ՄԻԵԴ հերթական վճիռը Հայաստանի դեմ. դատարանը պարտավորեցրել է 3630 եվրո փոխհատուցում վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ նշելով, որ դիմումատուն հնարավորություն չի ունեցել իր սեփականությունը նվիրել իր երեխաներին: Դատարանը պատասխանող պետությանը պարտավորեցրել է վճարել 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 630 եվրո՝ որպես ծախսեր:

Դիմումատուն ծնվել է 1934թ.. նա Երևանի կենտրոնում հողակտոր է ունեցել: Այդ տարածքում կառուցված է եղել երկու բնակարան և ավտոտնակ: Մինչև 1993թ. նա առանց թույլատվության իր հողատարածքի վրա շվաքարան է կառուցել և այն օգտագործել առևտրի համար: 1998թ. նոյեմբերի 30-ին դիմումատուին տրված սեփականության վկայականում շվաքարանը բնութագրվել է՝ որպես «կիսաքանդ շինություն»: 2002թ. օգոստոսի 1-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով հաստատվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող այն տարածքները, որոնք պետք է վերցվեին պետության կարիքների համար: Դիմումատուի տարածքը ևս ներառվել է այդ ցանկում:

2004թ. մայիսին դիմումատուն դիմել է նոտարի՝ իր ունեցվածքը իր չորս երեխաներին նվիրելու խնդրանքով՝ ցանկանալով այդ գործարքը կատարել պաշտոնապես: Նոտարական գրասենյակը մերժել է դիմումատուի խնդրանքը՝ հղում անելով կառավարության որոշմանը: Այս որոշումը դիմումատուն բողոքարկել է դատական ատյաններում. 2004թ. հունիսին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բողոքը, 2004թ. հուլիսի 28-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և պարտավորեցրել նոտարական գրասենյակին՝ ձևակերպել գործարքը: Այս որոշման դեմ բողոք չի ներկայացվել, և այն մտել է ուժի մեջ:

Դիմումատուն որոշ ժամանակ անց դիմել է ռեգիստր ՝ նպատակ ունենալով իր ունեցվածքը բաժանել 4 մասի և սեփականությունը փոխանցել իր երեխաներին: Պահանջվել է նաև ճանաչել շվաքարանի սեփականության իրավունքը: Սակայն այս պահանջները մերժվել են: Այս որոշումը ևս բողոքարկվել է դատական ատյաններում: Վարչական շրջանի դատարանը պատճառաբանել է, որ դիմումատուն տարածքի միակ սեփականատերն է և անհիմն է ձգտել այն մասերի բաժանել: Երկրորդ պահանջը ևս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ շվաքարանը գտնվել է տարածքում, որն օտարման ենթակա է եղել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ սեփականությունը 4 մասի բաժանելու դիմումը մերժվել է, քանի որ այն գտնվել է օտարման ենթակա տարածքում և ներառել է չթույլատրված շինություն: Դատարանը գտել է, որ դրա բաժանումը կհակասի կառավարության որոշմանը: Դիմումատուն բողոքարկել է այս որոշումը՝ նշելով, որ փաստը, որ հողատարածքը գտնվել է օտարման ենթակա հատվածում, չէր կարող իր՝ որպես սեփականատեր, իրավունքը սահմանափակելու հիմք հանդիսանալ, իսկ շվաքարանի վերաբերյալ պահանջի մերժումը խախտել է օտարման ժամանակ փոխհատուցում ստանալու իր իրավունքը: 2005թ. հունիսին վճռաբեկ դատարանը մերժել է նրա բողոքը:

ՄԻԵԴ ուղարկված իր գանգատում դիմումատուն հղում է կատարել Մարդու իրավունքների և և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածին, որի համաձայն՝ «յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։ Դիմումատուն նշել է, որ միջամտություն է եղել գույքին անարգել օգտվելուն, նրան անօրինական խանգարել են բաժանել իր սեփականությունը և սեփականությունը փոխանցել իր 4 երեխաներին:

 

Տեսանյութեր

Լրահոս