Ինչ է տանելու Մեդվեդևը Հայաստանից

Դեկտեմբերին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հասկանալի պատճառներով՝ դա անասելի սպասում ու էյֆորիա է առաջացրել Հայաստանի իշխանական ու քաղաքական դաշտում: Բոլորը սպասում են նրան, բոլորը, իհարկե, կգերադասեին, որ Մեդվեդևի փոխարեն՝ Հայաստան գար Պուտինը, բայց, ինչպես ասում են, «չեղած տեղը՝ Մեդվեդևն էլ է Պուտին»:

Սպասումն այդ, բնականաբար, պայմանավորված է ապագա քաղաքական քարտեզում որոշակի տեղ ունենալու, այդ տեղի համար ռուսական դաբրո ստանալու հաշվարկներով: ՌԴ վարչապետի այցի վերջնական ժամկետները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, սակայն, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում, այսինքն՝ սահմանադրական հանրաքվեից հետո: Բացառված չէ, իհարկե, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումից հետո այդ այցը չեղյալ հայտարարվի, եթե իսկապես իրականությանը համապատասխանում են տեղեկատվական այն հոսքերն ու փորձագիտական այն գնահատականները, որ Ռուսաստանում այդքան էլ լավ չեն վերաբերվում անցմանը խորհրդարանական կառավարման կարգին:
Մեդվեդևի սպասվող այցը որքան հնարավորություններ կարող է խոստանալ նրան սպասող իշխանական ու քաղաքական վերնախավի համար, նույնքան, գուցե ավելի շատ, մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար: Համենայնդեպս, նախադեպերը ցույց են տալիս, որ Մեդվեդևի «ոտքն օրհնված չէ»:

2010 թվականի օգոստոսին կայացած նրա վերջին այցելության ընթացքում ստորագրվեց Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու տխրահռչակ պայմանագիրը: Նույն այդ այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը կրկին թանկանալու է: Ու հենց այդ այցին զուգահեռ՝ հաստատվեցին տեղեկությունները, որ Ռուսաստանն Ադրբեջանին C-300 համակարգեր է վաճառելու:

Մի խոսքով, Մեդվեդևը Հայաստան գալով անպայման ինչ-որ բան տանում է Հայաստանից: Եթե ընդհանրացնենք վերը թվարկվածները, ապա Մեդվեդևը վերջին անգամ Հայաստանից տարել է ՀՀ ինքնիշխանության հսկայական չափաբաժին: Թե ինչի դիմաց՝ էական չէ, որովհետև, եթե անգամ ինչ-որ բան վճարվել է տարածի դիմաց, ապա վճարվել է ոչ թե՝ Հայաստանի Հանրապետությանը, այլ իշխանությանը, որն այդ ժամանակներից ի վեր շարունակում է իշխել Հայաստանում:

Ի՞նչ է այս անգամ Մեդվեդևը տանելու Հայաստանից: Այս հարցը պետք է մտահոգի Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու և, առավել ևս, քաղաքական ուժի ու գործչի: Բայց որևէ մեկին չի մտահոգում: Քաղաքացիները մտածում են, թե ինչ լավ է, որ ռուսական ցարի տեղակալը գալիս է Հայաստան, իսկ քաղաքական գործիչներն էլ մտածում են՝ որքա՞ն մոտ կկարողանան կանգնել որևէ միջոցառման ժամանակ ՌԴ վարչապետի կողքին, և, եթե բախտները բերի՝ արդյոք կկարողանա՞ն, խմբակային լուսանկարից բացի՝ նաև սեղմել նրա ձեռքը: Սա է Հայաստանի պետական ու քաղաքական համակարգի իրական պատկերը, որը կլիներ ծիծաղելի, այսինքն՝ ծաղրանկար, եթե այդքան ողբերգականություն չպարունակեր իր մեջ:

Տեսանյութեր

Լրահոս