Բաժիններ՝

Սարգիս Գրիգորյան. «Բանակում ծառայությունը 180 աստիճանով փոխել է ինձ»

«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմի մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆիլմում մարմնավորում է հետախուզական ջոկի հրամանատարի։ Դերասանի հետ հետաքրքիր զրույց ենք ունեցել նկարահանումների, բանակում իր ծառայության տարիների մասին։

-Սարգիս, մեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ ծառայությունը բանակում Ձեզ շատ է փոխել, տղամարդ դարձրել։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ձեզ օգնե՞ց այն փորձը, որ կուտակել եք բանակում։

-Իհարկե։ Շատերը չեն դիմանում ցրտին, նվնվում են, իսկ ես հիմա չեմ հիվանդանում։ Շատ լավ երևում է՝ ովքեր դեռ չեն ծառայել։ Ծառայությունը 180 աստճանով փոխում է տղային, տղամարդ դարձնում, դառնում ես ինքնուրույն, կարողանում ես ճիշտ որոշուներ կայացնել։ Համենայն դեպս, իմ դեպքում այդպես է եղել։

Ֆիլմում զբաղվում ենք Հայոց բանակին անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով։ Սա հետախուզության և այն տղաների մասին է, ովքեր իրենց աշխատանքով հեշտացնում են

Հայոց բանակի պաշտպանությունն ու հզորացնում այն։ Նկարահանումները բավականին դժվար են, ցուրտ, վատ պայմաններում ենք աշխատում, սակայն իմ փորձն ու կոփվածությունն օգնում են ինձ։

-Կերպարը պահանջո՞ւմ է ֆիզիկական պատրաստվածություն։ Ֆիլմի համար հատուկ պատրաստվածություն անցե՞լ եք։

-Իհարկե, այդքան սարեր-ձորեր հաղթահարել, վազել, պպզել, կրակել… Հատուկ պատրաստվածություն չեմ անցել, ուղղակի հասկացել եմ՝ ինչ պետք է անեմ։ Ինձ շատ օգնեց այն փորձը, որ արդեն ունեի։

sargis.jpg1

-Ի՞նչն էր ամենաբարդը։

-Ցուրտը, նաև՝ «ստոպերն» էին շատ։ Կինոն և սերիալը դրանով են տարբերվում։ Սերիալն ավելի արագ է նկարահանվում, կինոյում հաշվի է առնվում յուրաքանչուր մանրուք։ Ավելի շատ դա է հոգնացնում, բայց հենց մտնում ենք աշխատանքի մեջ, մոռանում ենք այդ ամենը։

-Դուք ծանոթ եք բանակի իրավիճակին ներսից։ Այն, ինչ ներկայացնում է «Սահմանին» ֆիլմը, որքանո՞վ է արտացոլում իրական պատկերը։

-Իմ ծառայության տարիներից մինչև հիմա բավականին շատ բան է փոխվել, ձևավորվել է սպաների ինստիտուտ համակարգ, ռազմական ոստիկանություն, որն այն ժամանակ չկար։ Ես չեմ կարող համեմատել այն ժամանակվա հետ, սակայն հիմա շատ ընկերներ ունեմ, ովքեր այդ գործի մեջ են. ծանոթ եմ իրավիճակին ու հասկանում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում ենք, համապատասխանում է իրականությանը։

sargis.jpg12

-Բանակի թեման շատ նուրբ է հասարակության համար, հատկապես, որ հաճախ զոհեր ու վիրավորներ ենք ունենում սահմանին։ Պատասխանատվությունը շատ մեծ է։ Սա որքանո՞վ է բարդացնում Ձեր աշխատանքը։

– Մեկը գրիչով է պաշտպանում իր հայրենիքը, մյուսը՝ երգելով, երրորդն իր խաղով։ Ես շատ պարտավորված եմ ստանձնել այս գործն ու հպարտանում եմ այս նախագծով։ Շատ լուրջ աշխատանք ենք տարել, ոչինչ հենց այնպես չի արվում։

-Նմանատիպ ֆիլմերում հաճախ կերպարներն իդեալականացնելու փորձ է արվում, ինչը խանգարում է իրականության ընկալմանը։ Ձեր կերպարն իդեալականացվա՞ծ է։

– Բոլոր մարդիկ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, բայց ֆիլմը պետք է մի քիչ չափազանցություն ունենա, այն չի կարող իրականության մակարդակի լինել։ Այսպես ասեմ՝ բեմը բարձր է հանդիսատեսից, դու ինչ-որ մի բան պետք է ավելին անես, որ քեզանից սովորեն, եթե դու հավասար անես, սովորելու բան չի լինի։ Չասեմ՝ չափազանցված է, ասեմ՝ մի փոքր ավելացված է, որ ձգտենք ավելիին, բայց դա հաստատ գրոտեսկ, ծայրահեղություն, ծիծաղի առարկա չէ, դա շատ մոտ է իրականության։

sargis.jpg44

Ես չգիտեմ՝ դա կընդունվի՞, թե՞ ոչ, տեսեք՝ ես ինչ եմ արել. իմ մազերը հարդարված են, ժելե է քսված. ինձ շատ էին ասում՝ մեր զինվորներն այսպիսին չեն, ասում էի՝ իսկ ինչո՞ւ ոչ, չի՞ կարող մեր սպան սիրուն լինել։ Ես նպատակային եմ ստեղծել այսպիսի կերպար։ Ես ուզում եմ տեսնել, որ մեր սպաները ոչ միայն խիզախ ու հպարտ են, այլև գեղեցիկ տեսք ունեն, չէ՞ որ սովետական ժամանակներում կանայք ու աղջիկները թուլություն են ունեցել սպայի հանդեպ։

Փորձել եմ գտնել իրական կերպար, ինչ-որ չափով նմանակել եմ իմ գումարտակի հրամանատարին։ Այս ֆիլմում մարդիկ կտեսնեն ուրիշ Սարգսի՝ թե՛ արտաքինով, թե՛ խոսելաձևով։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս