Բաժիններ՝

«Սա կարիերայիս լավագույն ժամանակահատվածն է». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Sport1 հեռուստաընկերությանը, որը զգալի կրճատումներով հրապարակված է հեռուստաընկերության կայքում:

Հենրիխը խոսել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին:

«Թոմաս Տուխելը շատ է փոխել մեր խաղաոճը: Այն լիովին տարբերվում է նախորդ տարվա խաղաոճից: Մեր խաղը կենտրոնացած է հարձակման վրա, շատ գոլեր ենք խփում ու երջանիկ ենք»:

Ըստ Մխիթարյանի՝ սա իր կարիերայի լավագույն ժամանակն է:

Կարդացեք նաև

«Ես կարող եմ ցույց տալ իմ ամբողջ ներուժը: Պատճառը Թոմաս Տուխելն է, նա վստահություն հաղորդեց: Նա հավատում է ինձ: Երջանիկ եմ, որ նա կարողացավ ինձ ավելի բարձր մակարդակի հասցնել: Երբ Յուրգեն Կլոպը դեռ մեր մարզիչն էր, մենք լավ էինք խաղում, իսկ ես խաղադաշտում այլ կերպ էի գործում: Դա է պատճառը, որ այդքան էլ շատ գոլեր չէի խփում: Բախտս էլ միշտ չէր, որ բերում էր: Այդ պատճառով հիմա երջանիկ եմ, որ կարողանում եմ շատ հարվածել ու գոլեր խփել, իսկ թիմս էլ հաղթանակներ է տանում:

Դժվար էր, բայց հիմա կարող եմ ասել. «Այն, ինչ քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: Այդ պատճառով երջանիկ եմ, որ այն ինձ ավելի ուժեղ դարձրեց, ու հիմա ստացվում է գեղեցիկ խաղալ, գոլեր խփել, փոխանցումներ կատարել, ինչը վստահություն է հաղորդում ինձ»:

Խոսելով անձնական որակների մասին՝ Հենրիխը նշել է, որ իր գործը ֆուտբոլ խաղալն է: Չի սիրում առանձնահատուկ աչքի ընկնել:

«Չեմ սիրում դաջվածքներ: Ունեմ ոսկեգույն մեքենա, բայց ոչ ոսկուց, իսկ սանրվածքս սովորական է»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս