«Եթե Հայաստանին և իր գործընկերներին հաջողվի լուծել մի քանի խնդիրներ, ապա 2016թ. կլինի կայուն և խաղաղ». Մասիս Մայիլյան
«2015թ. հագեցած տարի էր ԼՂ հակամարտության երեք կողմերի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը` ամփոփելով 2015թ. ԼՂ հակամարտության համար: Նրա կարծիքով, 2015թ. ղարաբաղաադրբեջանական հակամարտության բոլոր երեք կողմերի համար եղել է հագեցած՝ մասսայական միջոցառումների և համապետական քվեարկությունների անցկացման տեսանկյունից:
«Ողջ տարվա և հատկապես ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվեցին մասսայական հիշատակման արարողություններ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, մայիս ամսին անցկացվեցին ԼՂՀ 6 գումարման ԱԺ ընտրությունները, հունիս ամսին Բաքվում առաջին անգամ անցկացվեցին Եվրոպական օլիմպիական խաղերը, նոյեմբերին Ադրբեջանում կայացան խորհրդարանական ընտրությունները, իսկ դեկտեմբերին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանի համար: Այս տարածաշրջանում շարունակվող զինված առճակատումը, Սիրիայի ներսում քաղաքական երկխոսության բացակայությունը ստեղծեցին անորոշություն ինչպես՝ Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ հարևան երկրներում: Չնայած երեք երկրներում կարևոր միջոցառումների հագեցածությանը և ընդհանուր արտաքին մարտահրավերներին, ադրբեջանական կողմը շարունակում էր սրել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:
Այս պատճառով կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց տեղի չունեցավ: Միջնորդների ուշադրությունը կենտրոնացած էր հրադադարի պահպանման վրա: 2015թ. տարածաշրջանում նկատված միտումները դրական չէին` սահմաններին իրավիճակը չբարելավվեց, իսկ առկա մարտահրավերները նոր ձևեր ստացան»,- մեկնաբանեց Մասիս Մայիլյանը, շարունակելով, որ հայտնի է` ԼՂ հակամարտության գոտում փխրուն հրադադարը պահպանվում էր ուժերի հավասարակշռության շնորհիվ, առանց խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային օպերացիայի անցկացման: Սակայն, նրա խոսքով, վերջին տարիների ընթացքում նկատվում է ուժերի անհավասարակշռություն՝ ի օգուտ Ադրբեջանի:
«Սպառազինությունների մրցավազքում այս երկրի որոշակի առավելությունը նպաստում է ավելի հաճախակի ու կոպիտ խախտումների՝ հրադադարի հաստատման պայմանագրի, որը կնքվել է 1994թ. մայիս ամսին:
Ադրբեջանի զինված ուժերի ապօրինի գործողությունները կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսման: Նոր պատերազմ թույլ չտալու համար այն երկրների հետ համագործակցությամբ, որոնք անկեղծորեն հետաքրքրված են տարածաշրջանային կայունության պահպանման հարցում, պետք է հրատապ կերպով վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը կամ ռազմավարական պարիտետը, ինչպես նաև ձեռնարկել ակտիվ միջոցներ՝ Ադրբեջանին զսպելու և նրան ստիպողաբար կառուցողական հուն վերադարձնելու համար:
Եթե Հայաստանին, ԼՂՀ-ին և իր գործընկերներին հաջողվի լուծել այս խնդիրները, ապա 2016թ. կլինի կայուն և խաղաղ: Թույլ տվեք Ձեր լրատվամիջոցի միջոցով շնորհավորեմ բոլորին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ` մաղթելով խաղաղություն և բարգավաճում նոր 2016-ին»,- մաղթեց Մասիս Մայիլյանը: