Ոչինչ չի հոսում, ոչինչ չի փոխվում

Եկող տարվա բյուջեի քննարկումների գնահատականը ճաշակի հարց է: Ճիշտ այնպես, ինչպես բուն «Բյուջե 2016» նախագծի գնահատականը: Այն բացառապես գնահատողի քաղաքական դիրքորոշումից ու հասարակական կյանքի նկատմամբ ունեցած գեղագիտական պատկերացումներից է կախված: Եթե Դուք հասարակական կյանքում փոփոխությունների ու նորությունների սիրահար չեք, ապա 2016-ի նախագիծը Ձեզ հետաքրքիր չէ:

Բայց այն նույնքան անհետաքրքիր է, եթե Դուք փոփոխությունների սիրահար եք: Այսինքն` վերաբերմունքը համարյա նույնն է: Պարզապես ելակետերն են տարբեր: Հետևաբար` տարբեր է նաև այն անուն-գնահատականը, որ Դուք կտաք բյուջեի նախագծին: Օրինակ, եթե հանրապետական եք կամ իշխանության համակիր, կարևորելով հասարակական կյանքի կայունությունը` դրական կհամարեք այն, որ այս նախագիծը համարյա ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների նախագծերից: 2015թ. պետբյուջեն սոցիալական ու մշակութային ոլորտների համար նախատեսել էր ծախսերի 47,9 տոկոսը: Իշխող կուսակցության պատգամավորների ջանքերը 2016-ի նախագիծը «Սոցիալական» որակավորելու փորձերն անհաջողության են դատապարտված:

2016-ի համար սոցիալ-մշակութային ոլորտի համար գումար նույն համամասնությամբ է նախատեսված` 47,3 տոկոս: Ոլորտի ֆինանսավորման 0,6 տոկոսանոց անկումը գովերգելը կամ փնովելը նույնքան անխոհեմ է: Պաշտպանության, անվտանգության ու Ոստիկանության (Ոստիկանությունը բյուջեում «հաշվառվում է» հասարակական կարգի պաշտպանություն անվան տակ) համար ծախսերը մի փոքր տատանում են տվել: 2015-ին դրանք բյուջեի ընդհանուր ծախսերի 9,1 տոկոսն էին, 2016-ին կկազմեն 10,6 տոկոս: Թերևս, ամենամեծ տատանումը կլինի պետական պարտքի սպասարկման ոլորտում: 2015-ին նախկինում վերցված պարտքերի մարման համար նախատեսված է օգտագործել բյուջեի 5,7 տոկոսը:

2016-ին այդ նպատակի համար կծախսվի 7,2 տոկոսը: Այս ավելացումը բացատրվում է նրանով, որ պետական պարտքն ինչ-որ իմաստով անտանելի է դառնում: Նույն 2015 թվականին երկրի արտաքին պարտքը նախորդ տարվա համեմատ աճելու է 16 տոկոսով: ՀՀ ԿԲ-ի պարտքն ավելի առաջանցիկ է` 17 տոկոս: 2016-ին կամ կառավարությունն ու ԿԲ-ն զսպում են իրենց պարտքառու ախորժակը, կամ էլ` պարտք վերցնելն է դժվարացել: 2016-ին արտաքին պարտքը 2015-ի համեմատ կաճի ընդամենը 6,9 տոկոսով: ԿԲ-ի պարտքի աճի տեմպը 6,3 տոկոս է: Իսկ ընդհանուր պետական պարտքը կաճի 8 տոկոսով: 2015-ին այս ցուցանիշն ուղիղ 2 անգամ մեծ էր: Եթե պետական պարտքի սպասարկման թվերի տարբերությունը չլիներ, դժվար կլիներ բյուջեի եկող տարվա նախագիծը տարբերել նախորդ տարիների նույն փաստաթղթերից: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր տնտեսական կառավարիչները բյուջեի հաշվարկի ու կառուցման կատարյալ տարբերակ են հայտնագործել:

Բյուջեն նրանք ամեն տարի վերանայում են միայն տարադրամի փոխարժեքի փոփոխության պատճառով: 2016-ի համար ամերիկյան մեկ դոլարի փոխարժեքը հաշվարկված է 483 դրամ: Բյուջետային այս «կատարելությունը» պահպանվում է մակրոտնտեսության բոլոր ցուցանիշներում: Թե՛ ՀՆԱ-հարկեր հարաբերությանը, թե՛ հարկային մուտքերի կառուցվածքին ու նման կարևոր բաներին: Բայց հենց նույն ցուցանիշներից տրամագծորեն հակառակ եզրակացություն կարելի է անել: Բյուջետային փաստաթղթի «քարացած» կառուցվածքը կարող է պատճառ լինել այն բանի, որ քարացել է մեր տնտեսական համակարգը:

Հասարակական կյանքում այդ վիճակը սովորաբար բնութագրվում է «լճացում» տերմինով: Իսկ դա էլ իր հերթին` պարտադրում է ենթադրել, որ մեր տնտեսական իշխանությունները տնտեսության զարգացման ծրագրեր չունեն: Որքան էլ այս կամ այն ոլորտը կառավարական որոշումներով գերակա են հայտարարում: Եվ զուտ այս պատճառով է մեր կառավարությունը հայտարարում, որ «Բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին` իրատեսականությունն ու կայունությունը»: Եվ այս պնդումը չես հերքի:

Փաստորեն, մեր իշխանավորները բավական իրատես են և գիտեն, որ իրենք տնտեսության զարգացման ծրագրեր չունեն: Հետևաբար՝ գերակա նպատակ հայտարարվում է կայունությունը: Իհա՛րկե, քաղաքական խաղի կանոնները պարտադրում են նաև որոշակի բացատրություններ տալ տնտեսության լճացման պատճառների մասին: Դրանցից առաջնահերթության կարգով նշվում են համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ռուսական տնտեսության կրճատումը: Իսկ երբ այսօր դրական տեղաշարժեր նկատելի չեն, կարելի է խոսել երկարաժամկետ ծրագրերից:

2016-ի նախագիծը ներկայացնելիս հենց այդպես էլ ասվեց` օրինագծի մշակման ընթացքում Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է «Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա»: Չեն էլ կենտրոնացել` 2016-ին ո՛չ կենսաթոշակները կվերանայվեն, ո՛չ նվազագույն աշխատավարձը: Խորհրդարանականներին դիմելիս` վարչապետը չթաքցրեց. «Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե` այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսանկյունից, և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից»:

Ի՜նչ վեհ ձգտում` թիրախ ունենալով բարեկեցիկ ու երջանիկ ապագան՝ հրաժարվել այսօրեական շահերից, նպաստ-թոշակի բարձրացումից և նման մանր-մունր խնդիրներից: Ափսոս, որ ժողովրդական առած-իմաստությունը հուշում է` «Մինչև առուն ջուր գա` գորտի աչքը դուրս կգա»: Բայց դե, մենք հո գիտենք, որ մեր իշխանություններն ամբոխահաճ չեն, այլ` իրատես ու գայթակղություններին դիմացող:

Տեսանյութեր

Լրահոս