Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կին հոգևորական չունի
– Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կին հոգևորական չունի: Ամենուրեք հայտարարվում է, թե Աստծո առաջ բոլորը հավասար են: Բայց հենց հերթը հասնում է եկեղեցուն, ապա հենց այստեղից էլ սկսվում է տղամարդկանց և կանանց անհավասարությունը:
– Աշխատանքի ու պարտականությունների բաժանումը բնավ չի նշանակում անհավասարություն: Եթե տանը ճաշը կինն է պատրաստում, իսկ տղամարդը հոգում ընտանիքի հիմնական ֆինանսական հարցերը, դա չի նշանակում, թե տղամարդիկ ավելի կարևոր են: Եթե կանայք զավակ են ծնում, իսկ տղամարդիկ` ոչ, դա չի նշանակում, թե որևէ մեկն ավելի կամ պակաս կարևոր է: Դա պարզապես դերերի բաժանում է: Նախ՝ ընթերցենք Աստվածաշունչը. «Ինչպես որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մեջ, որովհետև թույլատրված չէ նրանց խոսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպես օրենքն էլ ասում է» (Ա Կորնթ. 14: 34, տե՛ս նաև՝ Ա Տիմ. 2: 11-15): Ինչպես տեսնում ենք, կնոջը տրված է ավելի ծանր, սակայն երջանկարար առաքելություն` որդեծնությունը: Որդեծնության հզոր կարողության շնորհիվ կինն ավելի երկար է ապրում, քան տղամարդը: Նաև այս առաքելությունը կատարելու ընթացքում կինը երբեմն կարիք ունի առանձնանալու տևական ժամանակ` հղության ընթացքում, ծննդաբերության համար, հետծննդյան քառասնօրյա մաքրության համար, երեխային կերակրելու և խնամելու համար: Իսկ այդ ընթացքում, մի՞թե եկեղեցում պատարագ չպետք է մատուցվի:
Բացի դրանից` քահանա լինել չի նշանակում վայելել պատիվ, այլ` պատասխանատվություն: Սուրբ Բարսեղ Կեսարացին ասում է. «Եզեկիել մարգարեն Աստծու խոսքով զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս է ու վրա է հասնում և շեփորով չազդարարես, և նրանք չզգուշանան, և սուրը գալով` որևէ մեկին անպատրաստ գտնի, և նա մահանա իր անօրենության մեջ, նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ»» (տես` Եզեկ. 3: 16-18; 33: 6-7):
Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am