Հայաստանում 10-ից երեքն աղքատ է
Վերջապես։ Վերջապես իմացանք` որքան է աղքատության ցուցանիշը 2014 թվականի վերջի դրությամբ։ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։ Հիշեցնենք, որ մինչ երեկ մեզ հայտնի էր միայն 2013 թվականի ցուցանիշը` 32%։
Այլևս չչարաշահենք ձեր համբերությունը։ Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Այսինքն` աղքատությունը նվազել է 2 տոկոսային կետով։ Իսկ մինչ այդ եկեք հասկանանք` ի՞նչ է նշանակում աղքատության մակարդակ, և ինչպե՞ս է այն չափվում։ Ըստ էության, ՀՀ վիճակագրությունն աղքատությունը բաժանում է 3 խմբերի` աղքատներ, շատ աղքատներ և ծայրահեղ աղքատներ։
Աղքատ գնահատվում են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից։ Իսկ վերին ընդհանուր գիծը Հայաստանում 2014 թվականին եղել է ամսական 40 264 դրամ։ Այսինքն, այն մարդիկ, ում ամսական սպառումը ցածր է այս թվից, համարվում են աղքատ։ Հենց այս ցուցանիշն է 30%։ Սա նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ն աղքատ է։
Եթե հիմք ընդունենք ՀՀ մշտական բնակչության պաշտոնական թիվը` 3 մլն մարդ, ապա կստացվի, որ 2014 թվականի վերջին Հայաստանում աղքատ է եղել շուրջ 900 հազար մարդ։
Շատ աղքատ համարվում են նրանք, ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից (33 101 դրամ)։ Շատ աղքատների տեսակարար կշիռը 2014 թվականին եղել է 10.9%` 2013 թվականի 12.6%-ի փոխարեն։
Եվ վերջապես, կա ծայրահեղ աղքատության ցուցանիշ։ Ծայրահեղ աղքատ են համարվում այն մարդիկ, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից (23 384 դրամ)։ Այլ կերպ ասած, ծայրահեղ աղքատներն այն մարդիկ են, որոնց գումարը նորմալ սնվելուն անգամ չի բավարարում։ Ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2014-ի վերջին եղել է 2.3% (70 հազար մարդ)։
Ուշագրավն այն է, որ եթե աղքատների և շատ աղքատների տեսակարար կշիռը նվազել է, ծայրահեղ աղքատներինը հակառակը` ավելացել է։ 2013 թվականին ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1.6% էր։ Այսինքն` ծարահեղ աղքատ, օրվա հացի խնդիր լուծող մարդկանց թիվն աճել է 0.7 տոկոսային կետով կամ շուրջ 20 հազարով։ Կան նաև աղքատությանը վերաբերող այլ ցուցանիշներ, օրինակ` աղքատության սրությունը և խորությունը։ Աղքատության խորությունը միայն աղքատ բնակչության հաշվով հաշվարկվելու դեպքում ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին սպառումը ցածր աղքատության գծից։ 2014թ.-ի համար այս ցուցանիշը եղել է 4.5%։
Որպեսզի այս ցուցանիշն ավելի հասկանալի լինի, ապա այն կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և՛ աղքատ, և՛ ոչ աղքատ) հավաքագրելու աղքատության գծի 4.5 %-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար` ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին։
Զեկույցից նաև երևում է, որ եկամուտների և սպառման բևեռացումը վերջին տարիներին խորացել է (այսինքն` ապահովված և չապահովված խավի եկամուտների տարբերությունը մեծացել է)։ Սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, 2014 թվականին ավելանալով` կազմել է 0.277` 2008 թվականի 0.242-ի համեմատ։ Ըստ ամբողջական եկամուտների, անհավասարությունը 2014 թվականին աճելով` կազմել է 0.373` 2008 թվականի 0.339-ի համեմատ։ Նշենք, որ եթե գործակիցը ձգտում է 0-ի, ապա եկամուտները հավասարաչափ են բաշխվում, իսկ եթե ձգտում է 1-ի` ծայրահեղ անհավասար։
Եվս մի կարևոր ցուցանիշ։ Մայրաքաղաքում աղքատության ցուցանիշն ավելի ցածր է հանրապետական միջինից (25.2%), այլ քաղաքներում աղքատությունն ընդհանուր առմամբ կազմում է 35.1%։
Այս բոլոր ցուցանիշները, իհարկե, կարևոր են։ Սակայն համոզված ենք` սրանց մեծ մասն անուշադրության կմատնվեն և կմոռացվեն։ Առաջին տեղում կլինի այն, որ աղքատությունը կրճատվել է 2 տոկոսային կետով։ Այս հույժ կարևոր լուրը պատշաճ ուշադրության կարժանանա մեր իշխանությունների կողմից, և կհնչեն դրան նվիրված գեղեցիկ ու լավատեսական ելույթներ։
Աղքատության նվազումը, անշուշտ, կպայմանավորեն ոչ թե արտագաղթով, այլ իրենց փայլուն սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ։ Սա ոչ թե ենթադրություն է, այլ համոզմունք։ Որովհետև նույն ԱՎԾ-ն իր զեկույցում արդեն իսկ հիմքը դրել է` 2008-2014թթ. ընթացքում աղքատության աճը կապելով տնտեսական անկման հետ, իսկ նվազումը` տնտեսական աճի։ «2008-2014թթ. ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009 թվականին տնտեսության խոր անկումն էր 14.1 %-ի չափով»,- նշում է զեկույցն ու հիշեցնում, որ 2014թ. նախորդ տարվա նկատմամբ Հայաստանի տնտեսությունն աճեց 3.5 %-ով, և գրանցվեց աղքատության մակարդակի նվազում 2 տոկոսային կետով։
Իսկ տնտեսական աճի համար, իհարկե, պարտական ենք կառավարությանը (այդ թվում, ինչո՞ւ ոչ, հայրենի վիճակագիրներին)։ Ավելին, այս տարի նույնպես ամենայն հավանականությամբ տնտեսությունը կաճի մոտավորապես 3.5%-ով` այնքան, որքան նախորդ տարի։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ աղքատության ցուցանիշը կկրճատվի ևս 1-2 տոկոսային կետով։
Վերջում մի ուշագրավ հանգամանք էլ նշենք նույն զեկույցից։ Պարզվում է` իրենք իրենց աղքատ համարող մարդիկ ավելի քիչ են, քան պաշտոնապես ներկայացվող աղքատների թիվը։ Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի համեմատ, սուբյեկտիվ գնահատականներն ավելի ցածր են։ 2014 թվականին հարցվածների 17.0 %-ն իրենց համարել են աղքատ (ըստ սպառման ագրեգատի հաշվարկված 30.0 %-ի համեմատ)։
Իհարկե, սա բացատրություն ունի։ Մարդկային ինքնասիրությունը հաճախ թույլ չի տալիս, որ անձն ինքն իրեն աղքատ համարի ու այդ մասին բացեիբաց հայտարարի, որովհետև հատկապես մեզանում դա նույնացվում է անհաջողակ լինելու հետ։ Ու եթե որևէ ֆինանսական ակնկալիք (ասենք` նպաստ) չկա, ապա քչերը հարցում անցկացնողին կասեն, որ իրենք աղքատ են։
Սակայն, ինչ խոսք, աղքատության 17% այս ցուցանիշն էլ մեր իշխանությունները շատ հանգիստ կարող են վերցնել և օգտագործել ինքնագովազդի համար։