«Հիմա ո՞վ է հիշում քավորին»
Սյունիքի մարզի Դարբաս գյուղի ամենատարեց բնակիչներից մեկի` 95-ամյա Բարիկոս Առաքելյանի հետ asparez.am-ը զրուցեցել է գյուղի՝ անցյալում մնացած ամանորյա սովորույթներից, որոնց մասին մերօրյա երիտասարդներից քչերն են տեղյակ:
-Բարիկոս տատ, երբ դու շատ երիտասարդ էիր, ամանորյա ինչպիսի՞ սովորույթներ կային հին Դարբասում:
– Թոնիրը վառում էին, հացը թխում ու գաթաներն էլ շարում: Գաթա էին թխում, մեջը մետաղադրամ դնում, որ տեսնեն, թե ում բաժին կհասնի եւ, ըստ այդմ, ով բախտավոր կլինի սկսվող տարում: Նոր տարվա սեղանին ձուկ է եղել, խաշլամա, տոլմա: Այն ժամանակ նոր տարուն պասուց տոլմա էլ էին եփում: Իմ սկեսուրը եւ իր մեծ հարսը` Վարսենիկը, պաս էին պահում. միս չէին ուտում, միայն ձուկ էին ուտում: Մենք՝ ընտանիքի մյուս անդամներս, պաս չէինք պահում. ես չէի հասկանում, թե պասն ինչ է:
-Իսկ աղցաններ կամ պահածոներ կայի՞ն ամանորյա սեղանին:
-Կաղամբի թթուն միշտ եղել է: Այն ժամանակ թթուներ էին պատրաստում. ճախաթթու, կաղամբի թթու: Պահածոներ չկային: Հիմա շատ նորամուծություններ են ի հայտ եկել: Այն ժամանակ չկային այսպիսի բաներ:
-Իսկ ի՞նչ սովորույթներ են մոռացվել ընդհանրապես:
– Հիմա ընդհանրապես վերացել է բակլայով (լոբիով) շորվան, որ թոնրում էին եփում: Ամեն օր թոնիր էին վառում: Կճուճները դնում էին թոնրում, ճաշերը եփում: Ամեն օր քյուրսի էին դնում: Այն ժամանակ վառարաններ չկային: Բոլորն էլ քյուրսու մոտ էին քնում: Այս վառարանները հետո ի հայտ եկան: Բայց նույնիսկ այդ ժամանակ հերանքս հա՛մ վառարան էին վառում, հա՛մ էլ քյուրսի էին դնում:
-Իսկ Ամանորին ի՞նչ խմիչքներ էին օգտագործում, Բարիկոս տատ:
-Խմիչքը գինին է եղել, որով նոր տարի էին շնորհավորում: Այն ժամանակ օղի կամ ուրիշ խմիչք չի եղել. հետո սկսեցին օղի քաշել (թորել):
– Իսկ տներում տոնածառ ինպե՞ս էին զարդարում:
-Առաջվա թվին Դարբասի սովորությունն այն էր, որ տոնածառից խնձոր, ընկույզ, կոնֆետ էին կախում. տոնածառի խաղալիքներ չկային:
-Մարդիկ միմյանց այցելում եւ շնորհավորու՞մ էին:
-Այն ժամանակ գաթան թխում էինք, ձուն եփում, մայրս կապում էր մեջքիս, տանում էի մեր քավորին: Քավորենք էլ ուրախ-ուրախ դիմավորում էին, թե՝ սանիկն է եկել: Իսկ հիմա ո՞վ է հիշում քավորին: