Ինչ էր ասել 1995թ. հուլիսի 4-ի գիշերը Վանո Սիրադեղյանն Արամ Աբրահամյանին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «1995 թվականի մայիս: Ազատության հրապարակ: Ելույթ է ունենում ԱԺՄ վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Ավագյանը: Բառացի չեմ կարող մեջբերել, բայց իմաստը հետեւյալն է. հերիք չի՝ Լեւոնը եւ իր ավազակախումբը չորս տարի շարունակ թալանում են երկիրը, հիմա էլ Լեւոնը ուզում է իր համար թագավորական իրավասություններ ամրագրել բռնապետական Սահմանադրության միջոցով: Հանրահավաքն ավարտվում է երթով: Մի քանի հարյուր մարդ անցնում է Մաշտոցի պողոտայով, Ամիրյանով եւ Աբովյան փողոցով վերադառնում է հրապարակ: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են հետեւյալ կոչը. «Ա-յո-ն ջըն-ջե՛ք», «Ա-յոն ջըն-ջե՛ք»:

Ինչո՞ւ եմ ես այդ ամենը հիշում քսան տարի անց: Պարզապես՝ հաստատելու համար, որ ամեն ինչ կրկնվում է:

Վերջերս, օրինակ, մի քաղաքացի ինձ ամենայն լրջությամբ հարցնում էր՝ ճի՞շտ է, որ նոր Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանում փոխանցվելու է ժառանգաբար: Իսկ մեկ այլ քաղաքացի նույն լրջությամբ հետաքրքրվում էր՝ ճի՞շտ է, որ նոր Սահմանադրությունը թույլատրում է միասեռական ամուսնությունները: Սրանք բոլորը «Ոչ»-ի քարոզչության պատառիկներ են: Քարոզիչները շատ լավ գիտեն, որ իրենց լսարանից ոչ մեկը չի կարդա Սահմանադրության նախագծի տեքստը, եւ «լարում են» իրենց երեւակայությունը, անգամ նախագծի չեղած հոդվածներն են մատնանշում: Նման անհեթեթությունները ստվերում են բանական փաստարկները: Օրինակ՝ Սահմանադրության նախագծում իրականում տեղ գտած «կայուն մեծամասնության» եւ ընտրությունների երկրորդ փուլի խիստ խոցելի նորմը, հօգուտ որի «Այո»-ի կողմնակիցները չունեն որեւէ լուրջ փաստարկ: Իսկ ամենակարեւորն այն է, որ թե՛ քսան տարի առաջ եւ թե՛ այսօր բոլորը գիտեն, թե ինչ արդյունք կունենա հանրաքվեն, եւ որքան անտարբեր է մեր բնակչությունը այդ ամբողջ բանավեճի նկատմամբ: «Սահմանադրությունը վերացական բան է, ժողովրդին դա չի հետաքրքրում»՝ 1995թ. հուլիսի 4-ի գիշերը ինձ ասաց Վանո Սիրադեղյանը»:

Տեսանյութեր

Լրահոս