«Վերջին հակաահաբեկչական գործողության աննախադեպ հրապարակայնությունը ցույց է տալիս օպերացիայի անլրջությունը». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ոչ մեկը մյուսից փրկարար գործողություն թող չսպասի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպելիք՝ դեկտեմբերի մեկի հանրահավաքին, որին մասնակցելու է նաև ինքը: Նա անդրադարձավ նաև օրերս Նորք-Մարաշում ձերբակալված խմբին, որը, ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ Հայաստանում հանցագործություններ էր ծրագրում: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ այդ օրերին վնասազերծվել է հանցավոր խումբ, որն իր դաժանությամբ, պատրաստվածությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանում:
Տևական ժամանակ Հայաստանից բացակայող՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս օրերին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ միասին հանդիպումներ կունենան մարզերում բնակվող քաղաքացիների հետ, ապա դեկտեմբերի 1-ին կհանդիպեն Ազատության հրապարակում: Նրա խոսքով, այս ճակատը շարքային հայաստանցու և հայ ժողովրդի բռնած ուղին է: Դա, ըստ նրա, նաև հակաահաբեկչական ուղի է, որովհետև մերժում է բռնությունը, ապօրինությունը:
«Մենք մերժում ենք օրենքի հղմամբ իրավունքի ոտնահարումը և մենք պայքար ենք տալու մեր սեփական վախի և ահաբեկված լինելու դեմ: Վերջին շրջանի ձերբակալությունները, օպերացիաները ցույց են տալիս, որ մեզ մոտ ոչ միայն օրենքը չի գործում, այլև քաղաքականացված են պետական նշանաբան վերցրած գործողությունները: Այս վերջին գործողության աննախադեպ հրապարակայնությունը, դռների (Նորք Մարաշում գտնվող տան, որտեղ վնասազերծվել է խումբը.- Ա.Մ.) կապարակնքված չլինելու փաստը, մասնավոր անձանց մուտքի հնարավորությունը ցուցանում է այս օպերացիայի անլրջությունը, նպատակաուղղվածությունը և նաև արտաքին միջավայրը ներքին հատվածական կեղծ նպատակների համար չարաշահում: Ոչ մեկը կասկածի տակ չի առնում անվտանգության ծառայություններում առանձին մասնակիցների, ծառայողների, սպաների մասնագիտական ունակությունը, հայրենասիրությունը, բայց մենք գործ ունենք այսօր մի վիճակի հետ, երբ պետական մարմինը հերթական անգամ ծառայեցվում է կուսակցական, հատվածական շահին: Մեր պայքարն այսօր Հայաստանի Հանրապետության համար է և կուսակցապետության խորացումը կանխելու համար: Թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես մեր ազգային միասնության միջոցով վերականգնվելով որպես անկախ ինքնիշխան պետություն՝ կորցնենք այն, այդ հանրապետությունը, մեր սերնդի օրերում, թույլ տանք, որ դառնա կուսակցապետություն»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով հույս հայտնել, որ դեկտեմբերի 1-ից սկսած ամեն օրը մինչև դեկտեմբերի 6-ը, 7-ը, ապա՝ դրանից հետո, ՀՀ քաղաքացիները գալով-մասնակցելով պայքարին, բաժնեմասը վերցնելով այս պայքարի, կդառնան ուղղորդողները, ջահակիրները, շահակիրները, իրավունքի պաշտպանները: Նա նաև հստակեցրեց, որ ով խոսելու է հարթակից՝ մենաշնորհ չունի, միանձնյա չի անելու, հրապարակը պիտի խոսի կամ չի խոսելու, և ուրեմն թող ոչ մեկը չսպասի որևէ մեկից փրկարար գործողություն, դա չի լինելու: Քաղաքական գործիչն ընդգծեց` «Կամ ժողովուրդը պետք է իրավական տիրությամբ գա հրապարակ, մասնակցի, ինքը որոշի՝ իր «ոչ»-ն ինչպես ասել` ակտիվ «ոչ»-ո՞վ, թե՞ չմասնակցելով, մեկ բան շատ պարզ է` դեկտեմբեր 1-6-ը, եթե ազգը ցույց տա իր միասնականությունը, եթե մերժի այդ միասնականությունը խաթարելու ներքին և արտաքին փորձերը, դեկտեմբեր 6-ից, 7-ից ունենալու ենք նոր իրավիճակ, որ տանելու է մեզ մեր ցանկացած Հայաստանին: Մենք պատրաստ ենք այդ պայքարին»: