«Նման ցինիկ վերաբերմունք մենք տեսանք ՀԱՊԿ-ի կողմից». Ռուբեն Մեհրաբյան

«Հոկտեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան առանձնանում էր նախ՝ նրանով, որ նրանք այցելեցին 3 մայրաքաղաք՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու, երկրորդ՝ այս այցելությունը հաջորդեց սեպտեմբերյան աննախադեպ սրացմանը (աննախադեպ՝ այն իմաստով, որ 94թ.-ից այս կողմ առաջին անգամ օգտագործվեց հրետանի, և եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում), և երրորդ՝ այն համանախագահներն անցում կատարեցին ԼՂՀ-ից՝ դեպի Ադրբեջան:

Այդ ընթացքում արձանագրվեցին կրակոցներ այն տարածքում և այն ժամին, երբ իրականացվում էր այդ անցումը: Դրան հետևեց համանախագահների հայտարարությունը, որից տեղեկացանք, որ մինչև տարվա վերջ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանում հանրաքվեի անցկացումից հետո, իսկ թե որտե՞ղ և ի՞նչ շրջանակներում, առայժմ որևէ մանրամասներ չկան, այսինքն՝ համաձայնեցման գործընթացը դեռ առջևում է։ Այս այցը տարածաշրջան նաև տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զբաղված են ներքաղաքական գործընթացներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ հայտարարության մեջ աչքի էր ընկնում անհրաժեշտությունը՝ վստահության նոր մեխանիզմների ներդրման և զինադադարի խախտման դեպքերի հետաքննության. «Համանախագահները նշում են, որ հենց այդ կրակոցներն էլ ապացուցում են նման մեխանիզմների ներդրման հրատապ անհրաժեշտությունը»:

Փարձագետն ընդգծեց՝ համանախագահների հովանու ներքո իրականացվող մոնիտորինգը խնդիր չունի որոշելու, թե խախտումները որ կողմից են լինում. «Այդ մանդատը նրանք չունեն: Նրանք որոշում են՝ կա՞ կրակոց, խախտում, թե՞ ոչ: Ընդ որում, դա անում են միայն մոնիտորինգի պահին: Բայց հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ է ստեղծվել, խոսվում է նման մեխանիզմի անհրաժեշտության մասին: Եթե հայկական կողմն աչք է փակում մի շատ կարևոր բանի վրա, ինչպիսին է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, և ավելին, դա անվանում է՝ որպես մեր դաշնակցի բիզնես, իսկ պարոն Նալբանդյանն էլ հրապարակայնորեն BBC-ով հայտարարում է, թե մենք դրան նորմալ ենք նայում, ապա, կներեք, դա ուղղակի վիրավորում է մարդկային բանականությունը:

Կարդացեք նաև

Այնպես որ, այն խրոխտ հայտարարությունները, որոնցով դժգոհություն են հայտնում, թե ինչո՞ւ չի ասվում՝ ում կողմից, որ կողմից են կրակոցները, ունի մի պատասխան՝ երկու մասով. առաջին՝ այդ մանդատը նրանք չունեն, երկրորդ՝ եթե Ադրբեջանին Ռուսաստանի զենք մատակարարելուն նայում եք նորմալ, ապա կներեք»:

168.am-ի այն հարցին, թե սահմանային դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածում ասվում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի՝ որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում)՝ սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ», արդո՞ք վերջին սահմանային դեպքերն ագրեսիա չէին, որ ՀԱԿՊ-ն լռեց, նա պատասխանեց.

«Սեպտեմբերյան սրացումները սկսվեցին այն ժամանակ, երբ Լավրովի ինքնաթիռը գտնվում էր Բաքվում, և մենք որևէ ակնարկ նույնիսկ չլսեցինք պարոն Լավրովից, թե՝ եթե ես եկել եմ ձեզ մոտ, ի՞նչ եք անում մեր դաշնակցի նկատմամբ: Մենք լսեցի՞նք նման բան, իհա՛րկե ոչ, Ռուսաստանից զսպող որևէ հայտարարություն լսեցի՞նք, նույնպես՝ ոչ, ՀԱՊԿ-ից՝ նմանանապես ոչ, հետո լսեցինք ինչ-որ հերթապահ ու ոչինչ չասող հայտարարություններ, և դրանցից ամենաէականը հետևյալն էր, որ Հայաստանն իր անվտանգությունը շատ լավ էլ պահպանում է, հենց պետք լինի՝ կդիմեն մեզ, մենք էլ կպատասխանենք: Նման ցինիկ վերաբերմունք մենք տեսանք ՀԱՊԿ-ի կողմից: Սա այն առավելագույնն է, ինչ մենք նրանցից կարող ենք ակնկալել, երևի դա էլ ակնկալել պետք չէ, պետք է ուղղակի անհրաժեշտ հետևություններ անել»:

Մեր այն հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի քայլերը նման պարագայում, նա պատասխանեց. «Հայաստանը պետք է նախ և առաջ՝ Ռուսաստանի նկատմամբ դեմարշներ անի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում՝ շատ հստակ ու բաց տեքստով, և երկրորդ՝ Հայաստանը պետք է այդ դեմարշներն ամրապնդի շատ կոնկրետ դիվանագիտական քայլերով: Բայց դրա համար Հայաստանը նաև պետք է ներսում այնպիսի համակարգ ստեղծի, որ ունենա անհրաժեշտ ամրության պաշարը: Եթե ձեր ամեն ինչը, նույնիսկ՝ հագի շորերը, հանում ու մոնոպոլ տալիս եք «Գազպրոմին», նման բաների մասին խոսելն ավելորդ է:

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը բացարձակ կապ չունի այն մարտահրավերների հետ, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Հայաստանի քաղաքական դաշտը կապ չունի այն իրական շահերի հետ, որոնք Հայաստանինն ու հայ հասարակությանն են: Սեփական յուղի մեջ տապակվող ինչ-որ մի ինստիտուտ է, և այդպես էլ շարունակում է, դրա համար այս պահին ավել բան սպասել, չի երևում, թե որտեղից: Վաղն իրավիճակ, մտածողություն կփոխվի՞, կփոխվի ինչ-որ բան»:

 

Տեսանյութեր

Լրահոս