Ինչո՞ւ դուք 15 օր առաջ չէիք հայտարարում Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի կապերի մասին. Դավութօղլուն մեղադրում է Ռուսաստանին
Թուրք ու ռուս ժողովուրդների միջև չկա ու չի կարող լինել խնդիր: Թուրքերն ու ռուսները երկու մեծ ժողովուրդներ են, որոնք միասին կերտել են Եվրոպայի ու Ասիայի պատմությունը: Ռուսները հպարտ ժողովուրդ են ու մենք նրանց հարգանքով ենք վերաբերվում: Սակայն յուրաքանչյուրը պետք է իմանա, որ թուրքը նույնպես հպարտ ժողովուրդ է ու ակնկալում է հարգանք այն ժողովուրդներից, որոնք հարգում է: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում:
Նա դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով քննարկել խնդիրները դեմ առ դեմ ու չմեղադրել միմյանց անտեղի՝ պնդելով, թե Թուրքիան աջակցում է ԴԱԻՇ-ին, այնինչ «15 օր առաջ այդ ամենը օրակարգում չի եղել»:
«Ինչո՞ւ դուք 15 օր առաջ չէիք հայտարարում Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի կապերի մասին: Մենք օգտագործել ենք ինքնապաշտպանության մեր իրավունքը, երբ մեր օդային տիրույթում խոցել ենք անհայտ ինքնաթիռ: Դրա համար ոչ ոք չի կարող մեղադրել Թուրքիային: Մենք չենք կարող ներողություն խնդրել մեր սահմանները պաշտպանելու համար: Թուրքիայի ու Սիրիայի հետ սահմանը Թուրքիայի ու Ռուսաստանի սահմանը չէ: Մենք ոչ ոքի վրա վերևից ներքև չենք նայում, սակայն չենք էլ ուզում, որ մեզ վրա այդպես նայեն:
Այդ իրադարձությունը տեղի է ունեցել ոչ թե Ռուսաստանի հետ սահմանի հարևանությամբ, այլ Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ: Թուրքմեններին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով սպանելը նշանակում է ջուր լցնել նրա ջրաղացին: ԴԱԻՇ-ի դեմ հիմնական պայքարը մղում են հենց թուրքմենները»,- հայտարարել է նա: