Ռուսաստան-Թուրքիա ռազմական բախում տեղի չի ունենա. թուրքագետ
Սա բավական վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից, որով նա փորձում է ավելի վճռական ու համարձակ երևալ: Այսպիսի տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա՝ Թուրքիայի այս քայլը մի քանի բացատրություն կարող է ունենալ.
«Մեկը ներքին հարթությունն է: Պետք է հասկանալ որոշումների կայացման այն մեխանիզմը, որ Թուրքիայում կա. չի բացառվում, որ այդ որոշումը կայացվել է Էրդողանի հավակնությունների շրջանակում ու ոչ պետական մակարդակով: Փորձագիտական հանրությունը կանխատեսել էր, որ նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններից հետո ինչպես ներքաղաքական հարթությունում, այնպես էլ՝ տարածաշրջանում, մենք կտեսնենք ավելի անկանխատեսելի, ավելի ագրեսիվ հարևան՝ հանձին Թուրքիայի:
Մյուսը արտաքին քաղաքական հարթությունն է: Չափազանց ռիսկային քայլ էր սա Թուրքիայի կողմից, ու այս ռիսկին գնալով՝ Թուրքիան փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել: Թուրքիան սրանով ատամներ է ցույց տալիս, ու եթե համաձայնեցված չէր ԱՄՆ-ի հետ, փորձում է դիվիդենտներ ապահովել ԱՄՆ-ի հետ իր հնարավոր քայլերում՝ անվտանգության գոտում: Սրանով հանդերձ, Թուրքիան ստեղծում է մի իրավիճակ, երբ կարող է ակտուալ դառնալ Արևմուտքի կողմից նախանշված թուրք-սիրիական 100 կմ-անոց հատվածի հռչակումը որպես անվտանգության գոտի, որտեղ էական դեր է ունենալու Թուրքիան»:
Մյուսն, ըստ թուրքագետի, թյուրքմենական խնդիրն է. «Վերջին շրջանում Թուրքիան չափազանց ակտիվ փորձեց հարցը տեղափոխել միջազգային քաղաքականության օրակարգ, այդ թվում նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և այն տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում սիրիական թյուրքմենաբնակ այդ շրջաններում, տեղավորվում են այն տարածքի մեջ, որ ուրվագծվելու է որպես անվտանգության գոտի»:
Թուրքագետի կարծիքվ՝ հաջորդ խնդիրը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների պատմական զուգահեռներն են. «Վերջին տարիներին ականատես էինք լինում ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ զարգացման, որն առավելապես տնտեսական, էներգետիկ ոլորտով էր պայմանավորված, և շատ դեպքերում այդ ոլորտն իր դերն էր ունենում քաղաքական հարաբերություններում: Կողմերը փորձում էին ամեն կերպ խուսափել ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական շահերի բախումից, բայց դա փաստորեն չհաջողվեց Սիրիայի պարագայում, և այս ինքնաթիռի խոցումը ցույց տվեց, որ շահերի բախում երկու երկրների միջև լրջորեն գրանցվեց»:
Լևոն Հովսեփյանն ընդգծեց՝ Ռուսաստանն, այդուհանդերձ, պետք է ինչ-որ կերպ պատասխան տա Թուրքիային.«Դա կլինի ռազմական ոլորտում՝ Սիրիայում, և նաև՝ տնտեսական ոլորտում: Երկար ժամանակ այդ լարվածությունը կողմերի մեջ կպահպանվի: Բայց չեմ կարծում թե սա կհանգեցնի Ռուսաստան-Թուրքիա ռազմական բախման, շահերի բախումը տեղի կունենա Սիրիայում: Ռուսաստանն ավելի կմեծացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, կհարվածի այն թիրախներին, որոնք չափազանց ցավագին են ընկալվում Թուրքիայի կողմից, և, սրանով հանդերձ, միգուցե տնտեսական- քաղաքական ոլորտում հարաբերությունները որոշակի հետընթաց կունենան: Բայց կգա մի ժամանակ, երբ կողմերը կվերսկսեն բանակցությունները և նորից չեն ցանկանա զոհել տարիների ընթացքում տնտեսական ոլորտում կուտակվածը»: