«Գերմանիան ԵԱՀԿ-ի միջոցով կփորձի մեղմացնել Ղարաբաղում ստեղծված լարվածությունը». Սյուզան Ստյուարտ
ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնելով` Գերմանիան կփորձի ակտիվացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցող հայկական և ադրբեջանական հանդիպումները: Այս եզրահանգմանն է եկել Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարությունից հետո:
«Ստամբուլի ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքի ճգնաժամը և Ուկրաինայի արևելքում հակամարտությունը ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնում է բարդ ժամանակներում։ Ես վստահ եմ, որ հենց հիմա ԵԱՀԿ-ն մեզ անհրաժեշտ է որպես հարթակ՝ երկխոսության և վստահություն ստեղծելու համար: Եթե մենք երկարաժամկետ հեռանկարով ցանկանում ենք հասնել ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովմանը, ապա դա հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել եղած բոլոր ֆորումները կարծիքներ փոխանակելու և հատկապես՝ ԵԱՀԿ-ում փոխհամաձայնության հասնելու համար»,- ասել է նախարարը։
Շտայնմայերի խոսքով՝ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ հնարավորությունները հակամարտության ողջ ցիկլի ընթացքում՝ սկսած դրա նախազգուշացումից և կանխումից, ճգնաժամային կառավարումից՝ մինչև դրան հաջորդող հետճգնաժամային շրջանում դիտարկումը։ «Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը և տեղերում ԵԱՀԿ առաքելության ակտիվացմանը»,- պնդել է գերմանացի նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Շտայնմայերը մեկնել է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում կներկայացնի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ծրագիրը։ Հունվարի 1-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Սերբիայից անցել է Գերմանիային:
Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի
Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գերմանիան՝ լինելով Եվրոպական միության քաղաքականությունն առաջ մղող գլխավոր երկրներից մեկը, ցանկանում է հարակից տարածաշրջաններում ևս դերակատարություն ստանձնել՝ բարձրացնելով ԵԱՀԿ դերն ու նշանակությունը:
«Նախարարի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հակամարտությունների չկարգավորման պատճառներից մեկը գերտերությունները տեսնում են ԵԱՀԿ թուլության մեջ: Սա ինչ-որ առումով իսկապես խնդիր է` ԵԱՀԿ-ն չունի ազդեցություն, քանի որ չունի ազդեցության լծակներ, և չկան պայմանավորվածությունները խախտելու համար նախատեսված պատժիչ մեխանիզմներ, կոշտ հայտարարություններ, ստացվում է, որ ԵԱՀԿ-ն դառնում է արհեստական կառույց, որի հայտարարությունները հաշվի չեն առնվում, և որը, ըստ էության, որևէ հակամարտությունում որևէ կողմի չի փորձում մեղադրել:
Ուստի պետք է ազդեցության լծակներ ու պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված մեխանիզմներ մշակել ԵԱՀԿ-ի համար, այս դեպքում կողմերի համար այս կառույցի դերն իսկապես կմեծանա: Նման մեխանիզմների փնտրտուքով պետք չէ զբաղվել, ԵԱՀԿ-ն ունի նման գործիքներ, պարզապես դրանք պետք է գործի դրվեն: Սակայն, եթե կողմերը չունեն հակամարտությունը կարգավորելու ցանկություն, ապա ԵԱՀԿ-ն ամեն դեպքում անզոր է լինելու»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ ԵԱՀԿ-ն կարող է աջակցել, որպեսզի հակամարտություններն էլ ավելի ծանր շրջափուլ չհասնեն:
Գերմանացի փորձագետը նշեց, որ Գերմանիան ավանդաբար Հարավային Կովկասում ազդեցության լուրջ լծակներ չի ունեցել, չի առնչվել հակամարտություններին: Սակայն, նրա որակմամբ, համարյա թե բոլոր տարածաշրջաններում առկա լարվածություններն անհանգստացնում են բոլոր գերտերություններին, որոնք իրավիճակի մեղմման ելքեր են փնտրում:
«Լեռնային Ղարաբաղում Գերմանիան միջնորդի առաքելություն չի կարող ստանձնել, չի կարող միջամտել, սակայն ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը՝ կարող է այդ կառույցի միջոցով ակտիվացնել խաղաղությանն ուղղված աշխատանքները: Սա Գերմանիայի տեսանկյունից ամենաօպտիմալ ու հարմար եղանակն է միջամտության: Ես չեմ կարծում, որ Գերմանիայի կողմից ուղիղ միջամտություն կամ բանակցություններին մասնակցություն է նախատեսվում, ինչպես շատ տարածաշրջանային լրատվամիջոցներ էին գրում:
Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում ԼՂ-ում իրավիճակն էլ ավելի կլարվեր, դա Գերմանիան լավ է հասկանում, իսկ այսօր լարում ձեռնտու չէ ոչ մի երկրի»,- ասաց գերմանացի փորձագետը: Վերջինս համոզված է, որ ոչ միայն Գերմանիան, այլև եվրոպական բոլոր առաջատար երկրներն են բոլոր հնարավոր լծակներով ազդելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, քանի որ Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է, և կա ընկալում, որ այն չպետք է անուշադրության մատնել:
168.am-ի հարցին, թե ի՞նչ արդյունք կտա Գերմանիայի անուղղակի միջամտությունը` արձագանքեց, ասելով, թե դժվար է կանխատեսել:
«Իմ համոզմամբ` ակտիվացված բանակցություններն ամեն դեպքում դրական արդյունք կտան, քանի որ կողմերը կսկսեն խոսել միմյանց հետ բոլոր վիճահարույց թեմաների շուրջ, ինչը կմեղմացնի հանդիպումների բացակայության հետևանքով սահմանին ստեղծված լարվածությունը: Եթե սրան գումարվի նաև ԵԱՀԿ ճիշտ աշխատանքը, չի բացառվում, որ դրական արդյունք արձանագրվի լարվածության կտրուկ մեղմացման տեսքով: Կարծում եմ՝ կարճաժամկետ նպատակը սա է, իսկ ստատուս-քվոյի փոփոխությանն այսօր կողմերը ևս պատրաստ չեն»,- ասաց Սյուզան Ստյուարտը: