
Ալիևը ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ին առնչվող հարցեր

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին:
Հանդիպման ընթացքում Ալիևը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Անթալիայում՝ G20-ի շրջանակում, իր զրույցի մասին, ասել, որ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:
Կողմերը զրուցել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին, խոսել են էներգետիկ, կրթության, գյուղատնտեսության ոլորտներից, ահաբեկչության դեմ պայքարի, մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում համագործակցության մասին:
Նշենք, որ Բրիջիթ Բրինքը կատարում է տարածաշրջանային այց ու մինչ Բաքու ժամանելն այցելել էր Երևան ու Թբիլիսի: