Ծածկոցը գցել էին իրենց գլխին և քնե՞լ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Ենթադրվում է, որ մոտ օրերս այն կուղարկվի դատարան:

Գործով մեղադրյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է գնահատում կատարված նախաքննությունը, ասաց, որ դեռևս նախաքննության ընթացքում ինքը վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն էր ներկայացրել. «Միջնորդություն էի ներկայացրել և նշել, որ այն անձինք, ովքեր մեղադրող ցուցմունք են տալիս իմ պաշտպանյալի նկատմամբ, միանշանակ սուբյեկտիվ են, արհեստածին, և այդ անձնավորություններն ավելի քան ուղղորդված են: Իմ միջնորդությունը, բնականաբար, մերժվեց: Պատասխանն այն էր, որ` չեք տիրապետում քրեական գործի ողջ նյութերին: Հիմա ծանոթանալով նյութերին, այլևս տիրապետում եմ, և դարձյալ միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, խափանման միջոցը վերացվի: Դեռևս 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած այդ դեպքից անմիջապես հետո՝ հունվարի 29-ին, հարուցվել էր քրեական գործ: Հարուցվել էր ոչ թե փաստի առթիվ, այլ, որ այս, այս անձինք, մատնանշելով նաև իմ պաշտպանյալի անուն-ազգանունը, նախնական համաձայնությամբ սպանել են, այս են արել, այն են արել: Քրեական գործ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսքան երկար ու ձիգ քննություն կատարվեց 7-8 ամիսների ընթացքում, և հաստատող ոչինչ չի ավելացել այդ հարուցման որոշմանը: Գործը հարուցվել էր արհեստածին: Չունենալով բավարար հիմքեր` այդպիսի բովանդակությամբ քրեական գործ էին հարուցել: Որպեսզի հաստատեն այն փաստական տվյալները, որ ներդրել էին գործում, կարծես թե կարմիր թելի նման քանոնով գծել էին և սկսել ուղղորդել սուբյեկտիվ, արհեստածին ցուցմունքներով»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին արարքը մեղսագրվում է միայն այդ սուբյեկտիվ ցուցմունքների հիման վրա: Նրա խոսքով՝ բազմատեսակ և բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, և գոնե մեկով նշույլ անգամ գոյություն չունի իր պաշտպանյալի՝ այդ հանցագործությանն առնչության վերաբերյալ:

Փաստաբանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ և իր համոզմամբ՝ ցուցմունքներ տրվել են հոգեբանական ճնշման արդյունքում. «Քանի որ, եթե հանկարծ այդպիսի ցուցմունքներ չտան, նրանց կհեռացնեն իսկապես Ռազմական ուսումնարանից: Եվ զարմանալին այն էգ սպանվածի կամ մահացածի խցակից ընկերների ցուցմունքից ընդամենը մի էպիզոդ ասեմ, որ, երբ վնասվածք պատճառեցին, իրենց ներկայությամբ Հայկազ Բարսեղյանի նկատմամբ միջադեպը տեղի ունեցավ, իրենք վախից կամ չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչից, ծածկոցը գցել են իրենց գլխին և քնել. միայն առավոտյան տագնապից հետո ոտքի հանեցին, որ փնտրեն Բարսեղյանին:

Այս պայմաններում, եթե դրանք օբյեկտիվ ցուցմունքներ են, և միանշանակ օբյեկտիվ է նաև այն, որ իմ պաշտպանյալն այլ անձանց հետ մուտք է գործել այդ խուցը և ինչ-որ հանցագործություն կատարել, այնուհետև եղել է այն, ինչ նկարագրեցի, միանշանակ էր, որ խցակից ընկերներ կոչվածները կատարել են քրեորեն հետապնդելի հանցագործություն՝ հանցագործության պարտակում: Այն դեպքում, երբ զինվորական կանոնադրության համաձայն՝ նույնիսկ, եթե որևէ զինվորի, կուրսանտի բերանից ալկոհոլի հոտ է փչում, նրանք պետք է վազելով գնան և հերթապահին զեկուցեն այդ մասին: Այս պարագաներում հանկարծ ծածկոցը գցել են իրենց գլխներին ու քնել»:

Կարդացեք նաև

Փաստաբանն ասաց, որ այս ցուցմունքները նախաքննական մարմինն արժանահավատ է համարել, և հարց հնչեցրեց, թե եթե դրանք արժանահավատ են, ինչո՞ւ նրանց քրեական պատասխանատվության հարց չեն բարձրացրել: «Լավ, գլուխը` քարը. նրանց առնվազն ծառայողական քննության արդյունքում պետք է հեռացնեին ուսումնական հաստատությունից: Դա նորմալ երևույթն է. բայց արի ու տես՝ զարմանք. այդ անձինք կարծես թե պետական պաշտպանության տակ են վերցվել, և նրանց առաջխաղացում է տեղի ունեցել՝ տարել են Խամփերյանցի անվան ռազմաօդային զինվորական ուսումնարան, և այլն, և այլն: Այսպես չի լինում ախր, սա նշանակում է, որ նրանց պատվար են հանդիսացել, սատար են կանգնել՝ այդպիսի ցուցմունք տվեք, տեսեք՝ ձեզ ինչպիսի վերելք է սպասվում»,- ասաց Հ. Արսենյանը:

Նա նշեց, որ ցանկացած հանցագործություն պետք է բացահայտվի, և իսկապես հանցագործություն կատարած անձը պետք է պատասխանատվության ենթարկվի. «Բայց այսպես չպետք է բացահայտվի՝ մարդկանց ճակատագրերը կործանելով, ապացույցներ չունենալով, արհեստածին ապացույցներ ստեղծելով: Սա իմ վերաբերմունքն է և համոզմունքն այս գործի հետ կապված: Ավելին՝ ժամանակի ընթացքում»,- ասաց նա: Մեր հարցին, թե հասկանում է՝ ինչո՞ւ են ցանկանում իր պաշտպանյալին, իր խոսքով ասած, արհեստածին ապացույցներով քրեական պատասխանատվության ենթարկել, նա պատասխանեց. «Ինչպե՞ս, պետք է բացահայտում ցույց տան»:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Հովիկ Արսենյանն ավելի վաղ հայտնել է, որ նա սպանության համար առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեր հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի նա այս մեղադրանքի վերաբերյալ, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Գիտե՞ք ցավն ինչումն է. իրավապահ մարմինները (բայց ուր է թե` իրավապահ, չգիտեմ՝ ինչ մարմիններ օգտագործեմ) շատ լավ իմանալով, որ սա արհեստածին է, սկսել են այս ամիսների ընթացքում փնտրտուքների մեջ ընկնել՝ այն չորս անձինք, որոնց ձերբակալել են, կալանավորել են, մեղադրանք են առաջադրել, էլ ի՞նչ են կատարել, էլ ի՞նչ հոդված կարող են դնել:

Այսինքն՝ իրենք կասկածում են այն ծանր հանցագործության կատարման մեջ, դրա համար հերթապահ հոդված են փնտրել: Եվ պատկերացրեք, իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվում, որ դեռևս 2014թ. սեպտեմբերի 2-ին թե 6-ին ինչ-որ եղունգկտրիչով մեկի ճակատին հարվածել է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ստացվում` այն դեպքում, յուրաքանչյուր երեկո, երբ գիշերակացից առաջ հավաքվում են, կանգնած են լինում, նայում են յուրաքանչյուր կուրսանտի՝ ո՞ղջ է, առո՞ղջ է, վնասվածքներ ունի՞, թե՞ ոչ: Գոյություն չի ունեցել, ինչո՞վ կարող են բացատրել, թե իբր նա հարվածել է:

Ընդ որում, տուժել է խցակիցներից մեկը: Բարսեղյանի խցակիցներն են: Չգիտեմ, անհասկանալի մի երևույթ է տեղի ունենում, կարող է նաև մանկապարտեզի մակարդակի երևույթներ են: Չեմ կարողանում հասկանալ: Բոլոր դեպքերում հերթապահ հոդված են դրել: Այս պարագաներում, երբ վերլուծում ենք, ստացվում է, ա՛յ մարդ, այդ ռազմական ուսումնարանում բա ոչ մի կարգ ու կարգապահություն չի՞ եղել, այս ի՞նչ է այնտեղ կատարվել՝ ամեն օր մարդ են ծեծե՞լ, մարդ են խփե՞լ, այս ի՞նչ աննորմալություններ են այնտեղ եղել, գողական օրենքնե՞ր են աշխատել:

Ինչպե՞ս կարող էր այդպես լինել: Այդքան էլ բարդակ չի եղել, չէ՞: Այս գործն ուսումնասիրելիս` արդեն այդպես ես հասկանում՝ հեղինակազրկել են ամեն ինչ՝ միայն մեկ նպատակի հասնելու համար՝ տեսեք՝ իբր այս մարդիկ մշտապես, շարունակական բաներ են իբր թե կատարել»:

Հ. Արսենյանը միաժամանակ հայտնեց, որ ըստ իր պաշտպանյալի ծառայողական բնութագրի՝ նա 5 անգամ խրախուսվել է, երկու օրը մեկ անգամ վերակարգում է նշանակվել, գերազանց սովորել է, ոչ մի խախտում, նկատողություն չի ունեցել. «Դա ինչպե՞ս կբացատրեն»: Մեր հարցին, թե ըստ ցուցմունքի՝ ի՞նչ հարաբերություններ է ունեցել Նորիկ Սահակյանը Հ. Բարսեղյանի հետ, փաստաբանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ մի հարաբերություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս