Բաժիններ՝

Ֆրանսիան աննախադեպ անվտանգության միջոցառումներ է իրականացնում մարդաշատ վայրերում

Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության եւ քաղաքացիների ապահովությանն ուղղված աննախադեպ միջոցառումներ են իրականացնում: Ֆրանսիացիները խոստովանում են, որ վերջին տասնամյակներում անվտանգության նման ծավալի միջոցառումներ չեն հիշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մայրաքաղաքի փողոցներում շրջում են զինված ոստիկաններ, զինվորականներ: Գրեթե բոլոր սուպերմարկետներում, մոլերում
եւ խոշոր խանութներում անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվում: Խանութի մուտքն ապահովում են անվտանգության զինված աշխատակիցները, ովքեր հաճախորդների մուտքը խանութ թույլատրում են բացառապես ստուգումից հետո: Լուրջ հսկողություն է կատարվում նաեւ հեռուստաընկերությունների եւ թերթերի խմբագրությունների մոտ:

Մշակութային կառույցներում եւ թանգարաններում ոստիկանների եւ զինվորականների ներկայություննը եռապատկվել է: Օրինակ, Ռոդենի թանգարանում անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկվել էր: Նրանք կրում են հատուկ զրահաբաճկոններ եւ ստուգում թանգարանի այցելուների պայուսակներն ու գրպանները: «Հաշմանդամների տանը», որտեղ գտնվում է Նապոլեոն Բոնապարտի
թանգարանը, բացի անվտանգության աշխատակիցներից հսկում են նաեւ ոստիկաններ եւ զինվորներ: Մուտքը խստացվել է նաեւ Լուվրում եւ Դորսեյում:

Այս երկու խոշոր թանգարանների մուտքերի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանները, իսկ շենքի յուրաքանչյուր հարկը հսկում են ինչպես
ոստիկանները, այնպես էլ զինվորականները: Անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում նաեւ կայարաններում: Շուրջօրյա հսկողություն
է իրականացվում պետական կառույցների, Էյֆելյան աշտարակի եւ Հաղթակամարի հարեւանությամբ:

Չի բացառվում, որ նոյեմբերի 17-ին Գերմանիա-Հոլանդիա խաղի ժամանակ արձանագրված միջադեպը նպաստի ոչ միայն անվտանգության միջոցառումների ժամկետի երկարաձգմանը, այլեւ ծավալների ավելի մեծացմանը: Ոստիկանության փոխանցմամբ, նոյեմբերի 13-ի ահաբեկչության մի քանի մասնակիցներ դեռեւս ազատության մեջ են, եւ իրենք չեն բացառում, որ ահաբեկչությունները կարող են կրկնվել ոչ միայն Փարիզում, այլեւ երկրի այլ խոշոր
քաղաքներում:

Ֆրանսիացիներն էլ ստեղծված իրավիճակից դժգոհ են եւ մտահոգ: Նրանց մի մասի գնահամամբ, իրավիճակն ավելի է սրվելու, քանի որ երկրի իշխանությունները ետ չեն կանգնելու Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում վարած քաղաքականությունից: Որպես իրավիճակի ձգձգման փաստ բերվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Փարիզ և Օլանդի՝ Վերսալյան պալատում արած հայտարարությունը: Հայտարարություններն ու զինվորականների ներկայությունը Փարիզում ստեղծել են հավելյալ սթրեսի եւ լարվածության իրավիճակ: Նկատելի է, որ մարդաշատ վայրերում ոստիկանական մեքենաների կամ շտապ օգնության մեքենաների անցնելը քաղաքի բնակիչների մոտ առաջացնում է նոր լարվածություն եւ սթրես:

Տեղի ունեցածն ու չորս ահաբեկիչների ազգությամբ պայմանավորված` առաջին պլան է մղվել ներգաղթյալների հարցը: Բազմաթիվ ֆրանսիացիներ, հատկապես
տարեց պահպանողականներ, դեմ են արտահայտվում ներգաղթյալների վերաբերյալ երկրի վարած քաղաքականությանը՝ շեշտելով, որ հարցն արդեն ոչ միայն
վերաբերում է երկրի ժողովրդագրական խնդրին, այլեւ ընդհանրապես անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս