Վիճակագրությունն՝ ընդդեմ ՎԶԵԲ-ի
Այն, որ կանխատեսումներ (այդ թվում` տնտեսական) անելն անշնորհակալ գործ է, վաղուց է հայտնի։ Այս պնդման ճշմարտացիությունը լավագույնս արտահայտվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օրինակով։ Բավականին լուրջ և հեղինակավոր այս կառույցը կրակն է ընկել Հայաստանի տնտեսության համար իր իսկ կողմից արված կանխատեսումների ձեռքը։
Այսպես, 2014-ի հոկտեմբերին ՎԶԵԲ-ը կանխատեսում էր, որ Հայաստանի տնտեսությունը 2015-ին կաճի 3.5%-ով։ Դա համահունչ էր ՀՀ պետբյուջեով նախատեսվող 4.1% աճի ցուցանիշին։ 3 ամիս անց` 2015թ. հունվարին, Եվրոպական բանկը կտրուկ նվազեցրեց կանխատեսումը` հասցնելով զրո տոկոսի (այսինքն` կանխատեսվում էր ստագնացիա)։ ՎԶԵԲ-ի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճն ամբողջությամբ պայմանավորել էին Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ։
Սա միայն սկիզբն էր։ Մայիսին այս կառույցը կրկին վերանայեց իր կանխատեսումը` նվազման ուղղությամբ։ Նոր կանխատեսման համաձայն` Հայաստանի տնտեսությունը 2015-ը պետք է փակեր 1.5% անկումով, իսկ տնտեսական աճը (այն էլ` շատ թույլ տեմպով` 1%) կվերականգնվեր միայն 2016-ին։ «Հայաստանի տնտեսության աճը դանդաղել է 2015թ. սկզբին` պայմանավորված դրամական փոխանցումների և արտահանման ծավալների կրճատմամբ: Իրական ՀՆԱ-ի աճը, ամենայն հավանականությամբ, 2015թ. կլինի բացասական: 2014թ. վերջին հայկական դրամը կտրուկ, սակայն սահուն արժեզրկումից հետո կայունացավ` դրամավարկային կայուն քաղաքականության և Կենտրոնական բանկի միջամտության շնորհիվ»,- ասված էր ՎԶԵԲ-ի մայիսյան զեկույցում:
Այս գործում ՎԶԵԲ-ը միայնակ չէր։ ՀՀ կառավարության նախատեսած 4.1% տնտեսական աճին միջազգային հեղինակավոր կառույցներից ոչ մեկը չէր հավատում։ Սակայն ՀՀ կառավարությունն այս ընթացքում երբեք տեղի չտվեց և չվերանայեց տնտեսական աճի կանխատեսումը։ Տնտեսական բլոկի պատասխանատուները` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, կոչ էին անում բանի տեղ չդնել հոռետեսական կանխատեսումները և հավաստիացնում էին, որ տարին փակելու ենք նվազագույնը 3% տնտեսական աճով։
Հետո պաշտոնական վիճակագրությունն ամփոփեց կիսամյակային ցուցանիշները։
Ու մեր պաշտոնյաներն անթաքույց հպարտությամբ հայտարարեցին, որ 2015թ. առաջին կեսին ՀՀ-ի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 4%։ Իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը, ամենաթարմ տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 3.9%-ով։ Վերջին եռամսյակում դժվար թե շատ վատ ցուցանիշներ գրանցվեն, այնպես որ, 2015թ. համար, ամենայն հավանականությամբ, կունենանք 3-3.5% աճ։ Գուցե և ավելի։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում բավական լավատեսորեն էր տրամադրված և թափանցիկ ակնարկ արեց, որ բավականին լավ ցուցանիշներ ենք ունենալու։
Հիմա վերադառնանք ՎԶԵԲ-ին։ Ի՞նչ զգացողություններ նրանք կարող են ունենալ, երբ տեսնում են, որ անկման փոխարեն` Հայաստանի տնտեսությունն աճելու է, այն էլ` բավականին նորմալ տեմպով։ Համոզված ենք, որ Ազգային վիճակագրական ծառայության յուրաքանչյուր ամսական զեկույցից հետո այս կառույցում թեթև շոկ են ապրում։ Լավ` ինչպե՞ս կարող էին իրենք այսպես սխալվել։
Իհարկե, բաց տեքստով չի հայտարարվում, որ սխալվել են։ Սակայն պատրաստվում են փոխել տնտեսական աճի կանխատեսումը։ ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2015թ. Հայաստանի համար կանխատեսում են արդեն 1-3% տնտեսական աճ:
Իհարկե, պրն Դևիսը պետք է նաև ինչ-որ կերպ բացատրեր, թե ինչպե՞ս ստացվեց, որ անկումային կանխատեսումը վերածվեց աճայինի։ «Հայաստանի տնտեսությունում տարվա ընթացքում արձանագրված փոփոխությունները վկայում են, որ այն կարողանում է դիմակայել որոշ մարտահրավերների»,- ասել է Դևիսը` նշելով, որ տարեսկզբի վատ կանխատեսումների ժամանակ իրենք հաշվի էին առել Հայաստանում տրանսֆերտների և ներդրումների կրճատման փաստը, ինչպես նաև` ՌԴ տնտեսության ոչ բարենպաստ ազդեցությունը: Ասվածը կարելի է հասկանալ այսպես` ՀՀ տնտեսությունը, իր դիմադրողականությամբ, անակնկալի է բերել ՎԶԵԲ փորձագետներին։
Այդպե՞ս է դա իրականում։ Այնքան էլ չէ։
«Մենք անընդհատ թարմացնում ենք մեր կանխատեսումը` օգտվելով նաև վիճակագրությունից: Բնականաբար, տարվա կեսին արված կանխատեսումն ավելի ճշգրիտ է, քան տարվա սկզբին»,- ասել է Մարկ Դևիսը։ Եթե այս խոսքերը «վերծանենք», կստացվի, որ ՎԶԵԲ-ին անակնկալի է բերել ոչ թե ՀՀ տնտեսությունը, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը։ Ասվածն ավելի լավ պարզաբանելու համար մի օրինակ բերենք։ Ծնողն իր դիմորդ երեխային մաթեմատիկայի քննությունից 2-3 ամիս առաջ բերում է իրեն ծանոթ մաթեմատիկոսի մոտ և խնդրում մի թեթև քննել, որպեսզի հասկանա` երեխան ի՞նչ գիտելիքներ ունի և ինչպե՞ս կհանձնի քննությունը։ Մաթեմատիկոսը դիմորդի գիտելիքները ստուգելուց հետո ասում է դառը ճշմարտությունը` քննությունից անբավարար կստանա։ Քննություններն ավարտվում են, ու պարզվում է, որ դիմորդը գերազանց է ստացել (հասկանալի է` ինչ ձևով)։ Ի՞նչ պետք է պատասխանի այդ մասնագետը, եթե ծնողը նրան ասի` տեսա՞ր, իսկ դու ասում էիր` կկտրվի։ Երկու տարբերակ կա։ Կամ պետք է ասի` ձեր երեխան ինձ զարմացրեց, որ կարճ ժամանակում կարողացավ գիտելիքներն այսպես հարստացնել։ Կամ էլ պետք է կրկին իր մտքին եկածն ասի` կաշառք եք տվել։ Անկախ նրանից, թե ինչ կասի մասնագետը, միևնույն է` նա միշտ համոզված է լինելու, որ ինքը ճիշտ էր գնահատել. երեխան թույլ էր։
Հիմա նույն վիճակում ՎԶԵԲ-ն է։ Այստեղ աշխատում են բավականին լուրջ մասնագետներ, ովքեր քաջ տիրապետում են Հայաստանի տնտեսական իրավիճակին և հենց այնպես կանխատեսումներ չեն անում։ Ու այսօր նրանք նույնպես երկու տարբերակ ունեն։ Կամ պետք է ասեն` ձեր վիճակագրությունը թվեր է նկարել, կամ` ձեր տնտեսությունը մեզ զարմացրեց։ ՎԶԵԲ ներկայացուցիչը, բնականաբար, ընտրեց երկրորդ տարբերակը և անուղղակիորեն խոստովանեց, որ ցուցանիշների առումով չի կարելի «քյալլա տալ» ՀՀ իշխանությունների հետ։ Դեռ պետք է գոհ լինել, որ երկնիշ աճ չենք գրանցում։
Սակայն, այսքանով հանդերձ` Մարկ Դևիսը որոշ ակնարկներ արել է` իրենց ճշմարտացիությունն ապացուցելու համար։ Օրինակ` նշել է, որ տնտեսական աճն արձանագրվել է հիմնականում Թեղուտի հանքի շահագործման և գյուղատնտեսության աճի հաշվին (գյուղատնտեսության աճն էլ պայմանավորել է նախորդ տարվա թույլ բազայով)։ Նաև նշել է, որ ներմուծումը նվազել է 27 տոկոսով, նվազել է մասնավոր սպառումը, մասնավոր փոխանցումները, խոսել է դոլարով վարկավորման բացասական հետևանքների ու մենաշնորհների մասին։ Ասել է թե` շատ մի ուրախացեք տնտեսական աճի ցուցանիշով, միևնույն է` վիճակը տխուր է։