Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր բարդ ու դժվարին աշխատանքը` ուղղված անձի, հասարակության եւ պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը եւ պահպանմանը, դժվար է գերագնահատել: Այդ կարեւոր առաքելության հաջող ու արդյունավետ իրականացման համար համակարգի յուրաքանչյուր աշխատակցից պահանջվում է բարձր արհեստավարժություն ու պատասխանատվություն, անմնացորդ նվիրվածություն հայրենիքին ու հարազատ ժողովրդին:
Եվ հատկապես հիմա, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ռազմաքաղաքական տարբեր զարգացումներ, ազգային անվտանգության առջեւ ծառացած խնդիրները պահանջում են նոր մոտեցումներ եւ լուծումներ: Դրա հետ կապված ձեր աշխատանքը պետք է մշտապես կատարելագործվի՝ հաշվի առնելով ժամանակի պահանջները:
Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանեն հնարավորը օրենքով իրենց վերապահված գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար: Պետությունն էլ այսուհետ եւս կշարունակի ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»: