Հարավային Օսիայի նախագահն առաջարկել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվե անցկացնել
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը պատրաստվոմ է հանրաքվե անցկացնել, որտեղ դրվելու է հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու հարցը, հայտնում է RIA Novosti-ն։
Ցխինվալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը Տիբիլովն ասել է, որ Ռուսաստանի հետ վերամիավորումը «հարավօսական ժողովրդի դարավոր երազանքն է»։
«Այսօրվա քաղաքական իրողություններն այնպիսին են, որ մենք պետք է կատարենք մեր պատմական ընտրությունը, պետք է միավորվենք եղբայրական Ռուսաստանի հետ ու դարեր շարունակ ապահովենք մեր հանրապետության, մեր ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասել է Տիբիլովը:
«Ես մտադիր եմ հանրաքվեի անցկացման կազմակերպման մեջ ներգրավել բնակչության ամենալայն շերտերին, կդիմեմ նաև կուսակցությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպություններին։ Վստահ եմ, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունն ինձ կաջակցեն։ Հանրաքվեն, որի դրական ելքին չեմ կասկածում, թույլ կտա միավորել մեր ժողովրդին»,- հայտարարել է վերջինս: