«2016թ. կկարողանանք սկսել շինարարական աշխատանքները». Հայկ Ալոյան
Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Գեոթիմ» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը «168 Ժամի» հետ զրույցում ամփոփել է 2015 թվականը և խոսել հաջորդ տարվա անելիքներից:
– Ամուլսարի ծրագիրը վերջերս ստացավ միջազգային ֆինանսավորումը և կարծես պատրաստ է մեկնարկին: Ո՞րն է հաջորդ քայլը:
– Նախ՝ ուզում եմ ասել, որ, երբ մետաղի համաշխարհային գներն ընկած են, աշխարհի նույնիսկ առաջատար հանքարդյունաբերական երկրներում, նոր ծրագրերը շատ դժվարությամբ են ֆինանսավորում գտնում: Ամերիկյան խոշոր երկու ներդրումային ընկերությունների` RCF-ի և Orion-ի կողմից 325 միլիոն դոլարի ֆինանսավորումն այդ առումով մեծ հաջողություն է: Սա նշանակում է, որ 2016-ին կկարողանանք սկսել շինարարական աշխատանքները, որին մի քանի տարի սպասում ենք մենք՝ մեր շրջակա համայնքների բնակիչների հետ:
– Համայնքների բնակիչներն իսկապե՞ս սպասում են Ամուլսարի ծրագրի գործարկմանը:
– Վստահ եմ, որ՝ այո: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում արտագաղթը լրջագույն խնդիր է: Ամուլսարի որոնողահետախուզական աշխատանքների ակտիվ շրջանում, երբ մեզ մոտ աշխատում էր շրջակա համայնքներից մոտ 160 երիտասարդ, արտագաղթը համայնքներում զգալիորեն նվազել էր: Անցյալ տարվա ընթացքում, երբ որոնողահետախուզական աշխատանքներն ավարտվել էին, իսկ շինարարությունը դեռևս չէր սկսվել, մի քանի տասնյակ երիտասարդ ստիպված էր նորից աշխատանք փնտրել Հայաստանից դուրս: Ծրագրի մեկնարկին հատկապես շատ են սպասում երիտասարդները: Սա Ամուլսարում աշխատելու հնարավորություն է և կնպաստի շրջակա համայնքներում փոքր ձեռնարկությունների զարգացմանը: Շատերի համար այս ծրագիրը հետագա մասնագիտական առաջխաղացման հնարավորություն է: «Գեոթիմն» Ամուլսարի հարակից համայնքների 12 երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռել՝ երկրաբանի, հանքային ինժեների մասնագիտություններով: Ապագայում պատրաստվում ենք կազմակերպել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որպեսզի համայնքների երիտասարդները մրցունակ լինեն աշխատատեղերի համար դիմելիս: Այնպես որ, հնարավորություններն իսկապես զգալի են, և մարդիկ սպասում են փոփոխությունների:
– Որքա՞ն են եղել այս տարի սոցիալական ծրագրերում ներդրումները: Այս տարի նաև Գնդեվազ համայնքում հողի զգալի ձեռքբերում իրականացրեցիք: Ինչպե՞ս անցավ այդ գործընթացը:
– Սոցիալական զարգացման ծրագրերում այս տարի ներդրել ենք 240 հազար ԱՄՆ դոլար: Շրջակա համայնքներում իրականացրել ենք ծրագրեր՝ գյուղատնտեսության զարգացման, առողջապահության, կրթության և ենթակառուցվածքների զարգացման հետ կապված: Ինչ վերաբերում է հողի ձեռքբերմանը, այս տարվա ընթացքում հանքի ապագա ենթակառուցվածքների համար ձեռք ենք բերել 232 հողակտոր՝ 140 սեփականատերերից, որոնք հիմնականում Գնդեվազ համայնքի բնակիչներն են: Ուզում եմ հատուկ շեշտել, որ հողի ձեռքբերման ընթացքում միայն երկու հողատերերն են դեմ եղել հողի վաճառքին: Սա, թերևս, ընդգծում է համայնքի վստահությունը մեր հանդեպ, ինչպես նաև ընդգծում է այն փաստը, որ հողի ձեռքբերումը նույնպես իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներով և լավագույն պայմաններով:
– Վերջերս նաև հայտարարվեց ծրագրի օպտիմալացման մասին: Որքանո՞վ են էական իրականացված փոփոխությունները:
– Հանքարդյունաբերական ծրագրերում սա ընդունված փորձ է: Կա ծրագրի նախնական գնահատում՝ տեխնիկատնտեսական հիմնավորում, որից հետո արդեն իրականացվում է ավելի մանրակրկիտ նախագծում, որի արդյունքում՝ որոշակիորեն, բայց ոչ էականորեն, փոփոխվել է փոխակրիչի տեղադիրքը, և օպտիմալացվել է տեխնոլոգիական շղթան: Թեև փոփոխություններն էական չեն, մենք պարտավոր ենք իրականացնել նախագծի փոփոխություններ և տեղեկացնել հանրությանն այդ փոփոխությունների մասին՝ ներառելով շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը: Կապիտալ ծախսերը կազմելու են 375 մլն դոլար: Աշխատատեղերը՝ շինարարության փուլում՝ 1300, շահագործման փուլում՝ 700:
– Տնտեսական հնարավորությունների մասով, կարծես, դրական կողմերը տեսանելի են: Հանքարդյունաբերական ծրագրերին դեմ արտահայտվողները, սակայն, շեշտը դնում են բնապահպանական խնդիրների վրա՝ համարելով, որ որքան էլ շատ լինեն տնտեսական օգուտները, դրանք չեն կարող ստվերել բնապահպանության հետ կապված խնդիրները:
– Անշուշտ, տնտեսական օգուտները չեն կարող ստվերել բնապահպանական խնդիրները, բայցև բնապահպանական խնդիրները նույնպես չպետք է խոչընդոտեն տնտեսական զարգացմանը: Այլապես աշխարհը դեռևս քարե դարում կլիներ: Ժամանակակից աշխարհում բոլոր արդյունաբերական ճյուղերը փորձում են պահպանել ճիշտ բալանսը: Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս հանք շահագործել՝ ապահովելով տնտեսական զարգացում, միևնույն ժամանակ՝ հնարավորինս մեղմել ազդեցությունը: Հանքավայրի ուսումնասիրման և հետախուզման ընթացքում մեր Ընկերությունը բազմիցս ապացուցել է, որ շատ մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին: Ժամանակակից հանքավայրերը միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ գնահատելու պոտենցիալ վտանգները և դեռևս նախագծման փուլում դրանք շրջանցելու, համապատասխան միջոցառումներ ներառելու վրա: Այսօր հնարավոր է հանք շահագործել՝ ապահովելով հողի, օդի և ջրի պահպանությունը: Եվ Ամուլսարը հենց այդպիսի ժամանակակից հանք է լինելու:
– Նման պնդումներին սովորաբար հակափաստարկ է հնչում, որ դա Արևմուտքում է՝ զարգացած երկրներում, իսկ Հայաստանում նման բան հնարավոր չէ:
– Ես վստահ եմ, որ հնարավոր է: Ես կարծում եմ, որ համայնքներում մեր ընկերության հանդեպ վստահության հիմնաքարերից մեկն էլ հենց այն է, որ մենք այս տարիներին ապացուցել ենք, որ նույնիսկ որոնողահետախուզական փուլում հետևում ենք լավագույն չափանիշներին, և համայնքների բնակիչները դա տեսնում են: Միայն բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման վրա 5 միլիոն դոլար է ծախսվել: Շատ դեպքերում համայնքի ներկայացուցիչներն իրենք են մասնակցել տվյալների հավաքագրմանը, քննարկել, հարցադրումներ ուղղել և պատասխաններ ստացել մեր հայաստանյան և օտարերկրյա մասնագետներից: Եթե հնարավոր է անվտանգ հանք շահագործել Շվեդիայում կամ Նորվեգիայում, ուրեմն հնարավոր է նաև Հայաստանում: Եթե անընդհատ շարունակենք ասել, որ Հայաստանում դա հնարավոր չէ, իրավիճակն իսկապես չի փոխվի: Մենք կարծում ենք, որ հնարավոր է, և մենք հենց դա ենք անում: Իսկ թե որքանով կբարձրանա ոլորտի ընդհանուր նշաձողը, կախված է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունից: Եվ առաջին կարևոր քայլը ֆատալիստական «մեզ մոտ դա հնարավոր չէ»-ի փոխարեն՝ լավ օրինակներին հետևելով, կոնկրետ հարցադրումներով և մասնագիտական մոտեցմամբ փոփոխություններին հասնելն է: