
«Ես չեմ տխրի, եթե «Ոսկե գնդակը» ստանա Մեսսին». Ռոնալդու

«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ինքը չի տխրի, եթե 2015-ի արդյունքներով «Ոսկե գնդակի» մրցանակակիրը դառնա Լիոնել Մեսսին:
«Ես չեմ տխրի, եթե «Ոսկե գնդակը» ստանա Մեսսին: Դա ինձնից կախված չէ, որովհետև լավագույնին ընտրելու են ուրիշները: Ես կարիերայիս վերջին 8 տարիներին չեմ փոխվել և խաղացել եմ շատ բարձր մակարդակով: Գտեք մեկ ուրիշ ֆուտբոլիստի, ով կարող է իր մասին նույնն ասել:
Ամեն ինչ կախված է մանրուքներից՝ ով ավելի շատ կխփի, ով ավելի շատ մրցանակներ կշահի:
Ոմանք մտածում են, որ լավագույնը Մեսսին է, ուրիշների կարծիքով՝ լավագույնն Ինիեստան է: Ես հարգում եմ ուրիշների կարծիքը: «Ոսկե գնդակի» դափնեկիրը ցանկացած դեպքում լիարժեք հարգանքի է արժանի»,- նշել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան