Ինչո՞ւ են ձգտում «հուղարկավորել» «Նաիրիտը»
Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերն ամռանը մարվելուց հետո ՀՀ պետական պաշտոնյաները, կարծես, փորձում են այլևս չհիշել գործարանի մասին: Հուլիսի 28-ին ԱԺ-ում ներկայացվեց հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Աուդիտն իրականացրել էր «Ջեյքոբս Քընսալթինգ» ընկերության փորձագետը՝ Համաշխարհային բանկի պատվերով: Այդ հաղորդման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեցին, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընդլայնված լսումներ կանցկացվեն «Նաիրիտի» շուրջ:
Հոկտեմբերի մեծ մասն արդեն ետևում է, բայց լսումների մասին այլևս խոսք չկա: Անտեսվում են նաև նաիրիտցիների` վերագործարկման պահանջով բողոքի ակցիաները ՀՀ կառավարության շենքի մոտ: Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնյաների այս խորհրդավոր լռությունը:
«168 Ժամի» տեղեկություններով՝ «Նաիրիտի» ղեկավարությունն ավարտել է գործարանի վերագործարկման նոր ծրագրի մշակումը և շուտով այն կուղարկի ԱԺ: Ըստ մեր աղբյուրների՝ ի կատար է ածվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պահանջը, և ծրագրում գործարանը բութադիենային տեխնոլոգիայով թողարկելու համար անհրաժեշտ ներդրումները հաշվարկվել են նախկինից շատ ավելի բարձր՝ Համաշխարհային բանկի աուդիտի թվերին մոտ, որը գերազանցում էր 200 մլն դոլարը: Գործարանի մասնագետների մշակած նախկին ծրագիրը՝ 60 մլն դոլար արժողությամբ, պարզապես կորել է:
Պարզ է, որ ոչ մի ներդրող մոտ չի գա նման ծրագրին ու միլիոնավոր դոլարներ չի հատկացնի «Նաիրիտի» վերագործարկման համար, քանի որ մոտ 20 տարի կպահանջվի այդ միջոցների հետգնման համար:
Նկատենք, որ գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը համարվում է ացետիլենային տեխնոլոգիայի մասնագետ, և այս նոր ծրագրում ացետիլենով աշխատեցնելու համար պահանջվող գումարի չափը նշված է 56 մլն դոլար՝ ի տարբերություն ՀԲ-ի աուդիտի, որտեղ նշված էր 192 մլն: Մինչդեռ, գործարանի նախկին տնօրենը բութադիենային տեխնոլոգիայի մասնագետ էր և գտնում էր, որ 60 մլն դոլարն էլ բավական է բութադիենով աշխատեցնելու համար: Ընդ որում՝ բութադիենն անհամեմատ եկամտաբեր է ացետիլենից, և անկախ մասնագետները գտնում են, որ առավել նպատակահարմար է առանց ուշացնելու վերագործարկել ացետիլենային եղանակով և, ընթացքում արդիականացնելով սարքավորումները, անցնել բութադիենի:
«Նաիրիտ» գործարանն այսօր կարող է բավական բարձր եկամտաբերությամբ աշխատել:
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ-ն օրենք ընդունի և հարկային արտոնություններ տրամադրի: Օրինակ՝ Չինաստանն իր կաուչուկ արտադրող գործարանների համար արտոնություններ է սահմանել, պետականորեն դեմպինգ է անում, որ այդ գործարանների արտադրանքը մրցունակ լինի: Չինաստանում բութադիենային կաուչուկի ինքնարժեքը մոտ 4000 դոլար է, Ճապոնիայում՝ 2700-2800 դոլար, ԱՄՆ-ում՝ 2300 դոլար: Մեզ մոտ նույն «Ջեյքոբսի» առաջարկած տեխնոլոգիայով այն կարժենա 2800 դոլար: Միջազգային շուկայում կաուչուկի վաճառքի գինը 3900-4500 դոլար է: Եվ դեռ ասում են, թե «Նաիրիտը» շահութաբեր չի լինի ու չի կարող աշխատել: Սա աբսուրդ է: Անհասկանալի է, թե ինչպես կարող է ՀԲ գնահատականով 25% տարեկան եկամուտ ունենալ ու չաշխատել, այն դեպքում, երբ 7-10% եկամուտ ունեցող ընկերություններն են համարվում բարձր եկամտաբեր ու աշխատում են:
Ուշագրավ դրվագ է «Նաիրիտ 2»-ին նաիրիտցիների աշխատավարձի պարտքի ու տույժերի զիջումը: Դեռ հուլիսին նախարար Երվանդ Զախարյանին հասցեագրված դիմումին ի պատասխան, որտեղ պահանջել էին պարզաբանել «Նաիրիտ 2»-ի հետ ստորագրելու համար իրենց տրվող պայմանագրի որոշակի կետեր, մասնավորապես՝ ինչո՞ւ է աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջվում «Նաիրիտ 2»-ին, նաիրիտցիներն օրեր առաջ վերջապես ստացել են պաշտոնական պատասխան՝ փոխնախարար Լևոն Շահվերդյանի ստորագրությամբ:
Դրանում նշվում է, որ ՀՀ-ն այլևս որևէ պարտավորություն չունի, աշխատողը գործարանի նկատմամբ ունեցած իր պահանջի իրավունքը, ներառյալ` տույժերի իրավունքը, վաճառում է «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին, ստանձնելով պայմանագրով որոշված իրավունքների գինը: Նաև նշվում է, որ «հետագայում «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն իրավունք կունենա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից պահանջել իրեն վճարել փոխանցված պարտքի և հնարավոր հաշվարկելի տույժերի գումարները»:
Խնդիրն այն է, որ «Նաիրիտ 2»-ը «Նաիրիտին» դեռ հայ-չինական գործարքի հետ կապված պարտք է մոտ 4.2 մլրդ դրամ: Այժմ ստացվում է, որ բյուջեից նաիրիտցիների աշխատավարձի համար գումարը՝ մոտ 4.3 մլրդ, փոխանցվեց «Նաիրիտ 2»-ին, մարդկանց պարտքը մարվեց, իսկ գործարանը պարտք դարձավ «Նաիրիտ 2»-ին, որը հիմա պետք է «Նաիրիտից» ստանա այդ գումարը: Այս հարցը լուծելու ճանապարհ, ՀՀ չինովնիկները, վստահաբար, կգտնեն, և չի բացառվում, որ դա լրացուցիչ եկամտի աղբյուր կհանդիսանա ոմանց համար: Ու դա կհամալրի մութ կամ անհասկանալի գործարքների շարքը:
Ամեն դեպքում, «Նաիրտի» վերագործարկման ծրագրի այս կտրուկ թանկացման նպատակը պարզ է:
Կարելի է հաստատապես ասել, որ ՀՀ կառավարությունը նպատակային քաղաքականություն է վարում՝ «Նաիրիտը» փակելու ուղղությամբ՝ այդպիսով շարունակելով իր նախորդի գործը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն աշխատում էր ամեն ինչ անել, բյուջեից միլիոններ էր վճարում` որպես աշխատավարձ, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա և տարիներ շարունակ կուտակված մութ գործարքների վրա լույս չսփռվի: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը սկզբում միայն մեկ ամսվա աշխատավարձ տվեց ու «խոստացավ» այլևս չվճարել: Տարբեր մակարդակներով քննարկումներ եղան, հայտարարեցին, որ գործարանը մասնավոր է, ու ՀՀ կառավարությունը կապ չունի դրա պարտքի հետ, պետք է բաժնետիրոջը գտնել ու պահանջել գումարը:
Նույնիսկ հայտարարություններ հնչեցին, որ պետք է քրեական գործ հարուցել ու պարզել՝ ո՞վ է բաժնետերը, ի՞նչ չարաշահումներ են կատարվել, և այլն: «Հետքի» բացահայտումներն ու մամուլի հրապարակումները դրա համար լիուլի բավարար էին: Եվ հանկարծ, շատ չանցած, սուսուփուս նաիրիտցիների ամբողջ աշխատավարձի պարտքը մարեցին՝ պետության հաշվին: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ են ձգտում «Նաիրիտը» հուղարկավորել: Ինչո՞ւ են փորձում անել ամեն ինչ, որ ոչ մեկը չտուժի՝ մոռանալով պետության շահը: Ի վերջո, ո՞վ է այս ամենի այդ հզոր պատվիրատուն, որի պահանջը չեն կարողանում անտեսել թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունները: Այս հարցերի պատասխանները, թերևս, քաջ հայտնի են ՀՀ վերնախավին: