Ամանորյա բուժարարը. բաղադրատոմսեր

Հնագույն ժամանակներից ասեղնատերեւ բույսերը համարվել են անտառային ֆլորայի եւ ֆաունայի պաշտպաններ, իմաստնության եւ հավերժության խորհրդանիշ։ Կարծիք կա, որ հին գերմանական ազգությունների մոտ ընդունված է եղել զարդարել անտառային ասեղնատերեւ բույսերի ճյուղերը։ Այս ավանդույթը տարածվել է նաեւ բազմաթիվ այլ ազգերի մոտ` ժամանակի ընթացքում դառնալով ամանորյա տոնի խորհրդանիշ։ Հայերի մոտ կենաց ծառի զարդարման ավանդույթը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։

Ամանորյա ծառի տեսքով մեր տուն է մտնում էներգետիկ պոտենցիալով օժտված անտառային բույսը։ Հայտնի է, որ անտառամերձ գոտիներում ապրող մարդիկ անհամեմատ ավելի քիչ են հիվանդանում թոքերի, սիրտ-անոթային, աղիքային եւ հոգեկան հիվանդություններով (համապատասխանորեն` 6, 5, 4, 3 անգամ)։ Նույն ծավալի քաղաքի օդի մեջ «բնակվում» է 90 անգամ ավելի շատ բակտերիա, քան անտառում), որտեղ առավել շատ ֆիտոցիդներ եւ այլ, մարդու համար օգտակար նյութեր են «արտադրվում»` գարնան վերջում եւ ամռան առաջին տաք, արեւոտ օրերին։ Դրանք նպաստում են արյան շրջանառության եւ շնչառական ուղիների գործունեության լավացմանը, նպաստում մարդու օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ 

Սակայն, կախված եղանակային պայմաններից, ոչ բոլորը կարող են օգտվել ասեղնատերեւ բույսերի տված բարիքներից։ Օրինակ, մարտ եւ նոյեմբեր ամիսներին սոճու անտառում բարձր է օդի խոնավությունը, ինչը վտանգավոր է շնչառական հիվանդություններ ունեցողների համար։ Ապրիլից մինչեւ մայիսի կեսերը ասեղնատերեւների արձակած եթերային բուրումնավետ նյութերը նպաստում են թոքերի ամրացմանը, սակայն կարող են առաջացնել նոպաներ բրոնխային ասթմայով հիվանդների մոտ։ Հունիս-հուլիս ամիսներին ուժեղանում է բուսախեժի արտահոսքը, այս ժամանակաշրջանում փշատերեւ անտառներում չեն կարող զբոսնել հիպերտոնիայով, բրոնխային ասթմայով, սրտի իշեմիկ եւ երիկամների հիվանդություններ ունեցող անձինք։ Հնարավոր է ցավեր սրտի շրջանում, առիթմիա, հեւոց, գլխացավ, գլխապտույտ, ճնշման բարձրացում։ Ցանկացած բնույթի անտառում գտնվելիս պետք է նկատի ունենալ, որ թթվածնի տոկոսի ավելացումը արյան մեջ կարող է առաջացնել գլխուղեղը սնող անոթների կծկում եւ գիտակցության կորուստ։ 

Սոճին կոնակիր (Coniferales) բույս է։ Երկիր մոլորակի վրա այն աճում է հնագույն ժամանակներից։ Գիտական անվանումն է` Pinus, որի առաջացման վերաբերյալ կան մի քանի վարկածներ.

Կարդացեք նաև

– Առաջացել է կելտական «pin»=ժայռ բառից, այսինքն` ժայռերի վրա աճող,

– Լատիներեն «pix»=«picis»= բուսախեժ, այսինքն` խեժ արտադրող բույս։

Սլավոնական տարբեր ազգերի մոտ սոճին կոչվում է «սոսնա». լեզվագետները գտնում են, որ այն կարող է գոյացած լինել հնդեվրոպական «չոչա» (շոշա) բառից։ Հայերեն այլ անվանումներն են` շամի, չամի, փիճի, շոճի եւ այլն։

Pinus տեսակն ընդգրկում է ավելի քան 105 ենթատեսակներ։ Հիրավի, առասպելական կարելի է համարել Հյուսիսային Ամերիկայի Սիերա-Նեւադա լեռներում աճող P. longaeve ենթատեսակի ծառերը, որոնց մեջ շատ են մինչեւ 4900 տարեկան բույսերը։ Պաշտոնապես գրանցված են 1964թ. հատված Պրոմեթեւս (4862 տարեկան) եւ Մաֆուսաիլ կոչվող սոճիները, որոնցից երկրորդը 2012թ. կդառնա 4843 տարեկան։

Սիբիրում ապրող ժողովուրդների համար մեծ տնտեսական նշանակություն ունի Սոճի Սիբիրյան կամ Կեղծ մայրի կոչվող ենթատեսակը։ Պտուղները հարուստ են ճարպով, օսլայով, սպիտակուցով, պարունակում են B խմբի եւ D վիտամիններ, յոդ, այլ միկրո եւ մակրո էլեմենտներ, կալորիականությամբ գերազանցում է մսին եւ հավի ձվին։ 

Պտուղներից ստանում են արժեքավոր յուղ։ Սոճու այս տեսակը չի կարող աճել մեծ բնակավայրերում` օդի աղտոտվածության պատճառով։

Եվրասիայում տարածված է Սոճի Սովորականը, որի փնջերը բաղկացած են երկու ասեղիկներից (սիբիրյան տեսակը` 5)։ Սոճու սաղարթի ձեւը կախված է ծառի տարիքից. երիտասարդ ծառի մոտ այն խիտ եւ լայն բրգաձեւ է, հասունացման շրջանում` կլորավուն, տարեց ծառերի մոտ` հովանոցաձեւ։ Նույն ծառի վրա աճում են արական եւ իգական ծաղկաբույլեր, փոշոտումից հետո ծաղկաբույլերից ձեւավորվում են կոներ, որոնց մեջ կան թեւիկներ ունեցող սերմեր։ Կոները գտնվում են ընձյուղների ծայրերին, հասունանում փոշոտումից 2-3 տարի հետո, կարող են լինել կորացած, գլանաձեւ, կախված կամ երբեմն` ուղղված վեր։

Սոճի սեւը (Pinus nigra) տարածված է Ղրիմում, Արեւմտյան Այսրկովկասից մինչեւ Բալկանյան թերակղզու արեւելյան շրջանները ընկած մերձսեւծովյան տարածքներում, Կրետե եւ Կիպրոս կղզիներում, ՀՀ հյուսարեւելյան անտառային շրջաններում, Սյունիքում, Արարատյան դաշտավայրում։

Ակադեմիկոս Պետեր Պալլասը 1790թ. սկսել է մշակել Սոճի սեւի Ղրիմում աճող տարատեսակը Անգլիայում, 1812թ. Սոճի Սեւ կամ Սոճի Պալլասի տեսակը սկսել է մշակվել նաեւ Ռուսաստանում։

Բույսը լավ է հարմարվել ՀՀ ցածրադիր, հովտային տաք եւ չոր շրջաններում` ծովի մակերեւույթից մինչեւ 1500 մետր բարձրության վրա, սակայն հաջողվել է մշակել նաեւ Սեւանի ավազանում։ Ինչպես սոճիների մեծ մասը, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, աճում է ինչպես կավային, այնպես էլ ավազուտային եւ քարքարոտ հողերի վրա։ Բույսի տերեւը բաղկացած է երկու ասեղիկներից, ասեղնատերեւները սուր են, խիտ տեղադրված, թեթեւակի կորացած։ Կոների վահանիկները կապտամանուշակագույն են, հասունացման շրջանում` դեղնավուն։ Սերմի երկարությունը` 0,5-0,7 սմ է, այն մուգ գորշագույն է, սեւ պուտիկներով, թեւիկի երկարությունը 2,5 մ, լայնքը` 0,5 սմ։ Մեկ կգ զանգվածում պարունակվում է 42000 սերմ։ Ստվերում հայտնված բույսը դառնում է խոցելի վնասատուների համար։ Ապրում է 500-600 տարի, բնափայտը ամուր է, պարունակում է զգալի քանակությամբ սկիպիդար։ 

Ի տարբերություն Սոճի Ղրիմյան ենթատեսակի` Սոճի Կովկասյանը (P. sosnovskyi) ավելի բարձր է (30-35 մ), կեղեւը դեղնակարմրավուն` շերտերով անջատվող, փշատերեւները 2-3 անգամ փոքր են չափերով եւ ավելի կլորավուն (5,5 սմ երկարություն եւ 4 սմ լայնություն)։ Ծաղկում է մարտին, պտղաբերում հուլիս-օգոստոսին։ Տարածման բնական արեալը փոքր է` Կովկասից Պատմական Հայաստան։ Հանդիպում է Լոռիում եւ Տավուշում, միջին եւ վերին լեռնային գոտիներում, ծովի մակերեւույթից 1000-1850 մ բարձրության վրա։

Սոճու բնափայտը արժեքավոր շինանյութ է, դրանից ստանում են սկիպիդար եւ կանիֆոլ։

Առավել ուսումնասիրված է Սոճի անտառայինը (P. sylvestris), որը մշակվում է Դիլիջանում, Իջեւանում, Լոռիում։ Բողբոջները կամ, այլ կերպ ասած, գարնանային ընձյուղները բարդ են, խեժային, դրանց անութներում կան փոքրիկ երկրորդական բողբոջներ։ Բողբոջային թեփուկները նշտարաձեւ են, հյութեղ հիմքով եւ չոր թաղանթային գագաթով։

Բողբոջը պարունակում է բուսախեժ, դաբաղանյութ, եթերային յուղ, պինիցիկրին, վիտամիններ։ Փշատերեւները պարունակում են ասկորբինաթթու, որի պարունակությունը առավելագույնին է հասնում ձմռան շրջանում (80-360 մգ` 100 գ հումքի մեջ), անտոցիան, ալկալոիդներ, տերպեններ (բորնեոլ, պինեն, լիմոնեն), այլ նյութեր։ Բնափայտից ստանում են կուպր, որը պարունակում է խեժանյութ, ճարպ, ֆենոլ, քսիլոլ եւ տոլուոլ։

Կեղեւը նույնպես պարունակում է խեժ եւ եթերային յուղ, կոները` ասկորբինաթթու, եթերային բեւեկնախեժ, դառնանյութ, տանին, եւ այլն։

Սոճու եթերային յուղը կիրառելի է հետեւյալ հիվանդությունների դեպքում` արթրիտ, ասթմա, բրոնխիտ, պնեւմոնիա, գրիպ, դեպրեսիա, լեղաքարային հիվանդություն, մարմնի քրտնարտադրության հետեւանքով տհաճ հոտ, պարոդոնտոզ, ստոմատիտ, հոտ բերանից, անգինա, լարինգիտ, նեւրալգիա, միզաքարային հիվանդություն, մկանային ցավեր, մրսածություն, դողէրոցք, ռեւմատիզմ, այտուց, վերքեր, հեմատոմա, խոցեր, սթրես, հարբուխ, էկզեմա, ցիստիտ, նյարդային գերհոգնածություն, նաեւ` գեղարարության մեջ։

Խորհուրդ չի տրվում երկարատեւ օգտագործել, հնարավոր է` առաջացնի ալերգիկ ռեակցիա, եթե ունեք անհատական անընկալունակություն։ 

Կարեւոր է իմանալ, որ սոճուց պատրաստուկները հակացուցված են հղիներին, կերակրող մայրերին, հեպատիտի սրացման դեպքում։ Պետք է զգուշանան հիպոտոնիայի, ստենոկարդիայի, թրոմբոզի դեպքում։

Վերջույթների քրոնիկ հոդաբորբի դեպքում. Ծայրաստիճան բարդ հիվանդություն է, եւ բացառիկ դեպքերում է հաջողվում բուժել։ Բուսաբուժությունը կարող է դիտվել որպես օժանդակ միջոց։ Մասնավորապես սոճուց պատրաստում են հետեւյալ դեղամիջոցները.

– Լցրեք 1 լիտրանոց տարայի 2/3-ը սոճու ծաղկաբույլերով, մնացած ծավալը լրացրեք օղիով։ Թրմեք 1-3 ամիս` մութ տեղում։ Քամեք, խմեք 10-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք` 15, ընդմիջեք 10 օր։ Կրկնեք տարին 5-6 անգամ, ընդմիջելիս խմեք սոճու ծաղկաբույլերից պատրաստված թուրմ.

– 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, խմեք երկուական ճ/գ` օրը 3 անգամ։

– Նոր հասունացող իգական կոների 100 հատին ավելացրեք 1 լ ջուր, եփեք մարմանդ կրակի վրա 20 րոպե, քամեք։ Ավելացրեք 1 կգ շաքարավազ եւ կրկին եփեք` մինչեւ շաքարավազի հալվելը։ Վերցրեք կրակից, ավելացրեք 1/4 թ/գ կիտրոնի աղ։ Լցրեք շշերի մեջ եւ պահեք սառնարանում։ Խմեք 1-ական թ/գ, սոճու թուրմով։

– Վաղ գարնանը հավաքեք սոճու ճյուղի ծայրերի մատղաշ ընձյուղները։ Լցրեք ապակե տարայի 2/3-ը, մնացած ծավալը լրացրեք օղիով եւ դրեք արեւի տակ։ Թրմեք 2-3 շաբաթ, քամեք եւ լցրեք մուգ գույնի շշերի մեջ։ Ընդունեք 10-15 կաթիլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 15-20 օր։ Ընդմիջեք 10 օր, կրկնեք տարին 5-6 անգամ։

Բրադիկարդիայի դեպքում. 
Օրը 3 անգամ սնվելուց 20 րոպե առաջ խմեք 20-ական կաթիլ մատղաշ ընձյուղների ոգեթուրմը։ Բուժումը երկարատեւ է։

Հերպեսի դեպքում. Պատրաստեք վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ (օղիով)։ Ապակե տարայի մեջ լցրեք սոճու խեժ եւ ավելացրեք ոգեթուրմը այնքան, որ ծածկի խեժը։ Պարբերաբար թափահարեք, երբ խեժը լրիվ լուծվի, քսեք վերքին։

Ֆիզիկական աշխատանքի հետեւանքով առաջացած ցավերի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած սոճու փշատերեւը, խուլ եղինջի, կառ փշոտի, հացենու, սեւ հաղարջի, ուռենի սպիտակի տերեւները, ձիաձետ դաշտայինի խոտը։ Հումքի 2 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահում 600 մլ տաք ջրում։ Քամեք, խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Օգնում է այտուցի դեպքում։

Ծերացումը կանխարգելող միջոց. 
Նոր ծաղկող սոճու դեղին բողբոջները չորացրեք արեւի տակ։ Դուրս թափեք ծաղկափոշին, ընդունեք 1-ական գրամ ծաղկափոշի օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։

Ինսուլտից հետո. Կաթսայի մեջ լցրեք 1 լ ծավալ զբաղեցնող սոճու փշատերեւ, 2-ական ճ/գ մատիտեղ թռչնի խոտ, ազնվամորու եւ հաղարջի տերեւներ։ Ավելացրեք 3 լ եռջուր։ Եփեք 15 րոպե, թրմեք 10 ժամ։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում` ջրի փոխարեն։ Յուրաքանչյուր 200 մլ եփուկին խառնեք 10 մլ կիտրոնի հյութ։ Եփուկն ունի օրգանիզմի ուժերը վերականգնող հատկություն, մաքրում է անոթները, օգտակար է երիկամներին։ Շարունակեք 4-5 ամիս։

Թոքախտ. Աղացեք սոճու փշատերեւը, խառնեք մեղրի հետ հավասար քաշային հարաբերությամբ, 2 շաբաթ թրմեք մութ, հով տեղում, պարբերաբար խառնեք։ Առանձնացրեք առաջացած հյութը, մզեք մնացած հումքը։ Խմեք օրը 2 ճ/գ, առավոտյան` նախքան սնվելը։ Հյութը պահեք սառնարանում։

Ռադիկուլիտ. Կաթսայի մեջ լցրեք սոճու բնափայտի խարտուկը (թեփ), վրայից ցայեք ջրով, կիպ փակեք, 4-5 ժամ պահեք ջեռոցի մեջ (100 աստիճան ջերմության)։ Շոգեխաշած հումքը հավասարապես լցրեք մոմլաթի վրա, վրայից ծածկեք լաթով, դրեք տեղաշորին եւ պառկեք վրան, մինչեւ հովանա։ Գործողության կատարման ժամանակ եւ հետո մարմինը պահեք տաք վիճակում։

Կոտրվածքներ

– Տրորեք տերեփուկ կապույտի ծաղիկները եւ խոտը, ավելացրեք սոճու փշատերեւի եւ մեղրի խառնուրդի հյութը (տես` ինսուլտը) 1։5 հարաբերությամբ։ Խմեք 1-2 ճ/գ, առավոտյան` սնվելուց 1 ժամ առաջ, շարունակեք 1-2 շաբաթ։

– Պատրաստեք ամրուկ դաշտայինի արմատի 10 տոկոսանոց ոգեթուրմ, թրմեք 2 ամիս։ Ապակե տարայի մեջ լցրեք սոճու փշատերեւը, ավելացրեք ոգեթուրմը այնքան, մինչեւ ծածկի հումքը։ Թրմեք 3 օր։ Տաքացրեք 40-50 աստիճան, քամեք, դրեք թրջոց վնասված տեղին։

Արթրոզ. 
Լայն կաթսայի մեջ դրեք 15-20 հատ սոճու կոն։ Վրայից լցրեք տաք ջուր։ Ձեռքերի մեջ «մերսեք» կոները։ Մի քանի օրից ցավերը կնվազեն։ 

Մրսածություն.
 25-30 գ սոճու բողբոջը 10-15 րոպե եփեք 400 մլ կաթի եւ ջրի խառնուրդի մեջ (1։1)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։

Կնճիռները հարթեցնող միջոց. 
100 գ սոճու փշատերեւը 30 րոպե եփեք 500 մլ կաթի մեջ։ Քամեք, թրջոց դրեք դեմքին։

2011թ., դեկտեմբեր 22
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս