«Գիտե՞ք ինչ՝ ես պարտավոր չեմ ամեն քայլի գնալու պատրաստ մարդու գործողությունները գնահատել կամ վերագնահատել». Մկրտիչ Մինասյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին
«Գիտե՞ք ինչ՝ ես պարտավոր չեմ ամեն քայլի գնալու պատրաստ (թեկուզ՝ իր հայրենիքի, իր պետության, իր ժողովրդի արժանապատվությանը վնասելու հաշվին գործողություններ ձեռնարկող) մարդու գործողությունները գնահատել կամ վերագնահատել: Ամեն ինչ ասված է դրա մեջ»,- այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին արած կոչը՝ ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Հարցին՝ ՀՀԿ-ն է ավելի լավ «այո» քարոզելո՞ւ, ԲՀԿ-ն, թե՞ ՀՅԴ-ն, նա պատասխանեց. «Հարցը չհասկացա՝ դուք եք ավելի լավ քարոզելո՞ւ, թե՞ ԲՀԿ-ն, թե՞ դաշնակները: Յուրաքանչյուրս յուրովի քարոզելու ենք, յուրաքանչյուրս՝ մեր տեսանկյունից, մեր գնահատմամբ, մեր ընկալումներով և սահմանադրական բարեփոխումների այս կամ այն հոդվածը վերլուծելու մեր կարողությամբ: Հանրապետականներից կլինեն մարդիկ, որ շատ ավելի լավ կքարոզեն, քան «Բարգավաճից» կամ Դաշնակցությունից, դաշնակներից մարդիկ կլինեն, որ ինձնից շատ ավելի լավ կքարոզեն: Մարդու կարողություններից, վերլուծական ունակություններից է կախված և քաղաքագիտական մոտեցումներից ու Սահմանադրությանը ծանոթ լինելու հանգամանքից: Ցավոք սրտի, բոլոր քաղաքական գործիչները չէ, որ Սահմանադրության մասնագետ են, նրանք գիտեն այնքան, որքան տեղեկացնում են սահմանադրագետները»:
Իսկ նույնականացման քարտերի վերաբերյալ ասաց, որ քննարկումները ցույց տվեցին, որ կան հազարավոր մարդիկ, որ ունեն նույնականացման քարտ և չունեն անձնագիր. «Եթե նրանց հնարավորություն չտանք մասնակցելու հանրաքվեին, կնշանակի, որ սահմանադրական իրավունքից զրկում ենք: Խնդիրը մեկն էր. իսկ ի՞նչ անել, որպեսզի ավելի թափանցիկ լինի ու վիճահարույց չլինի ընտրությունների մասնակիցների քանակը, և նրանց՝ կրկնակի կամ եռակի մասնակցելու հնարավորությունը: Այն մեխանիզմներն ու հնարավորությունները, որ դրված են բուն Ընտրական օրենսգրքում, այդ հնարավորութունը տալիս են, որովհետև Մկրտիչ Հակոբի Մինասյան՝ 1946թ. էսինչ օրը ծնված, դժվար թե Հայաստանում ուրիշ մեկը գտնվի: Բացի այդ՝ ընտրական հանձնաժողովի անդամների մեծամասնությունն ընդդիմությունից է, նաև՝ մասնակցում են բոլոր ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձինք, իսկ նրանք, բացի քվեարկելուց, բոլոր իրավունքներն ունեն ստուգելու: Այնպես որ, այս լծակի պայմաններում կեղծելու հնարավորությունները զրոյի են հավասարեցված: Դա անհնար է, եթե մեր վստահված անձինք և հանձնաժողովի անդամները բարոյական մարդիկ են ու կատարում են իրենց կուսակցությունների, իրենց քաղաքական ուժերի կամքը»: