Ի՞նչ է նշանակում՝ լինել հոգով խոնարհ. Դա ինքնանվաստացումը չէ՞
– Ի՞նչ է նշանակում՝ լինել հոգով խոնարհ: Դա ինքնանվաստացումը չէ՞ արդյոք:
– Քրիստոս ասաց. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11: 29): Աստծուն նմանվելը մի՞թե կարող է ինքնանվաստացում լինել: Հակառակը. «Նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղուկ. 14: 11, Մատթ. 23: 12): Աստված «հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին» (Ղուկ. 1: 52): «Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայ. 66: 2), – ասում է Տերը:
Տիեզերքի Աստվածը կամովին խոնարհվեց և մարդացավ, քանզի Իր և մարդու միջև ահռելի տարածություն կար: Աստված կամեցավ խոնարհվել, մարդ դառնալ, նաև անարգվել, կրել փշե պսակը, ծաղրը, խաչը, մահվան դատապարտվել: Սա է իրական խոնարհումը: Հոգու խոնարհությունն աշխարհից, մեղքերից կամովին հրաժարվելն է, որպեսզի Աստծով լուսավորվել ու գնալ երկնային շնորհներին ընդառաջ: Իզուր է այն կյանքը, որի արդյունքը երկնային արքայությունը չէ: Երկար կլինի կյանքը, թե կարճ, մարդիկ ինչպես կգնահատեն՝ արգասաբեր է, թե ոչ, միևնույնն է: Մարդն հոգով կարող է մերձենալ Աստծուն, որի համար ամենահիմնական գործոնը խոնարհությունն է: Հիսուս Ինքն էլ ասաց, որ բնակվում է խոնարհ ու հեզ հոգիների մեջ: Խոնարհության ու սրբության լավագույն օրինակ է Մարիամ Աստվածածինը, Որը խոնարհվեց Աստծո կամքի առջև: Սա բավական էր, որ Աստված Նրան մեծ շնորհների արժանացներ:
Օրհնությամբ՝ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյան
qahana.am