ԵՄ-ն պետք է առանց այցագրի ռեժիմ սահմանի Վրաստանի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար. Ժան Կլոդ Յունկեր
Եվրամիությունը պետք է առանց այցագրի (վիզայի) ռեժիմ սահմանի Վրաստանի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար: Ինչպես հայտնել է AFP-ն, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսին նման խորհրդատվությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մենք լավ գործ ենք արել»,- այսպես է գնահատել Յունկերը Եվրոպական հանձնաժողովի կողմից Վրաստանին առանց այցագրի ռեժիմի տրամադրման հարցի վերաբերյալ դրական հաշվետվությունը:
Հաշվետվության համաձայն՝ Եվրահանձնաժողովը, նպատակ ունենալով սահմանել առանց այցագրի ռեժիմ, 2016 թվականին Եվրամիության խորհրդին կներկայացնի օրենսդրական առաջարկություն՝ փոփոխություն կատարել № 539/2001 կարգավորման մեջ:
№ 539/2001 կարգավորումը, որը կայացվել է 2001 թվականի մարտի 15-ին, ներառում է երկրների ցուցակ, որի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է այցագիր: