Թուրք լրագրողներն ու իրավաբանները հրաժարվում են ենթարկվել իշխանությունների գրաքննության պահանջին
Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 10-ին Անկարայի ահաբեկչություններից հետո Թուրքիայի իշխանություններն արգելեցին ահաբեկչությունների հետաքննության մասին ցանկացած հրապարակում մամուլում:
Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում էր «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, տպագիր մամուլում, հեռուստատեսությունում, ռադիոյում ու սոցցանցերում ու համացանցում ԶԼՄ-ների բոլոր տեսակի քննադատական ու նմանատիպ այլ հրապարակումներին»:
Մեդիայի նկատմամբ արգելք սահմանվեց այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց երկու մահապարտ ահաբեկիչների դիերի նույնականացման պրոցեսի ավարտի մասին:
Իրավաբանններն ու քննադատորեն տրամադրված լրագրողները դատարանի որոշումը համարում են անօրինական: Մի շարք ԶԼՄ-ներ, ներառյալ լիբերալ ամենշաբաթյա Cumhuriyet թերթը, քուրդ սոցիալիստների Evrensel, ձախ արմատական Bir Gün թերթերը հանդես եկան հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ գրաքննության սահմանափակումներն «իրենց համար օրինական ուժ չեն ունենալու»:
Դատախազությունում աղբյուրները հայտարարել են, որ անգամ եթե մեդիայի սահմանափակումը հանվի մահապարտ ահաբեկիչների հետ առնչություն ունեցող անձանց ձերբակալությունից հետո, միևնույն է, հրապարակումների արգելքը մամուլի ազատության անօրինական սահմանափակում է:
Նույն կարծիքին են նաև փաստաբաններն ու լրագրողական կազմակերպությունները: