Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցիներում ե՞րբ, ո՞ր օրերին է Սբ. Պատարագ մատուցվում

– Հայ Առաքելական եկեղեցիներում ե՞րբ, ո՞ր օրերին է Սբ. Պատարագ մատուցվում և ո՞ր կամ ո՞ւմ անունը կրող եկեղեցիներում: 

– Հայ Առաքելական եկեղեցում Սբ. Պատարագ մատուցվում է. Բոլոր կիրակի օրերին, 5 տաղավար տոներին (Սբ. Ծնունդ (անփոփոխ` hունվարի 6), Սբ. Հարություն (Զատիկ), Պայծառակերպություն (Վարդավառ), Վերափոխում Սբ. Աստվածածնի, Խաչվերաց), նաև` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոների նախօրեին` ճրագալույցի Պատարագ (երեկոյան ժամերգությունից հետո), 5 տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերին (ննջեցյալների հիշատակության օրեր):

Հունվարի 1-ին, Ապրիլի 24-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսին առնչվող (տերունական) բոլոր տոներին և հիշատակության օրերին (Անվանակոչություն (անփոփոխ` հունվարի 13), Տեառնընդառաջ (անփոփոխ` փետրվարի 14):

Ավագ հինգշաբթի, Համբարձում (Զատկից հետո 40-րդ օրը` մշտապես հինգշաբթի), Սբ. Մարիամ Աստվածածնին առնչվող բոլոր տոներին և հիշատակության օրերին (Սբ. Աստվածածնի հղությունն Աննայից (անփոփոխ` դեկտեմբերի 9), Սբ. Աստվածածնի ծնունդն Աննայից (անփոփոխ` սեպտեմբերի 8), Երեքամյա Սբ. Աստվածածնի ընծայումը տաճարին (անփոփոխ` նոյեմբերի 21),  Ավետում (անփոփոխ` ապրիլի 7), Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների տոնին, Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի և ամենայն երկնային զորքի տոնին, Բոլոր սրբերի (հին և նոր, հայտնի և անհայտ) տոնին, Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրերին, Սբ. Գրիգոր Լուսավորչին առնչվող տոներին և հիշատակության օրերին (մուտն ի վիրապ, ելն ի վիրապ, նշխարների գյուտ), Սբ. Վարդանանց տոնին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Սբ. Մարիամ Աստվածածնին առնչվող որոշակի տոներ (օրինակ` Հոգեգալուստ, Սբ. Աստվածածնի տուփի և գոտու գյուտի տոներ), ինչպես նաև Բուն բարեկենդանը, Սբ. Խաչի երևման և գյուտի տոները, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Վարագա Սբ. Խաչի տոնը, մշտապես համընկնելով և նշվելով կիրակիներին` մատուցվում է Սբ. Պատարագ:

Որևէ սրբի հիշատակության օրը մատուցվում է Սբ. Պատարագ, եթե օրը կիրակի է: Սրբերի հիշատակության օրերին Սբ. Պատարագ է մատուցվում տվյալ սրբի անունը կրող եկեղեցիներում, իսկ Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի և ամենայն երկնային զորքի տոնին Սբ. Պատարագ է մատուցվում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Սբ. Հրեշտակապետաց նորակառույց եկեղեցում և այն եկեղեցիներում որտեղ կան Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի անվամբ խորաններ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս