 
                        Վարչապետն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին
 
                                    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ» ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա):
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման և զարգացման հեռանկարները: «Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու և տարբեր ուղղություններով (արևային, հողմային էներգետիկա և այլն) երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցում:
 
  
 
Վարչապետը ողջունել է «Զոհալ»-ի՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և վստահեցրել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունում ներկայում քննարկվում է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, և այս համատեքստում Հայաստանը հետաքրքրված է բարեփոխումների շարունակական իրականացման և ոլորտային նոր ուղղությունների զարգացման հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ աշխատանքը՝ առաջիկա ծրագրերը հստակեցնելու առումով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        