սեփական հայեցակարգը, իրենք ընդհանրապես ոչ մի տեղ պետք չեն: Սա չի վերաբերում ինձ, ձեզ, կառավարությանը, ընդհանրապես պետությանը կամ առանձին մարդուն, դա վերաբերում է մոտեցմանը: Եթե դու ասելիք չունես, իսկ ասելիք չունես մի դեպքում՝ երբ կառավարման օբյեկտ ես, Դավոսի կարգի նման միջոցառումներն էական չեն, և ոչ միայն՝ Դավոսի կարգի: Եթե անդիմություն է, ընդհանրապես պետք չէ ոչինչ անել, ինչ կասեն՝ այն էլ կանեն: Ինչով էլ զբաղվեք, 2 կարգավիճակ կարող եք ունենալ՝ կա՛մ կառավարման սուբյեկտ եք, կա՛մ կառավարման օբյեկտ: Կառավարման սուբյեկտն ինքն է որոշում՝ որտեղ լինել, ինչ անել, ինչ լոբբինգ անել, իսկ կառավարման օբյեկտ լինելու դեպքում ոչ մի հարց արդեն էական չէ: Էական կլինի նրանց համար, ովքեր ձեր կառավարման սուբյեկտն են: Երրորդ տարբերակ չկա, չի կարելի կիսահղի լինել՝ մեկ՝ կառավարման սուբյեկտ, մեկ՝ կառավարման օբյեկտ, այդպես չի լինում:
– Այդ դեպքում տարվա ընթացքում այլ համաժողովների մասնակցության իմաստը ո՞րն է, որ Դավոսն անտեսվում է, իսկ մյուս համաժողովները՝ ոչ:
– Նույնն է, եթե մենք կառավարման օբյեկտ ենք, մեր մասնակցությունը «պտիչկայի» համար է, գլխաքանակ ապահովելու: Եթե որոշումը դու չես կայացնում, ի՞նչ նշանակություն ունի՝ որտեղ ես նստել, ինչ ես լսել, ինչ ելույթ ես ունեցել:
– Դավոսում այս տարի քննարկում են արդյունաբերության խնդիրներ, Հայաստանը նույնպես արդյունաբերության խթանման ու արտահանման քաղաքականությունն է գերակա հայտարարել, ի՞նչ ունենք սովորելու:
– Որոշ ժամանակ առաջ, նախորդ դարի վերջում, Արևմուտքում սկսեց տարածվել պոստինդուստրիալ փիլիսոփայությունը, ըստ որի՝ Արևմուտքին պետք չեն ձեռնարկությունները, բոլոր ձեռնարկությունները պետք է տեղափոխել երրորդ երկրներ, ինչը և տեղի ունեցավ, օրինակ՝ Չինաստան, իսկ Արևմուտքը կկառավարի այդ երկրները: Սակայն իրականությունը շատ ավելի դաժան դուրս եկավ այն իմաստով, որ, օրինակ, նույն Չինաստանն արդյունաբերության առումով հզորացավ, հասավ նրան, որ Միացյալ Նահանգների նկատմամբ առևտրային սարսափելի պրոֆիցիտ ունեցավ: Ինչքան էլ խոսենք վիրտուալ տեխնոլոգիաներից և նման սիրուն թեմաներից, այնուամենայնիվ, ամեն վայրկյան մեզ պետք են շատ կոնկրետ արտադրանքներ, որոնք կարող է արտադրել միայն արդյունաբերությունը: Ստացվեց մի ծիծաղելի իրավիճակ, որ պոստինդուստրիալ ոչ գրագետ, ոչ խորամիտ գաղափարախոսության հետևանքով Արևմուտքը, զուտ սովորական արտադրանքների իմաստով, կախվածության մեջ ընկավ Արևելքից, և վերջին 5-7 տարվա ընթացքում Արևմուտքում եկան այն եզրակացության, որ նման պրիմիտիվ ուղղամիտ ձևով հասկանալ պոստինդուստրիալիզմը պետք չէր, և հիմա իրենք փորձում են սեփական արտադրությունը զարգացնել: Այս իմաստով Դավոսի օրակարգը ես հասկանում եմ: Սա հիմա Արևմուտքի գլխացավանքն է: Ես շատ պրիմիտիվ օրինակ եմ ուզում բերել՝ ինչքան էլ պետությունը զարգացած լինի, զուգարանի թուղթ պետք է: Բայց արդեն բարձր տեխնոլոգիական արտադրությունները նույնպես Արևելքում են, և անգամ այդ հարցում է Արևմուտքը սկսում կախված լինել:
Ստացվում է, որ կախվածությունը բերում է հաջորդ քայլին, որ երևի թե չէին հաշվարկել: 3 տարի առաջ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ բորսաներով պտտվող միջոցների ծավալն առաջին անգամ Արևելքում գերազանցեց Արևմուտքի ծավալները: Ինչո՞ւ: Որովհետև, երբ քո մոտ զարգանում է գետնի վրա արտադրությունը, դա արժեք է, արժեքը վաղ թե ուշ վերափոխվում է արժեթղթերի, որոնց ծավալները մեծանում են: Այսինքն՝ չստացվեց այն գաղափարը, որ՝ եկեք արտադրությունն ուղարկենք երրորդ երկրներ, որտեղ աշխատուժն էժան է, մենք էլ կառավարենք: Պարզվեց՝ ֆինանսներն էլ գնացին Արևելք, իսկ այն պահից, երբ ֆինանսները հոսեցին Արևելք, բնական է, կառավարման հարցն է առաջացել՝ որտեղից պետք է կառավարվի: Դրա համար այդ հարցադրումը Դավոսում լիովին հասկանալի է:
Հայաստանի առումով պետք է կրկին ասեմ՝ մենք կառավարման օբյեկտ ենք, եթե որոշվի, որ Հայաստանում արտադրություն պետք չի, «Ջերմուկով» և տուրիզմով «յոլլա» կգնանք, այդպես էլ կլինի, որովհետև մենք կառավարման օբյեկտ ենք, համենայն դեպս՝ այս պահի դրությամբ: Եթե մենք այլ տեսակետ ունենայինք, 90-ական թվականներին տեղի չէր ունենա այդ վայրագ սեփականաշնորհումն ուղղակի միջազգային ֆինանսական կազմակերպություների թելադրանքով, մենք վարի չէինք տա մեր արդյունաբերությունը: Այդ տեսանկյունից էլ մեզ համար հետաքրքիր չէ Դավոսը: Այն պահից, երբ մենք կորոշենք դառնալ կառավարման սուբյեկտ, խնդրեմ, մոլորակը «փեշքեշ», պտտվենք և մեր շահերն առաջ տանենք: Իսկ հիմա մենք մեր շահերը չունենք: