Բաժիններ՝

Ինչո՞ւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի արգելում դիտել «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը

– Ինչո՞ւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի արգելում դիտել «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը:

Ինչպես գիտեք, Հայոց Եկեղեցին արդեն հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը ֆիլմի վերաբերյալ: Մասնավորապես Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, արտահայտելով մեր եկեղեցու դիրքորոշումը, նշել է. «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը զգուշացնում է հավատավոր իր հոտին, որ Դեն Բրաունի հեղինակած «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը և վերջինի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմը իրենց բովանդակությամբ հակասում են Սուրբ Գրքով և Եկեղեցու Սրբազան Ավանդությամբ բյուրեղացված ուղղափառ վարդապետությանը, խեղաթյուրում են քրիստոնեական ճշմարտությունները:Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին դատապարտում է քրիստոնեական հավատի ու սրբությունների հանդեպ այդ մեծ անարգանքը, որով վիրավորվում են քրիստոնյա հավատացյալների կրոնական զգացումները և մարդկային արժանապատվությունը»:

Վերոգրյալ տեսակետը շատ հստակ է և ընդգրկուն, որը կարող է ուղեցույց լինել յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Մնացածն արդեն ամեն մեկի խղճի գործն է: Եկեղեցին չի կարող պարտադրել, որ չդիտեն ֆիլմը կամ չկարդան գիրքը, պարզապես, Հայոց Եկեղեցին` բազմադարյա հոգևոր փորձառությունից ելնելով, իր զավակներին տեղեկացրել է իր տեսակետը և զգուշացրել: Իսկ ֆիլմի ցուցադրմամբ կամ չցուցադրմամբ պիտի մտահոգ լինեն աշխարհիկ իշխանությունները` որպես ուղեցույց ունենալով արդեն իրենց Մայր Եկեղեցու դիրքորոշումը: Չե՞ք կարծում, որ ֆիլմի ցուցադրման արգելքը կլիներ լավագույն գովազդը, և այս անգամ արդեն մարդիկ պիտի փորձեին ձեռք բերել ֆիլմի լազերային սկավառակները կամ փնտրեին այլ միջոցներ` այն դիտելու համար: Ըստ իս` մեր հավատը չի կարող սասանվել այս կամ այն գիրքը կարդալու կամ ֆիլմ դիտելու պատճառով: Դեմ եմ ֆիլմն անհարկի գովազդելուն: Ֆիլմը, որ հարուստ է վայրագ տեսարաններով, երբեմն անիմաստ և անտեղի երկխոսություններով, չի կարող շեղել մի մարդու, որը քիչ թե շատ ծանոթ է քրիստոնեությանը, սեփական ժողովրդի և համաշխարհային պատմությանը:

Օրհնությամբ՝ Տ. Զաքարիա աբեղա Բաղումյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս