«Այս Սահմանադրությամբ ամրագրվում է ձևական խորհրդարանական պետության ձևը». Արամ Գ. Սարգսյան

«Մարդը պետք է անվտանգ ու ապահովված զգա իր երկրում, իր պետության մեջ, այսինքն՝ պետք է ապահովվի մարդու իրավունքների իրականացումը: Եթե դա չի լուծվում, ապա ընդհանուր անվտանգության մասին խոսելն անիմաստ է. սահմանները պահում ենք ո՞ւմ համար: Սահմանադրության այս նախագծից մենք այդպիսի տպավորություն չենք ստանում:

Այսինքն՝ մենք հստակ հասկանում ենք, որ եթե պետությունն իր վրայից ուղղակի գցում է սոցիալական ապահովության հետ կապված խնդիրները, եթե պետությունը չի ուզում իր վրա վերցնել այն բոլոր հոգսերը, որոնք անհրաժեշտ են տնտեսությունը զարգացնելու համար, այլ միայն խթանելու է (իսկ խթանել նշանակում է՝ նստել ձիու վրա ու ստիպել, որ ավելի արագ շարժվի), դրանով դուք պետությո՞ւն եք ուզում զարգացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:

Հարցին՝ եթե «այո» քվեարկողները շատ լինեն, ու նոր Սահմանադրությունն ընդունվի, ինչպիսի՞ առավոտ է սպասվում Հայաստանին, նա պատասխանեց.

«Սովորական, առանձնապես ոչ մի բան չի փոխվելու, բայց խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե անցումային փուլն ինչպե՞ս է լինելու: Այդ անցումային փուլը խառնաշփոթ է առաջացնում այսօրվա դրությամբ: Այս Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգը դասական տարբերակով ընդունվածը չէ, սա ձևական խորհրդարանական պետության ձևն է:

Դրա համար ասում ենք՝ հարգելիներս, հետաձգեք այս ամենը:
Ռեալիթի շոու են կազմակերպել՝ գնում, մարզերով շրջում են, մարդկանց հետ զրուցում. դա իսկապես շոու է դառնում, որովհետև դրանից ոչ մի արդյունք չկա: Դա պետք է արվեր մինչև խորհրդարանի կողմից նախագծի հաստատումը: Հիմա արդեն ամեն ինչ ավարտված է, «այո», «ոչ» է մնացել, ասում են՝ ժողովուրդ, եկեք բացատրենք, թե ինչ լավ բան է սա»,- ավելացրեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս