Ռուսական կործանիչի խոցումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում՝ ԼՂՀ հակամարտությունը մղելով հետին պլան
«168 Ժամի» զրուցակիցն է Վաշինգտոնի Տրանսատլանտյան ակադեմիայի գիտաշխատող, Բեռլինի Ազատ համալսարանի (Freie Universitat) համագործակցող, քաղաքական գիտությունների դոկտոր Նելլի Բաբայանը (հարցազրույցը վարել ենք անգլերեն լեզվով, այն ձեզ ենք ներկայացնում թարգմանաբար)։ Տրանսատլանտյան ակադեմիայում նա ուսումնասիրում է Ռուսաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ։
Գերմանիայի Ազատ համալսարանում նա 2012-2015թթ. ավագ հետազոտող և դասախոս էր։ Նրա հետազոտական և դասախոսական հետաքրքրությունները ներառում են ժողովրդավարացումը, դրա խթանումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ապա տրանսատլանտյան հարաբերությունները, հետսովետական ու համացանցային քաղաքականությունը։
– Դոկտոր Բաբայան, մեր աչքի առջև փոխվում է աշխարհակարգը, որն իր ազդեցությունն է ունենում նաև մեր տարածաշրջանի վրա, որտեղ Հայաստանը բավականին խոցելի իրավիճակում է հայտնվել. հակամարտություն Ադրբեջանի հետ, սահմանին և շփման գծում լարված իրավիճակ, փակ սահմաններ Թուրքիայի հետ, անվտանգության ոլորտում կախվածություն Ռուսաստանից, ՌԴ-Արևմուտք հակամարտություն, իսկ վերջին օրերին՝ նաև ՌԴ օդային «արշավ» Սիրիայում և ռուս-թուրքական բարդ հարաբերություններ։ Այլևս ակնհայտ է, որ ի տարբերություն հավաստիացումների, Ռուսաստանը չի ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Հայաստանն իր անվտանգության ամրապնդման համար ի՞նչ նոր մոդելներ կարող է գտնել` հաշվի առնելով վերոնշյալ իրողություններն ու Ռուսաստանի հնարավոր ճնշումները։
– Առաջին հերթին` փոփոխվող աշխարհակարգի մասին խոսելը նորաձև է դարձել։ Ինձ թվում է, որ հաճախ մենք չենք գիտակցում, թե ինչպես կփոփոխվի այդ աշխարհակարգը, և որոնք են գլխավոր մարտահրավերները։ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգում միանշանակորեն տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր, այդ աշխարհակարգում պետությունները գլխավոր խաղացողներն էին միջազգային բեմում, և այնպիսի կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է, ԱՀԿ-ն կամ ՆԱՏՕ-ն, ստեղծվել էին այդ աշխարհակարգի սկզբունքները պահպանելու համար։ Ներկայումս այդ տեղաշարժերը հիմնականում գալիս են ոչ պետական սուբյեկտներից և ավելի հստակորեն ահաբեկչական կազմակերպություններից, որոնք, թվում է, հաջողում են շատ երկրների քաղաքական օրակարգը ձևավորելու հարցում։ Սակայն Ռուսաստանը ազդեցություն է հաստատել Հայաստանի նկատմամբ՝ անկախ նման տեղաշարժերի և նոր խաղացողների ի հայտ գալուց։
Երկրորդ, անհրաժեշտ է վերջապես հասկանալ, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ բխում է Հայաստանի քաղաքական և անվտանգության իրավիճակից։ Երկարաձգված ԼՂ հակամարտությունը Ռուսաստանի համար հիանալի միջավայր է ստեղծում իր ազդեցության հաստատման և Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ազդելու համար, հաշվի առնելով վերջինիս քաղաքական խնդիրներն ու սահմանափակ տնտեսական հզորությունը` ի համեմատ Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ, միամտություն կլինի ենթադրելը, որ Ռուսաստանը կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը, եթե դա դադարի Ռուսաստանի շահերից բխել, և ներկայումս Ռուսաստանն ավելի զբաղված է գործողություններով Ուկրաինայում և Սիրիայում։
Ռուսական կործանիչի խոցումը Թուրքիայի կողմից էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում` ԼՂ հակամարտությունը մղելով ետին պլան։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Հայաստանի անվտանգության նոր մոդել կարող է գտնվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ և դա կարող է արվել միայն իմաստալից բանակցությունների և հակամարտող բոլոր կողմերի կողմից զիջումների միջոցով։
Այս կամ այն կերպ ԼՂ հակամարտությունը Հայաստանին թույլ կտա որոշել սեփական արտաքին քաղաքականությունը` առանց անվտանգության կամ ռուսական հարկադրանքի։ Ի հավելումն դրա, դա ոչ միայն կամրապնդի եռակողմ տարածաշրջանային համագործակցությունը, այլև թույլ կտա Հայաստանին շարժվել դեպի ժողովրդավարական բարեփոխումները, քանի որ գործող իշխանությունը հնարավորություն չի ունենա ժողովրդավարության խախտումներն արդարացնել անվտանգության հոգսերով։
– Հայտնի է, որ չկարգավորված ԼՂ հակամարտությունը Հայաստանի թույլ կետն է։ Օրինակ` մինչ ԵՏՄ անդամ դառնալը Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մաս էր կազմում հետևյալ հարցը` կարո՞ղ է Հայաստանը ԵՏՄ անդամ դառնալ Ղարաբաղի հետ, թե՞ ոչ։ Հաշվի առնելով հակամարտությունը` ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը չե՞ն կարող Հայաստանին ապահովել այնպիսի երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան Հայաստանին հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ՝ առանց կորցնելու ԼՂ-ն, ինչպես Ուկրաինան` Ղրիմը, Վրաստանը` Հարավային Օսեթիան և Աբխազիան։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության հարցում ազատ դառնալու համար հետսովետական երկրները կորցնում են իրենց տարածքները, քանի որ համարյա թե բոլոր երկրներն ունեն հակամարտություններ, որոնք Ռուսաստանի ձեռքում գործիք են դարձել։
– Առաջին հերթին` թույլ տվեք հստակեցնել, որ այստեղ իմ պատասխանը հիմնված է միջազգային նորմերի և կարգավորումների, և ոչ` զգացմունքների և մարդասիրական նկատառումների վրա։ Ճիշտ եք, երբ նշում եք, որ տարածքային հակամարտությունները հետսովետական տարածքում հաճախ օգտագործվում են Ռուսաստանի կողմից, որպես ազդեցության գործիք։ Սակայն, զուգահեռը, որը Դուք տանում եք «ԼՂ-ն կորցնելու» և Ուկրաինան` Ղրիմը, Վրաստանը` Աբխազիան և Հարավային Օսեթիան կորցնելու միջև տեղին չէ։ Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի մի քանի բանաձևերի համաձայն` ԼՂ հակամարտությունը խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ոչ Հայաստանի։ Հայաստանի տեսանկյունից ԼՂ-ի իրավիճակի հավասարեցումը Ուկրաինայի Ղրիմին և Վրաստան ՀՕ-ին և Աբխազիային բավականին անհամատեղելի է, քանի որ, ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի` Հայաստանի տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է։
Միևնույն ժամանակ, մինչ Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը պնդում են տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանն աջակցում է ինքնորոշման սկզբունքին։ Ուստի Հայաստանը դեմ քվեարկեց 2014թ. ՄԱԿ-ի ԳԱ-ի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող և Ղրիմի բռնակցումը չեղարկող բանաձևին կամ 2013թ. Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող և ներքին տեղահանվածների վերադարձն ինքնահռչակ Աբխազիայի և ՀՕ հանրապետություններ ենթադրող բանաձևին։ Թերևս, միգուցե հասկանալով միջազգային իրավունքի այս նրբությունները, Հայաստանը դեռ չի ճանաչում ԼՂ անկախությունը։
Չեմ կարող ասել, թե որոնք էին հիմքերն այնպիսի սպասումների, թե ԵՏՄ-ին կմիանա նաև ԼՂ-ն, ինչպես նշում եք։ ԵՏՄ-ի համաձայնագիրը հստակ է, որ իր անդամները պետություններ են, և ընդհանուր տնտեսական գոտին բաղկացած է նրանց տարածքներից։ Քանի որ ԼՂ-ն ճանաչված չէ ՄԱԿ-ի ոչ մի անդամ պետության կողմից և դե յուրե Հայաստանի կազմում չէ, ԼՂ-ի միացումը ԵՏՄ-ին կհակասեր հենց ԵՏՄ համաձայնագրին։ Այնուամենայնիվ, ինչպես գիտենք, Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, և ԼՂ հակամարտությունը, ըստ էության, դրան չխոչընդոտեց։
Սակայն, հնարավորություն տվեց ՌԴ-ին իրավիճակից oգտվելով` ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ և վերջինիս շեղել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ապա մի մոռացեք Ադրբեջանի կարևորությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար։ Ադրբեջանը ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է իր էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ծրագրերի հարցում։ Այսպիսով սպասել, որ ԵՄ-ն Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտա Ադրբեջանի շահերի հաշվին, իրատեսական չէ։ Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումները հաշվի առնելով` կարելի է ասել, որ ԵՄ-ն, դեռ թվում է` ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ` աջակցելով Հայաստանի զարգացման գործընթացին։
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։ Ձեր կարծիքով` ինչպե՞ս Հայաստանը կարող է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը։
– Առօրեական է դարձել Ռուսաստանին մեղադրելը հետսովետական կամ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում խնդիրների համար։ Մինչդեռ կասկած չկա, որ Ռուսաստանը կիրառում է անհամաչափ ազդեցություն հետսովետական պետությունների նկատմամբ և համարում նրանց իր վերահսկողության գոտում, անհրաժեշտ է հիշել, որ Ռուսաստանը հաճախ oգտվում է այս երկրների ներքաղաքական և տնտեսական իրավիճակից։ Ի տարբերություն ԵՄ-ի, Ռուսաստանի աջակցությունը չի տրվում ժողովրդավարության և մարդու իրավունքների պայմանականությամբ։ Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդավարության վիճակը, չպետք է անակնկալ լինի այն, որ Հայաստանի իշխանությունը կընտրի կառավարման ռուսական, և ոչ` եվրոպական ոճը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի` որպես Հարավային Կովկասում իր վերջին «հենակետ», հաշվի առնելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազաները։ Սակայն, միգուցե նաև Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի կարիքն ունի իր ավտորիտար միտումները ՌԴ ճնշումներով արդարացնելու համար։
– ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում բավարար համարո՞ւմ եք։
– Անկախ միջնորդական ջանքերից` հակամարտության կարգավորումը հակամարտող կողմերի և զիջում ու կարգավորում գտնելու համար համագործակցելու նրանց ցանկության ձեռքում է։ Ցավոք սրտի, այս պահին նման համագործակցություն կամ փոխզիջում չի նկատվում ոչ հակամարտող կողմերի հռետորաբանությունում, ոչ գործողություններում։ Ռազմատենչ հայտարարությունները, հիմնականում Ադրբեջանի կողմից, նույնպես չեն նպաստում հակամարտության իրավիճակին։