«Ես և Հայկոն շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ ենք». Ասում է Միշոն

«Երիտասարդական» մետրոյի հարակից գետնանցումում օրերս յուրօրինակ մթնոլորտ էր տիրում: Ուսանողական լսարան հիշեցնող սրահում հավաքվել էին ռեփի, հատկապես՝ ռեփեր Միշոյի երկրպագուները: Այդ օրը նա հավաքվածներին ներկայացրեց իր՝ թվով, ինչպես անձամբ նշեց, 6-րդ թե 7-րդ՝ «Բծախնդիր» անունը կրող ալբոմը: Ինչպես նաև երգեց, լուսանկարվեց և ստորագրություններ բաժանեց իր երկրպագուներին: Մի խոսքով, արեց այն, ինչ սովորաբար անում են բոլոր երգիչներն իրենց ձայնասկավառակների շնորհանդեսների օրը: Մենք այդ ընթացքում զրուցեցինք ռեփերի հետ:

– Միշո, այնուամենայնիվ թվով որերո՞րդ ալբոմն է սա:

– «Բծախնդիրն» իմ անհատական՝ թվով 5-րդ ալբոմն է, բայց այս ընթացքում ես ձայնագրել եմ ևս երկու համատեղ ալբոմ, որոնցից մեկը՝ «Վիտամին ակումբի» Գարիկի հետ, մյուսը`«Մի քանի հոգի» նախագծի շրջանակներում:

Misho-rep (26) Misho-rep (35) Misho-rep (36) Misho-rep (37)

Կարդացեք նաև

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց՝ այս ձայնասկավառակն ավարտին հասցնելու համար:

– Շատ կարճ ժամանակում ավարտեցի այն: Երևի մի ամիս էլ չի տևել: Առհասարակ միշտ թիմային եմ աշխատել, և այս ձայնասկավառակն էլ բացառություն չէր: Ես ունեմ իմ մշտական թիմը, որի հետ շատ հեշտ է աշխատել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Ձայնասկավառակը պարունակում է 14 նոր երգ, բացի այդ, կցել եմ նաև 4 բոնուս երգեր, որոնք ճանաչված և լսված էին հանրության կողմից, բայց մինչ օրս ներգրավված չէին որևէ ալբոմում:

– Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար աչքի սիմվոլը, որն ընտրվել է՝ իբրև ձայնասկավառակի շապիկի նկար:

– Գաղափարը լուսանկարիչ Վահան Ստեփանյանին է, ում հետ բազմիցս եմ աշխատել: Լուսանկարում իմ աչքն է`շատ մոտիկից նկարված: Բնականաբար, այն նաև իմաստային առումով է «իմ աչքը», քանի որ այն ամենը, ինչի մասին երգում եմ, իմ աշխարհայացքն է, իմ աշխարհընկալումը:

Misho-rep (39) Misho-rep (33) Misho-rep (34)

– CD-ի շապիկին գրված է՝ «պարունակում է քֆուր»: Պարտադի՞ր պայման էր քֆուրի պարունակությունը:

– CD-ն երկու տարբերակով է թողարկվել` հայհոյանքով և առանց այդ հայհոյանքների: Քանի որ CD ինդուստրիան վաղուց արդեն վերացող երևույթ է դարձել, մենք այն թողարկել ենք սիմվոլիկ՝ ընդամենը 400 օրինակով: Հասկանալի է, որ մարդիկ վաղուց արդեն իներնետի օգնությամբ են գտնում և լսում իրենց ուզած երգը: Չնայած՝ ես սիրում եմ CD-ի գաղափարը: Նույնիսկ միտք ունեինք հին պլաստինկաների վրա թողարկելու:

Misho-rep (6) Misho-rep (8) Misho-rep (2)

– Նշեցիք, որ սիմվոլիկ թվաքանակով եք թողարկել: Ակնկալո՞ւմ եք որևէ ֆինանսական շահույթ այդ սիմվոլիկ 400 օրինակի վաճառքից:

– Ընդհանրապես չեմ սպասում որևէ շահույթ: Մենք նույնիսկ միտք ունեինք անվճար բաժանելու այս ձայնասկավառակները:

– Իսկ ինչո՞ւ մտափոխվեցիք:

– Որովհետև կարող էր բոլորին չհերիքել: Անվճար ասվածի դեպքում, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ գալիս և միանգամից մի քանի հատ են վերցնում: Իսկ այսպես ձեռք է բերում նա, ով իսկապես ուզում է:

Misho-rep (27) Misho-rep (28) Misho-rep (29)

– Առանձնապես երկար ժամանակ չի անցել այն օրից, ինչ ամուսնացածի կարգավիճակում եք: Ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր աշխարհայացքի, բնավորության, կամ միգուցե պարզապես ապրելակերպի մեջ՝ ամուսնությունից հետո:

– Հաստատ շատ բան է փոխվել: Ամենակարևոր մի բան է փոխվել, որը ես, անկեղծ ասած, չէի սպասում: Դա հանգստության զգացումն է, որ դու այսուհետ ունես վստահելի մի ընկեր, որից կարող ես նույնիսկ խորհուրդ հարցնել: Կարող է հիմա ինձ լսողները խոսքերս վերագրեն էգոիզմի, բայց ես չէի սիրում բացվել, կիսվել, քանի որ տեսակով փակ մարդ եմ: Իսկ Սոնայի հետ բոլորովին այլ եմ: Ի դեպ, հիփ-հոփն ինձ համար ինքնարտահայտման ևս մի ձև է: Հենց այստեղ եմ ես կարողանում առավել հասանելի դարձնել իմ ասելիքը:

Misho-rep (7) Misho-rep (5) Misho-rep (4) Misho-rep (3)

– Որքանո՞վ է Ձեր կինն ընկալում և ընդունում հիփ-հոփը:

– Ամենալավն ինքն է հասկանում: Նա այն մարդն է, ում կարծիքն ինձ համար շատ կարևոր է:

– Այսօր, երբ ստորագրություններ էիք բաժանում և լուսանկարվում երկրպագուների հետ, նրանց շարքում շատ էին նաև դեռատի աղջիկները, որոնք բացահայտ սիրահարված էին Ձեզ: Ըստ Ձեզ, ամուսնության լուրը՝ Սոնայի հետ, պակասեցրե՞ց երկրպագուհիների թիվը:

Misho-rep (32) Misho-rep (31) Misho-rep (30)

– Չեմ ուզում այդպես մտածել: Ավելի շատ կուզեի, որպեսզի որքան հնարավոր է շատ աղջիկներ և տղաներ ոգեշնչվեին իմ և Սոնայի ընկերությամբ: Իրականում շատ բարդ է գտնել այն միակին, ով իսկապես քոնն է, ով առաջին հերթին՝ քեզ ընկեր է: Իմ բախտն այդ հարցում բերել է:

– Ի դեպ, ինչպե՞ս եք գտել Ձեր միակին:

– Շատ պատահական՝ ԱՄՆ-ում, մեզ հրավիրել էին Սոնայենց տուն: Նրա ծնողներն ԱՄՆ-ում հայտնի նկարիչներ են: Այնպես որ, առաջինը Սոնայի ծնողների հետ եմ ծանոթացել: Արդեն երկրորդ այցն իրենց տուն՝ հատուկ Սոնային ևս մեկ անգամ տեսնելու համար էր արված:

– Եվ որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ հասկանաք՝ նա է, և վե՛րջ:

– Մեկ վայրկյան: Կարող է՝ հեքիաթային է հնչում, բայց իսկապես մի վայրկյանում ես հասկացա, որ իմ ներսում շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ: Կան երևույթներ, որոնք անբացատրելի են:

Misho-rep (23) Misho-rep (22) Misho-rep (21) Misho-rep (20) Misho-rep (19)

– Որքանո՞վ եք նման իրար: Ունե՞ք ընդհանրություններ:

– Ամենակարևորը՝ էներգետիկայով ենք իրար շատ նման: Շատ կարճ ժամանակ պահանջվեց՝ հասկանալու համար, որ մենք իրոք նման ենք: Նման ենք զգուշությամբ, խորությամբ, փակ մարդ լինելով…

– Ե՞րբ եք պատրաստվում նաև հոր դերում հանդես գալ: Misho-rep (17) Misho-rep (16) Misho-rep (14)

– Շուտով, բայց պլաններում դեռ չկա: Դեռ կատու ենք պահում:

– «Հյուսիս-Հարավ» ֆիլմի պրեմիերայի օրը ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն ասաց, որ Դուք եք առաջարկել, որպեսզի ֆիլմում Ձեր խաղընկերը լինի Հայկ Մարգարյանը, կամ, ինչպես նրան շատերն են ճանաչում՝ ՀՏ Հայկոն:

– Ոչ թե ես եմ միջնորդել կամ առաջարկել, որ Հայկոն խաղա ֆիլմում, այլ ինձ շատ է դուր եկել ֆիլմը ստեղծողների նման գաղափարը: Պարզապես միգուցե նրանք ևս չէին ենթադրում, որ ես և Հայկոն շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ ենք: Հնարավորին չափ հանդիպում ենք նույնիսկ: Եվ մեր մեջ չկան ընդհարումներ: Այդ իսկ պատճառով, երբ նրանք ասացին, որ խաղալու եմ Հայկոյի հետ, ես միայն ուրախ էի:

Misho-rep (13) Misho-rep (12) Misho-rep (11) Misho-rep (10) Misho-rep (9)

– Իսկ նա լինելո՞ւ է այսօր ուշ երեկոյան կազմակերպվելիք ձայնասկավառակի շնորհանդես-համերգին:

– Չգիտեմ: Հուսամ՝ այո: Նա նույնիսկ «Հյուսիս-Հարավ» ֆիլմի պրեմիերային և ասուլիսին չեկավ: Այնպես որ, ոչինչ ասել չեմ կարող:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս