«Ենթադրում ենք, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն սկսում են բանակցությունները բարեխղճորեն». Պյոտր Սվիտալսկի
«ՀՀ-ն ու ԵՄ-ն բանակցություններից հետո կհասցնեն արդյունքի, որն ընդունելի կլինի երկու կողմի համար»,- ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի շրջանակում 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրին:
Մեր այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ է ստացել Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որ բանակցային այս փուլի արդյունքում համաձայնագիրը կստորագրվի, նա պատասխանեց. «Մենք ենթադրում ենք, որ կողմերը սկսում են բանակցությունները բարեխղճորեն: Երբ մենք որոշում ենք նստել միմյանց հետ և բանակցել, մենք անում ենք դա, նպատակ ունենալով հասնել եզրափակիչ արդյունքի` համաձայնագրի, ուստի կարծում եմ, որ պետք է բանակցենք բարեխղճորեն: Այս դեպքում մենք կհասնենք արդյունքի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»:
Նա ընդգծեց, որ ԵՄ դիրքորոշումը փոփոխությունների չի ենթարկվել` ԵՄ-ն հարգում է ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը և նախատեսում ունենալ նոր համաձայնագիր Հայաստանի հետ նոր պայմաններում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական միության խորհուրդը ԵՄ-ին շնորհել է Հայաստանի հետ նոր իրավապայմանագրային բազայի շուրջ բանակցություններ սկսելու մանդատ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` բանակցությունները սկսվելու են մինչև տարեվերջ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: