«Այսպիսի տնտեսությունը հեռանկար չունի». Գագիկ Մակարյան
«Կառավարությունն ու ոլորտի նախարարները պնդում են, որ տնտեսական աճը տեսանելի է: Տնտեսական աճի միտումներ որոշ ոլորտներում կան, բայց, իհարկե, կան նաև անկումներ: Կարևոր է գնահատել՝ այդ աճն ի՞նչ է իրականում ստեղծում. կարևորությունը թվերի մեջ չէ, այլ, թե ինչ ենք շահում, ու այդ ցուցանիշները բավարա՞ր են Հայաստանի համար, թե՞ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Վերջին ցուցանիշներով՝ ներմուծման մեջ ենք կորուստներ ունենում, արտահանումը կարծես թե կարգավորվում է, կա աշխատավարձերի որոշակի աճ, էլեկտրաէներգիայի աճ՝ պայմանավորված արդյունաբերական աճի ցուցանիշներով: Բայց ի՞նչ է ստացվում. եկել-հասել ենք չնչին աճի թվերի և այդ փոքր թվերով ուզում ենք մեզ մխիթարել: Եթե հաշվենք, որ նույնիսկ 3.5% աճ ունենք, Հայաստանի պայմաններում, երբ տնտեսությունը ներդաշնակ չէ, այդպիսի փոքր ցուցանիշով մենք ի՞նչ ենք կարողանում ապահովել: Խոշոր երկրների համար 1-2% աճը զգալի թիվ է, որովհետև իրենց էկոնոմիկան հոզոր է, բայց Հայաստանի դեպքում դրանք ընդամենը 200-300 մլն դոլարի ցուցանիշ են կազմում տարվա կտրվածքով: Այդ գումարներն այնքան նվազ են, որ մեր տնտեսության մեջ՝ ինստիտուցիոնալ առումով առկա խնդիրները չեն լուծվում»,-նշեց նա:
Ըստ Գ. Մակարյանի՝ Հայաստանի ցուցանիշները երկնիշ պետք է լինեն. «Եթե նույնիսկ 5-9% լինի, բավարար չէ, 9-ից հետո նոր տեսանելի է մեզ համար: Հետաքրքիրն այն է, որ տնտեսական աճը կարծես թե կատարվում է, բայց աղքատությունը չի նվազում, գործազրկության մակարդակը նույնն է մնում. պատահական չէ, որ մյուս տարվա բյուջեում 800 մլն դոլարը նախատեսված է սոցիալական ծրագրերի համար: Ինձ մտահոգում է նաև այն, որ մյուս տարվա բյուջեում տնտեսությունը ակնհայտ գրված չէ, գրված է՝ տնտեսական հարաբերություններ, որի տակ ընդամենը 130 մլն դոլար է նախատեսված. զուտ տնտեսական մասը ուժեղ չէ արտահայտված»:
Նա նկատեց՝ այսօր բոլոր պաշտոնյաների քույրերը, փեսաները, ընկերները, եղբայրները ընդգրկված են բիզնեսի մեջ. «Այդ մարդկանց կողմից գնում է բիզնեսի աստիճանաբար զավթում, թեկուզ հանգիստ պայմաններում: Դուրս են մղվում նրանք, ովքեր բարեկամներ, ծանոթ-ընկերներ չունեն: Քանի որ այդ առումով մենք գտնվում ենք անցումային պրոցեսում, այսինքն՝ դեռ բոլոր բիզնեսները չէ, որ գրավված են, դեռ կան բիզնեսներ, որոնք մնացել են մարդկանց ձեռքում, ապա ստացվում է, որ այն մարդիկ, որոնք նախարարների բարեկամները կամ ծանոթներն են, ոչ միշտ են բոլոր հարկերը վճարում: Բնականաբար, նրանք անհավասար մրցակցություն են ձևավորում և դրա համար էլ մեզ մոտ նաև դժվարանում է հարկերի հավաքման խնդիրը:
Ես ուղղակի մտածում եմ՝ հետո ի՞նչ է լինելու: Հետո, երևի, պաշտոնափոխության կամ պաշտոնների կորցնելու պրոցեսի հետ նորից կգնա բիզնեսի փոխանցում արդեն նրանց, ովքեր նոր են պաշտոն ստացել, այսինքն՝ մրցակցային երևույթները լինելու են թելադրված պաշտոնատար անձանց հզորություններով ու նրանց կապերի միջոցով: Այսպիսի տնտեսությունը հեռանկար չունի: Ասածս դա է»: