Բարեգործական մեծ միջոցառում Բուքինգհեմյան պալատում

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Բուքինգհեմյան պալատն իր հյուրընկալ հարկի տակ էր հավաքել աշխարհի տարբեր երկրներից մի շարք պետական և կրոնական գործիչների, հայտնի և խոշոր գործարարների, աշխարհահռչակ երաժիշտների ու արվեստագետների: Այս բոլոր մարդկանց համախմբողը բարեգործության գաղափարն էր: Կարիքավորներին օգնության ձեռք մեկնելու ազնիվ ցանկությունը մերօրյա աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ պայմաններում անգամ ի վիճակի է լինում անհնարինը հնարավոր դարձնել։

Վերջին տարիների ընթացքում արդեն 4-րդ անգամ են միավորվում հայտնի պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի «Երևան, իմ սեր» ու Ուելսի Արքայազն Չարլզի «Դամֆրիս հաուզ» բարեգործական նախաձեռնությունները: Եվ այս մշակութային երեկոները կարծես թե դառնում են բարի և բացառիկ ավանդույթ: Դժվար թե գտնվի նման մեկ այլ համագործակցություն՝ թե բարեգործությունների, և թե երկրների միջև: Իսկ վերջինիս հիմքում, անկասկած, ընկած է այս երկու հայտնի այրերի միջև երկարամյա բարեկամությունն ու դրա արդյունքում ձևավորված փոխադարձ մեծ վստահությունը:

14193

yerevan_im_ser04 Prince_Charles_Armen_Sargsyan_ts1323259569 Charles-8

Կարդացեք նաև

Նախորդ նման երեկոներին ելույթ են ունեցել աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը, ջութակահար Մաքսիմ Վենգերովը՝ Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Հայկական Պատարագի յուրօրինակ կատարումով փայլել է ամենաճանաչված ու մեծ երաժշտական կոլեկտիվներից մեկը՝ Բախի 170 հոգանոց երգչախումբը, ինչպես նաև՝ հայ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու երիտասարդ ջութակահար Միխայիլ Սիմոնյանը:

14202 14200 14192 14189 14186

Այս տարվա միջոցառումը հատուկ է. Արքայազն Չարլզի հետ պայմանավորվածության համաձայն՝ երեկոյի ընթացքում հանգանակված ողջ գումարն օգտագործվելու է սիրիացի փախստականներին աջակցելու համար: Մասնավորապես, Երևանի կենտրոնում կհիմնվի մշակութային կենտրոն՝ Հայաստանում ապաստանած սիրահայերի համար:

Իսկ մշակութային երեկոյի ծրագիրը բավականին տպավորիչ էր. հրավիրված էին մեծանուն դիրիժոր Վալերի Գերգիևը՝ Մարիինյան թատրոնի նվագախմբով, և հայ երիտասարդ, տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Կատարվեցին Մոցարտի, Չայկովսկու և Խաչատուրյանի գործերից։ Համերգի ավարտին Նարեկ Հախնազարյանը փայլեց Կոմիտասի «Կռունկի» զգացմունքային կարարմամբ։

Բացի այդ, անհնար է չհիշել Արքայազն Չարլզի պատմական այցելությունը Հայաստան և մասնակցությունը «Երևան, իմ սեր» նախաձեռնության բարեգործական երեկոյին: Այս բոլոր միջոցառումներին հանգանակված ֆինանսական միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել զգալի նախապատրաստական աշխատանք:

Արդեն 2016թ. սեպտեմբերին նախատեսվում է մի քանի հասարակական-մշակութային հաստատությունների բացումը Հայաստանում:

14179 14178 14175 14182

Հրազդանի գեղատեսիլ ձորի պռնկին՝ Սբ. Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի հարևանությամբ վերակերտվում է Հին Երևանի մասունքներից մեկը, որը ծառայելու է՝ որպես «Վարպետաց դպրոց»։ Նրա հիմնական առաքելությունն է լինելու՝ արհեստների և արվեստի ուսուցման հնարավորություն ընձեռել կարիքավոր հայ ընտանիքների երեխաներին։

Հին Երևանի սրտում՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությամբ, կառուցվելու է համայնքային կենտրոն, իսկ Մայ Աթոռ Սբ. Էջմիածնի հարևանությամբ տնկվում և բարեկարգվում է մանկական մի նոր այգի, որի տարածքում կգործեեն նաև արվեստների ու այգեգործության դպրոցներ։

Այդ օրերին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:

14191

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև՝ որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին՝ միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` Ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար: Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս